Հարավային Օսիան Վրաստանից պահանջել է մինչև ուրբաթ առավոտ՝ օգոստոսի 30-ը, հեռացնել սահմանին՝ Ուիստա (Ցնելիս) բնակավայրի մերձակայքում գտնվող ոստիկանական կետը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարավային Օսիայի պատվիրակության ղեկավար Եգոր Կոչիևի խոսքով՝ հակառակ պարագայում կգործածվեն բնակչության պաշտպանության օրինական միջոցներ։ Ի պատասխան՝ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կոչ է արել չսրել իրավիճակը։
«Ցանկանում եմ կոչ անել անձնանց, որոնք այդպիսի հայտարարություններ են հնչեցնում, զերծ մնալ այդ տեսակի հաղորդումներից, առավել ևս՝ գործողություններից»,-ասել է Ցիխելաշվիլին։