«Քննչական կոմիտեն, որն իր եզրակացությանն է հանգել անհասկանալի ճանապարհով, այս պահին լծվել է այդ եզրահանգումը լեգիտիմացնելու, դա տրամաբանական դարձնելու աշխատանքին և այդ հարցում ջանքեր չի խնայում, այդ թվում նաև՝ «Լիդիանի» պատրաստած տեսանյութը շրջանառելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութին:
Նրա խոսքով՝ «Լիդիանի» և Քննչական կոմիտեի միջև հիմա կա լիակատար փոխըմբռնում. «Բայց սա նաև վկայում է այն մասին, որ բացարձակապես գոյություն չունի նման իրավիճակներում աշխատելու փորձ, ունակություն: Սվաղելու գործընթաց է գնում, քանի որ պարզվում է՝ տեսանյութը մեկ տարի առաջ այդ ընկերությունն է պատրաստել, ընդ որում՝ դրա բովանդակությունը խնդրահարույց է, և լիքը հարցեր կան»:
«Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ իշխանության տարբեր հատվածներ փորձում են լեգիտիմացնել այն որոշումը, որն արդեն լատենտ մակարդակում թերևս ընդունվել է. «Սա լուրջ խնդիր է, իսկ մնացածը արդեն տեխնիկական խնդիրներ են»:
Մեր զրուցակիցը նշեց, որ առանց խզվելու շարունակում է իրականացվել նախկին քաղաքականությունը. «Փոխվարչապետի և իշխող ֆրակցիայի պատգամավորների մակարդակով նշվում է՝ եթե դուք ուզում եք ունենալ մարտունակ բանակ, հանքի շահագործումը պետք է: Իսկ հեղափոխությւոնը ենթադրում է բոլոր մակարդակներում հեղափոխություն՝ սկսած գիտակցությունից և մոտեցումներից. ի՞նչ պետություն ենք մենք ընդհանրապես ուզում ունենալ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: