Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի պատասխանը Lragir.am-ի հարցին
– Պարոն Մայիլյան, հունիսի վերջին Դուք ընդունել էիք Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են Արցախի իշխանությունների և Թրանսփարենսի ինթերնեշնլի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Եւ ահա, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից զգալի գումար է հատկացրել՝ այս տարվա սեպտեմբերին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
– Ձեր հիշատակած հանդիպման ժամանակ ընդգծել եմ ու հիմա էլ հաստատում եմ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:
Ճիշտ որոշում եմ համարում այս տարվա սեպտեմբերին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից որոշակի գումարի հատկացումը, որի նպատակն է ՀՀ կողմից հավելյալ երաշխիքների ստեղծումը Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման համար։
Առավելևս, որ դա կնպաստի դիտորդական տեղական ցանցի, տեղական կարողությունների զարգացմանը և արդիական փորձի ձեռքբերմանը։ Վստահ եմ, որ սրանով սկիզբ կդրվի Արցախի քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը միտված համակարգված աջակցությանը: Ողջունում եմ Արցախում առանց չնչին իսկ վերապահման ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման դիտարկումը որպես համահայկական առաջնահերթություն։