Կարծում եմ՝ Ադրբեջանում հստակ գիտակցում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրանից հետո ստեղծված իրավիճակը նոր լիցք են հաղորդելու և մեզ հնարավորություն են տալու նորովի ներկայացնելու Արցախի հարցը թե միջազգային հարթակներում, թե բանակցային գործընթացում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Բնականաբար, Ադրբեջանը դրանից ավելի քան սրտնեղած է և փորձում է իր դիրքորոշումը հաղորդել։ Հավելեմ, որ դրան հաջորդել է Ադրբեջանի ԱԳՆ ևս մեկ հայտարարություն։ Եթե չեմ սխալվում, նշվել է, որ ցանկացած պահի կվերականգնեն իրենց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ամիսներ շարունակ խոսվում էր խաղաղության մասին և Ադրբեջանից որևէ արձագանք չկար։ Դրանից հետո մենք հստակեցրինք մեր դիրքորոշումները, Ադրբեջանում էլ որոշեցին իրենց կարծիքով սուր արձագանքներ տալ այդ հարցին։ Բայց դատելով այդ արձագանքներից և Ադրբեջանի ներքին իրավիճակից, ամեն դեպքում էսկալացիայի որևէ լուրջ ռիսկ կամ հնարավորություն ես չեմ տեսնում»,-ասաց նա։