Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

«Եթե Հայաստանը նորից պատրաստ է գնալ կործանման ճանապարհով, ապա դա իր անձնական գործն է»․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Կրեմլի պրոպագանդիստական գծին հարող ռուսական լրատջամիջոցներից մեկի՝ «Правда.Ру» կայքի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան ապոկալիպտիկ եզրակացություններ է արել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի՝ լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանին ուղղված բաց նամակի բովանդակությունից:

Իր՝ «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ» վերտառությամբ հոդվածում Ստեպուշովան մասնավորապես գրել է. «Հայաստանի ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է իր պետականությունը 1918 թվականին (իրականում՝ 1920-ի դեկտեմբերին, – Ա Ս) «խորհրդայնացման» պատճառով։ Նման գաղափարախոսությամբ երկրները հիբրիդային պատերազմներ են վարում Ռուսաստանի դեմ։ Դրանց թվում են թե՛ Մերձբալթիկայի երկրները, թե՛ Վրաստանը և թե՛ Ուկրաինան»։

Հիշեցնենք, պատասխանելով Լ. Բարսեղյանի հարցադրումներին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել էր ԱԱԾ-ի գործունեությանն ու առաջնահերթություններին, մոտեցումներին, մեր երկրի հատուկ ծառայությունների անցյալին և խորհրդային տխրահռչակ հատուկ ծառայությունների՝ ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, ռուս․՝ НКВД) և ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, ռուս․՝ КГБ) հետ ՀՀ ԱԱԾ-ի առնչության մասին հարցին։

«Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ (․․․) Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են վաղուց և մեկընդմիշտ», – նամակում նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը։

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական լրահոսին հետևող ընթերցողները, անշուշտ, նկատած կլինեն, որ «հեղափոխություն/հակահեղափոխություն» տրամաբանությամբ մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին զուգահեռ ակտիվացել են խոսակցությունները, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» մասին։ Ընդ որում, դրա մասին խոսել են ոչ միայն շարքային գործիչներն ու փորձագետները, այլև հանրապետության առաջին դեմքերը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ներկա քաղաքական իշխանության այլ ներկայացուցիչների։ Եվ հետաքրքիրն այն է, որ խոսքը հիմնականում այն մարդկանց կամ ուժերի մասին էր, որոնց հռետորաբանությունը լիովին համապատասխանում է 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից և հատկապես Քոչարյանին, Խաչատուրովին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Փաշինյանի ու իր թիմի դեմ պարբերաբար տեղեկատվական արշավներ իրականացնող ռուսական քարոզչամեքենայի հռետորաբանությանն ու բառապաշարին։ Ռուսական պետական և մերձկրեմլյան հեռուստաալիքները, լրատվական այլ միջոցները պարբերաբար ռեպորտաժներ են հեռարձակում, նյութեր հրապարակում՝ բացահայտորեն ու անթաքույց լկտիությամբ միջամտելով Հայաստանի ներքին գործերին։ Դրանցում, օրինակ, նշվում է, թե իբր 2018 թ. հեղափոխությունը «սորոսականները», Արևմուտքն են կազմակերպել[1]։ Էլ չենք խոսում Պուտինի մտերիմ ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին բացահայտորեն աջակցող ռեպորտաժների մասին, որոնցում նշվում է, թե նրա նկատմամբ «վենդետա», «քաղաքական հետապնդում» է իրականացնում։ Մասնավորապես, ռուսական Առաջին պետական ալիքը հունիսի վերջին մի տեսանյութ հրապարակեց, որում ռուսաստանցի մի փորձագետ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապում էր ղարաբաղյան հիմնախնդրի և զիջումների գնալու Փաշինյանի ենթադրյալ ծրագրերի հետ. «Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան ազդեցիկ կլանի ներկայացուցիչ է: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է սասանել նրանց ազդեցությունը: Ու Քոչարյանի կալանավորումը դրա ձևերից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցում անմիջապես կառաջացնի ընդհանուր առմամբ ղարաբաղցիների և, մասնավորապես, այս կլանի դիմադրությունը, որի ներկայացուցիչներն են Սարգսյանը և Քոչարյանը»։

Վերոշարադրյալից տրամաբանական հարց է բխում՝ Հայաստա՞նն է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում, թե՞ ընդհակառակը՝ Ռուսաստանը Հայաստանի։

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային առնչվող մի շարք հարցեր մեկնաբանել է «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Պարոն Տրոֆիմչուկ, ստացվում է, որ եթե հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ի ղեկավարը, հիշեցնում է հանրահայտ փաստեր այն մասին, որ Հայաստանը 1920-ին կորցրել է անկախ պետականությունը և ավելի ուշ ընդգրկվել է ԽՍՀՄ կազմի մեջ, ապա Հայաստանը, «նման գաղափարախոսությամբ», ինչպես և Մերձբալթիկայի երկրները, Վրաստանը, Ուկրաինան, «հիբրիդային պատերա՞զմ է վարում Ռուսաստանի դեմ»: Այսօրվա անկախ Հայաստանն իրեն համարում է առաջին Հանրապետության (1918-1920 թթ.), ոչ թե խորհրդային Հայաստանի իրավահաջորդը: Սա ի սկզբանե՝ 1991-ից որդեգրված պաշտոնական դիրքորոշում է, երբ Հայաստանը կրկին անկախացավ: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը, եթե չեմ սխալվում, ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Պարզապես հետաքրքիր է՝ ո՞րն է այստեղ սխալը, կամ ի՞նչ զարմանալի, սենսացիոն բան կա սրա մեջ, որի մասին Ռուսաստանում առաջին անգամ են լսում: Եվ ինչո՞ւ է փաստերի արձանագրումը գնահատվում որպես «գաղափարախոսություն» (առավել ևս՝ ռուսական շահերին հակասող) և հանգեցնում նման եզրակացությունների:

– Ընդհանրապես ես դեմ եմ «հիբրիդային պատերազմ» բառակապակցությանը, որն այսօր քաղաքական հակառակորդները չափից շատ են օգտագործում և միմյանց ճակատին շպրտում: Ընդ որում, այս եզրույթի մեջ որևէ նորություն չկա, քանի որ հիբրիդային պատերազմի տարրերը ակտիվորեն կիրառվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում, առավել ևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Այլ խոսքերով՝ այս շտամպը, շաբլոնը մեզ ոչինչ չի ասում, այդ թվում այն դեպքում, եթե խոսում ենք ժամանակակից Հայաստանի ռազմավարության մասին:

Նիկոլ Փաշինյանի ժամանակների Հայաստանը, Ռուսաստանի տեսանկյունից, շարունակում է մնալ մինչև վերջ չհասկացված երևույթ՝ ոչ լիովին հասկանալի առաջնահերթություններով: Ես դեռ մեղմ եմ ասում: Այստեղից էլ առաջանում են կասկածները Երևանի պահվածքի «հիբրիդային» բնույթի և ավելին, 1991 թ. նմուշի՝ կրկին բողոքի ցույցերով փողոց դուրս եկած ռուսաստանյան ռադիկալ լիբերալներին ուղղակի աջակցելու մեջ: Բայց «պատերազմ» բառը ես սկզբունքորեն չէի կիրառի հայ-ռուսական համատեքստում:

Խոսելով այն մասին, որ Հայաստանն իր պետականության հաշվարկն անում է՝ սկսած 100 տարի առաջ ձևավորված հանրապետությունից, պետք է նկատել, որ փլուզված ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր հանրապետությունները հաշվարկի համար հենց այդ սանդղակն են կիրառում: Այնպես որ՝ այստեղ հիմքեր չկան ո՛չ սենսացիայի, ո՛չ էլ իրական մեղադրանքների համար: Ընդ որում, անձամբ ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանը պատրաստ է իր հսկայական պատմությունից ինքնակամ դուրս շպրտել խորհրդային շրջանը: Բավական է միայն թերթել խորհրդային գլխավոր ամսագրի՝ «Օգոնյոկի» հին համարները և կհամոզվեք, որ Հայաստանն այդքան գեղեցիկ երբեք չի եղել, որքան ժողովուրդների այդ ընտանիքում և, ըստ ամենայնի, այլևս երբեք չի լինի:

Բայց ընդծգում եմ՝ դա Հայաստանի քաղաքացիների անձնական որոշելիք հարցն է՝ սեփական պատմության այս կամ այն կտորը կտրել-հանել, թե թողնել: Բայց ես համոզված եմ, որ նշված շրջանը սեփական պատմությունից ջնջելը թուլացնում է Հայաստանը: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայերն այլևս երբեք չեն ստանա այդպիսի մեծ սոցիալական փաթեթ, ինչպիսին ստացան ԽՍՀՄ-ում: Ես ամենևին էլ կոչեր չեմ անում վերադառնալու Ռուսաստանի կազմի մեջ: Պարզապես նման բաները դարեր շարունակ չեն մոռացվի:

Անկախ Հայաստանը միշտ էլ ավելի թույլ է եղել, քան խորհրդային հանրապետությունների կազմում: Սակայն եթե Հայաստանն, այնուամենայնիվ, պնդում է, որ առանց Ռուսաստանի իր համար շատ ավելի լավ է եղել, ապա դա կարելի է համարել քաղաքական դիրքորոշում և քաղաքական հայտարարություն՝ արված հստակ նպատակով:

Իսկ եթե խոսենք Ռուսաստանի Դաշնության մասին, ապա նա իսկապես իրեն համարում է ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, բայց ոչ երբեք Ռուսական կայրության, առավել ևս ծովակալ Կոլչակի հանրապետության իրավահաջորդը: Այսինքն՝ այս պարագայում բոլորովին այլ չափանիշ է կիրառվում:

– Իր նամակում ՀՀ ԱԱԾ տնօրենը մասնավորապես գրում է. «Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են վաղուց և մեկընդմիշտ»: Իսկ ի՞նչ է, Ռուսաստանում արդեն հասցրել են մոռանա՞լ ստալինյան ռեժիմի ոճրագործությունները, ստալինյան բռնաճնշումները վերագնահատվե՞լ են: Տասնյակ հազարավոր և միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ հազարավոր հայերի, հայ մտավորականության զգալի մասի աքսորը, գնդակահարությունները այլևս հանցագործություն չե՞ն համարվում: Դրանք այլևս չե՞ն դատապարտվում՝ Ռուսաստանում ընկեր Ստալինի վարկանիշի կտրուկ թռիչքի ֆոնին: Ի դեպ, պիտի նկատեմ, որ «Պրավդայի» մեկնաբանը բացասական լույսի տակ է գնահատում Վանեցյանի խոսքերը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ԱԱԾ-ն, որպես ինստիտուտ, իր մոդելով շարունակում է հայ հասարակության զգալի մասի կողմից ընկալվել որպես խորհրդային КГБ-ի ավանդույթները, գործելաոճը շարունակող կառույց: Իսկ Վանեցյանն այսօր հրապարակային բանավեճի մեջ է քաղաքացիական հասարակության՝ «արևմտամետ» հայացքներ ունեցող մի քանի ներկայացուցիչների հետ:

– Եթե Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարությունը չի ցանկանում իրեն «նույնականացնել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ», ապա դա խոսում է այն մասին, որ նման թրենդը կարող է շարունակություն ունենալ, և ինչ-որ մի փուլում Երևանում կսկսեն քանդել խորհրդային շրջանի հուշարձանները: Սա հետխորհրդային շրջանին բնորոշ երևույթ է: Այնպես որ՝ ես առնվազն կզգուշանայի և ուշադրություն կդարձնեի նման հայտարարություններին: Չեմ ուզում պատմության դասեր տալ հայ ընթերցողներին՝ համոզելով նրանց ակնհայտի մեջ՝ որ կյանքը ԽՍՀՄ-ում չէր սահմանափակվում միայն Ստալինով և գուլագներով: Համոզմունքը դրանում գործնականում նույնական է ռուսաստանյան այն դեմոկրատների ու լիբերալների տեքստերին, որոնք քանդեցին երկիրը 1991-ին: Եթե Հայաստանը, հիմա արդեն սուվերեն կարգավիճակում, նորից պատրաստ է գնալ կործանման ճանապարհով, եթե առաջին անգամից դասեր չի քաղել, ապա կրկին դա իր անձնական գործն է:

Ինչ վերաբերում է Ստալինի պատմական իմիջին և անընդհատ աճող վարկանիշին, ապա պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ամեն ինչ համեմատության մեջ է գնահատվում: Ուստի, Ռուսաստանի շատ քաղաքացիներ կարծում են, որ նա, գնդակահարելով կոռուպցիոներներին, միանգամայն ճիշտ է վարվել: Նրանց հակառակի մեջ համոզելու հնարավորություններ չկան՝ առավել ևս հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ-ը, անկախ գուլագների հանգամանքից, վերածվում է «Ոսկե լեգենդի», որի հետ չի կարող վիճել ոչ մի լիբերալ:

Ես նաև կավելացնեի հետևյալը. վերադարձը Խորհրդային միությանը անհնար է, ուստի նաև հիմք չունեն Ռուսաստանի Դաշնությանը հասցեագրված այն քողարկված մեղադրանքները, որ նա իբր թե գնում է ԽՍՀՄ-ի վերականգնման ճանապարհով: Եթե ՌԴ-ն ԽՍՀՄ-ի պես անվճար բնակարան, կրթություն և առողջապահություն առաջարկեր՝ միլիոնավոր հայեր ոտքով կգային Ռուսաստան՝ հաղթահարելով ցանկացած սահման և ի հեճուկս գուլագների մասին լիբերալների պատմական էսսեների:

Ժամանակակից Ռուսաստանը, այս կամ այն տարբերությամբ, սովորական ժողովրդավարական երկիր է՝ շուկայական տնտեսությամբ: Եթե խոսենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին, ապա այս ոլորտում էլ որևէ ընդհանրություն չկա Խորհրդային միության հետ: Եթե խորհրդային Մոսկվան փող և ռեսուրսներ էր տալիս այլ երկրներին, ապա խստորեն վերահսկում էր նրանց քաղաքական կուրսը: Այսօր դրան անգամ մոտ բան չկա: Ուստի, նմանատիպ համեմատությունները տիպիկ հիմարություն են՝ ներշնչված դեմոկրատների (նույն լիբերալների) կողմից:

– Իսկ ինչո՞ւ եք խեղաթյուրում հարցի էությունը ու ասում, թե իբր «Հայաստանը պատրաստ է իր հսկայական պատմությունից ինքնակամ դուրս շպրտել խորհրդային շրջանը»։ Անշուշտ, ինչպես ինքներդ նկատեցիք՝ մեր անձնական գործն է՝ ինչը հանել մեր պատմությունից, ինչը թողնել և ինչը ինչպես գնահատել։ Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի նորանկախ պետականության ողջ շրջանում՝ գրեթե 30 տարիների ընթացքում, պետական մակարդակով չի եղել որևէ փորձ պատմությունից, ինչպես Դուք բնութագրեցիք, «դուրս շպրտել» խորհրդային շրջանի 70 տարիները։ Այլապես պատմության դասագրքերում որևէ հիշատակում չէր լինի այդ շրջանի մասին։ Իսկ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ նշված շրջանը մանրամասնորեն շարադրված ու նկարագրված է հայկական դպրոցների և բուհերի դասագրքերում։ Դա չէ հարցը։ Խոսքն այստեղ խորհրդային շրջանի վերանայման ու վերագնահատման մասին է Հայաստանի պատմության համատեքստում։ Խոսքն այնպիսի հասկացությունների մասին է, ինչպիսին Անկախությունն է, որը ոչ թե պարզապես մի բառ է, այլ բացարձակ արժեք, նպատակ, երազանք, որին հայերը ձգտել են հարյուրավոր տարիներ և որը, մեղմ ասած, հակասության մեջ է մտնում Հայաստանի խորհրդայնացման և ԽՍՀՄ-ում Հայաստանի կարգավիճակի հետ։ Այո, խորհրդային տարիներին եղել է և՛ լավը, և՛ վատը, ու Խորհրդային միության պատմությունը, անշուշտ, չի սահմանափակվել ստալինյան ժամանակաշրջանով, բռնաճնշումներով և գուլագներով։ Լավ ժառանգությունը գնահատվում և պահպանվում է։ Այդ թվում՝ ճարտարապետությունը, մշակույթը և այլն։ Դա չէ հարցը։ Հարցն այս պարագայում սկզբունքային է՝ եղե՞լ ենք անկախ խորհրդային շրջանում։ Եվ ի՞նչ է ընդհանրապես անկախությունը։ Դա ժողովրդի, ազգի հավաքական ազատությունն է, երբ նա ինքն է իր ճակատագիրը որոշում։ Իսկ ունեի՞նք մենք մեր ճակատագիրը տնօրինելու և որոշելու հնարավորություն, երբ նույն խորհրդային իշխանությունը, ավելի կոնկրետ՝ բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարությունը, դաշինք կազմելով քեմալական Թուրքիայի հետ, բաժանում էր Հայաստանի հողերը՝ 1921 թ մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրի հիման վրա։ Կամ երբ Լեռնային Ղարաբաղը՝ ճնշող մեծամասնությամբ հայերով բնակեցված այդ շրջանը, պարզապես նվիրեցին Ադրբեջանին, և մեր տարածաշրջանն այնպիսի ծանր ժառանգություն ստացավ, որ մինչ օրս չենք կարողանում ուշքի գալ և հաղթահարել այդ խնդիրը։ Եվ խորհրդային կառավարությունը այդպես է վարվել շատ ու շատ վիճելի տարածքների հետ։ Դուք դա ինձնից էլ լավ գիտեք։ Բայց չգիտես թե ինչու՝ Ձեր խոսքում նույնիսկ ակնարկ չկար ստալինյան բռնաճնշումներն ու չեկիստների ու ՆԿՎԴ-ի աշխատակիցների գործած վայրագությունները դատապարտելու մասին։ Փոխարենը Դուք փորձում եք մանիպուլյացիաներ անել, պրիմիտիվացնում եք ամեն ինչ, ծայրահեղականացնում և շատ նորմալ ու բնական երևույթը՝ այն, որ ՀՀ ԱԱԾ-ի ղեկավարությունը իրեն չի նույնականացնում ստալինյան դահիճների ու գուլագների հետ և ընդգծում է, որ նման գործելաոճը անընդունելի է մեզ համար, հավասարեցնում եք այն ենթադրյալ հեռանկարի հետ, որ եթե այսօր այդպես են ասում՝ վաղն էլ կարող են քանդել խորհրդային շրջանի հուշարձանները և դուրս շպրտել խորհրդային շրջանը իրենց պատմությունից։ Այսինքն՝ այն, կատարվել է ստալինյան գուլագներում, նորմա՞լ եք համարում։ Ամեն դեպքում հիշեցնեմ, որ ստալինյան գուլագներում և բանտերում սպանվել են հարյուր հազարավոր անմեղ մարդիկ, տուժել են միլիոնավորները։ Այդ նույն ստալինյան դահիճների ձեռքով սպանվել ու բռնադատվել է հայ մտավորականության մի զգալի մասը, այդ թվում՝ հայ հանճարեղ գրող Չարենցը, որին ձերբակալել էին այդ տարիներին շատ տարածված շինծու մեղադրանքներով՝ «հակահեղափոխական», «նացիոնալիստ», «տրոցկիստ» և այլն։ Դուք այս փաստերն ընդունո՞ւմ եք, ճանաչո՞ւմ եք։

– Հայաստանն իրավունք ունի ինքը գնահատել իր անկախության մակարդակը ԽՍՀՄ-ի կազմում, ինչպես նաև համապատասխան ձևով ներկայացնել 20-րդ դարին առնչվող պատմական փաստերը հայկական դպրոցների դասագրքերում։ Հարցն այլ է՝ խորհրդային շրջանի խնդիրները, այդ թվում՝ ստալինյան բռնաճնշումները, գուլագներում տեղի ունեցածը բացահայտելուց, մերկացնելուց հետո հայերը սկսեցի՞ն ավելի լավ և հարուստ ապրել։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը, բայց չեմ ուզում դա փաթաթել հայկական լսարանի վզին։ Եթե հայ հանրությունը կարծում է, որ հենց ժողովրդավարությունը, ի տարբերություն «անիծյալ, ճամբարային, ստալինյան» սոցիալիզմի, ի զորու է հրաշքներ գործել, ապա մնում է միայն փորձել դա պրակտիկայում։

– Եվ մյուս կարևոր հարցը՝ ո՞վ է ում դեմ հիբրիդային պատերազմ վարում. Հայաստանը Ռուսաստանի՞, թե՞ հակառակը: Ռուսաստանյան պետական հեռուստաալիքները և կառավարության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները ժամանակ առ ժամանակ ռեպորտաժներ են անում, որոնցում բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ նշելով, թե իբր հեղափոխությունը Հայաստանում «սորոսականներն» են կազմակերպել: Կամ ռեպորտաժներ, որոնցում բացահայտորեն պաշտպանում են Քոչարյանին՝ նրան անվանելով «քաղբանտարկյալ»: Սրա վառ վկայությունը Ռուսաստանի «Առաջին ալիքի» ռեպորտաժն էր, որում ռուսաստանցի մի փորձագետ պնդում էր, թե չեզոքացնելով «ղարաբաղյան ազդեցիկ կլանի ներկայացուցիչ» Քոչարյանին՝ Փաշինյանի համար ավելի հեշտ կլինի զիջումներ անել Ղարաբաղի հարցում: Նկատենք, որ նույն Քոչարյանի կողմնակիցները և ընդհանրապես նախկին ռեժիմի ներկայացուցիչները, կողմնակիցները նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս՝ շահարկելով Ղարաբաղի հարցը և հայտարարելով, թե իբր Փաշինյանը եկել է «ծախելու Ղարաբաղը»: Թեև մինչ օրս չենք տեսել ոչ մի փաստ, նույնիսկ նշան, ակնարկ Փաշինյանի հայտարարություններում, մոտեցումներում, գործողություններում, որոնք կհուշեին, որ նա պատրաստվում է ոչ տրամաբանական զիջումների գնալ Արցախի հարցում: Ճիշտ հակառակը: Կարծում եմ՝ ինձնից էլ լավ եք հիշում Փաշինյանի այն հայտարարությունները, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չենք քննարկելու և չենք խոսելու փոխզիջումների մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ: Եվ ուրեմն, ո՞վ է իրականում հիբրիդային պատերազմ վարում:

– Ռուսաստանը Քոչարյանին չի պաշտպանում, պարզապես նա իր տեսակետն ունի այս խնդրի վերաբերյալ: Իսկ դա Հայաստանի համար իսկապես խնդիր է, ոչ թե պարզապես ընթացիկ մի հարց: Եթե Մոսկվան պաշտպաներ Քոչարյանին՝ նրան ազատելու գործնական հնարավորություններ անպայման կգտներ: Բայց առայժմ Մոսկվան հետևում է տեղի ունեցող իրադարձություններին՝ անելով իր եզրակացությունները: Ռուսաստանը նաև չխառնվեց Փաշինյանի իշխանության գալու պրոցեսին: Հակառակ պարագայում ազդելու գործիքներ կգտներ նաև այստեղ: Կարծում եմ՝ քչերն են դրանում կասկածում: Իսկ եթե Փաշինյանով հմայված հայերն ուզում են պոկել բոլոր խողովակները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ գազատարները, ապա դա անելը երբեք էլ ուշ չէ: Անձամբ ես երբեք որևէ մեկին որևէ բանում չէի փորձի համոզել: Բայց Ռուսաստանի ղեկավարությունը ծայրաստիճան պատասխանատու է գործում և բախտի քմահաճույքին չի թողնում Հայաստանը՝ նույնիսկ այս՝ քիչ հասկանալի նոր իշխանությամբ հանդերձ:

Նիկոլ Վլադիմիրովիչի ղարաբաղյան քաղաքականության մասին երկար խոսելն անիմաստ է, քանի որ նա չի եկել «հանձնելու»: Ակնհայտ է, որ նա եկել է փոխելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի ողջ ընթացքը: Եվ այս հարցի առնչությամբ արված բոլոր հայտարարությունները, փոփոխությունները խոսում են միայն մի բանի մասին՝ տարածաշրջանը նորից ներքաշում են պատերազմի մեջ:

Իսկ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է, պիտի կրեն ողջ պատասխանատվությունը Հայաստանում և նրա շուրջ իրավիճակի զարգացման համար, նույնիսկ եթե փորձեցին դեպի ստվեր գնալ ինչ-որ մութ պայմանավորվածությունների շնորհիվ:

Ինչ վերաբերում է մեծ թվով արևմտամետ, ոչ կոմերցիոն կազմակերպություններին, որոնք գործում են Հայաստանում, ապա դա ակնհայտ փաստ է, որը վիճարկելը շատ դժվար է: Եթե դրանք կօգնեն հայերին հասնելու այնպիսի լուսապայծառ կյանքի, որից կխամրի նույնիսկ խորհրդային մեծ սոցիալական փաթեթը, ապա կարելի է նրանց հաջողություն մաղթել: Միայն թե, ցավոք սրտի, պրակտիկան դա չի հաստատում:

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Армения становится центром экспорта революции»: российский Первый канал — видео»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում