Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
09:21
Auto Draft
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Ռուսները հիբրիդային պատերազմի են պատրաստվում Հայաստանի դեմ. Պատրուշևը եկավ զգուշացնելու

«Դա լինելու է, օրինակ, տրանսպորտային կոլապսի տեսքով։ Լինելու են դիվերսիաներ՝ ամենայն հավանականությամբ մետրոյում, լինելու են գազի և լույսի անջատումներ։ Դա է հիբրիդային պատերազմը, որին ենթարկվելու է Հայաստանը… Փաստորեն, Արցախում մայիսից մինչև օգոստոսի 5-ը դիտում էինք պետական հեղաշրջման փորձ։ Ընդ որում, այդ պետական հեղաշրջումը պետք է արտահանվեր Հայաստան, Արցախն ընտրված էր որպես «աքիլեսյան գարշապար»։ Բայց քանի որ մեր վերնախավերի երկու մասերը՝ տերպետրոսյանական և սերժսարգսյանական ուժերը միացան երրորդ մասի՝ քոչարյանական ուժերի դեմ, դրա շնորհիվ կարողացանք պահպանել անվտանգությունն ու կայունությունը Արցախում։

Սակայն հաջորդ հարվածը լինելու է արդեն Հայաստանում, որովհետև այն, ինչ չհաջողվեց КГБ-ին և Կրեմլին Արցախում, իրենք անելու են Երևանում։ Եվ մեզ հաշված շաբաթներ են բաժանում այդ զարգացումներից։»։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի պատասխան նամակը հայտնի լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանին լայն քննարկման առարկա դարձավ հանրության շրջանում և մեդիափորձագիտական տիրույթում։ Բայց քչերը կենթադրեին, որ նամակում տեղ գտած մտքերը թույլ կտան ռուսական մերձկրեմլյան լրատվամիջոցներից մեկի մեկնաբանին հեռուն գնացող ապոկալիպտիկ եզրակացություններ անել՝ հայտարարելով, թե «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։

Ի պատասխան Բարսեղյանի մի քանի կարևոր հարցադրումներին՝ ԱԱԾ տնօրենի օգնականը Վանեցյանի անունից անդրադարձել էր ԱԱԾ-ի գործունեությանն ու առաջնահերթություններին, մոտեցումներին, մեր երկրի հատուկ ծառայությունների անցյալին և խորհրդային տխրահռչակ հատուկ ծառայությունների՝ ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, ռուս.՝ НКВД) և ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, ռուս.՝ КГБ) հետ ՀՀ ԱԱԾ-ի առնչության մասին հարցին։

«Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ (…) Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։

Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ»,- նամակում նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը։

Եվ ահա, հիմնվելով Վանեցյանի այս հայտարարության վրա՝ ռուսաստանյան «Правда.Ру» լրատվական կայքի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան իր հոդվածում եզրակացության է եկել, թե «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։

«Հայաստանի ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է իր պետականությունը 1918 թվականին (իրականում՝ 1920-ի դեկտեմբերին. – Ա. Ս.) «խորհրդայնացման» պատճառով։ Նման գաղափարախոսությամբ երկրները հիբրիդային պատերազմներ են վարում Ռուսաստանի դեմ։ Դրանց թվում են թե՛ Մերձբալթիկայի երկրները, թե՛ Վրաստանը և թե՛ Ուկրաինան»։

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական լրահոսին հետևող ընթերցողներն անշուշտ նկատած կլինեն, որ «հեղափոխություն/հակահեղափոխություն» տրամաբանությամբ մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին զուգահեռ ակտիվացել են խոսակցությունները, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» մասին։ Ընդ որում, դրա մասին խոսել են ոչ միայն շարքային գործիչներն ու փորձագետները, այլև հանրապետության առաջին դեմքերը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ներկա քաղաքական իշխանության այլ ներկայացուցիչների։ Եվ հետաքրքիրն այն է, որ խոսքը հիմնականում այն մարդկանց կամ ուժերի մասին էր, որոնց հռետորաբանությունը լիովին համապատասխանում է 2018 թ. թավշյա հեղափոխությունից և հատկապես Քոչարյանին, Խաչատուրովին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Փաշինյանի ու իր թիմի դեմ պարբերաբար տեղեկատվական արշավներ իրականացնող ռուսական քարոզչամեքենայի հռետորաբանությանն ու բառապաշարին։ Ռուսական պետական և մերձկրեմլյան հեռուստաալիքները, լրատվական այլ միջոցները պարբերաբար ռեպորտաժներ են հեռարձակում, նյութեր հրապարակում՝ բացահայտորեն ու անթաքույց լկտիությամբ միջամտելով Հայաստանի ներքին գործերին։ Դրանցում, օրինակ, նշվում է, թե իբր 2018 թ. հեղափոխությունը «սորոսականները», Արևմուտքն են կազմակերպել[1]։ Էլ չենք խոսում Պուտինի մտերիմ ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին բացահայտորեն աջակցող ռեպորտաժների մասին, որոնցում նշվում է, թե նրա նկատմամբ «վենդետա», «քաղաքական հետապնդում» է իրականացվում։ Մասնավորապես, ռուսական Առաջին պետական ալիքը հունիսի վերջին մի տեսանյութ հրապարակեց, որում ռուսաստանցի մի փորձագետ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապում էր Ղարաբաղյան հիմնախնդրի և զիջումների գնալու Փաշինյանի ենթադրյալ ծրագրերի հետ.

«Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան ազդեցիկ կլանի ներկայացուցիչ է: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է սասանել նրանց ազդեցությունը: Ու Քոչարյանի կալանավորումը դրա ձևերից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցում անմիջապես կառաջացնի ընդհանուր առմամբ ղարաբաղցիների և մասնավորապես այս կլանի դիմադրությունը, որի ներկայացուցիչներն են Սարգսյանը և Քոչարյանը»։

Վերոշարադրյալից տրամաբանական ու միանգամայն բնական հարց է ծագում՝ Հայաստա՞նն է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում, թե՞ ընդհակառակը՝ Ռուսաստանը՝ Հայաստանի։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵԿ) համանախագահ Տիգրան Խզմալյանը։

–  Պարոն Խզմալյան, ահա այսպիսի հոդված է հրապարակվել «Правда.Ру» կայքում։ Որքան հասկանում եմ՝ սա ուղղակիորեն այն հայտնի «Պրավդա» պարբերականը չէ, բայց հիմնվել է «Պրավդա» թերթից դուրս եկած լրագրողների կողմից։ Որքանո՞վ է այս լրատվամիջոցը կապված իշխանությունների քաղաքականության հետ։

– Նախ՝ մի մոռացեք, որ «Պրավդան» այլևս գլխավոր կուսակցության գլխավոր լրատվամիջոցը չէ։ Այնպես որ՝ դա այդքան էլ էական չէ։

– Բայց սովետական կեղծարար քարոզչության ավանդույթներն ամեն դեպքում շարունակում են։

– Այո, այո։

– Հոդվածի սկզբում նշվում է, որ եթե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս կամ երկրի պատկան մարմինները, ասում ենք, որ անկախ պետականություն ենք կորցրել 1920 թ.-ին, ուրեմն «հիբրիդային պատերազմ» կամ այլ խոսքերով՝ տեղեկատվական պատերազմ ենք վարում Ռուսաստանի դեմ՝ Մերձբալթյան երկրների, Վրաստանի, Ուկրաինայի հետ միասին։ Սա անհեթեթություն չէ՞։

– Ո՛չ, դա անհեթեթություն է ֆորմալ տրամաբանության տեսակետից։ Բայց մենք գործ ունենք շատ փորձառու գիշատիչների հետ։ Իզուր չէ, որ դա «Պրավդան» է գրել։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն վերնագրին, որ իրենք են ընտրել՝ «Հայաստանը վարում է հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ՝ լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ»։

Եթե ելնենք դրանից, ապա, իհարկե, դա կարող է շոկային տպավորություն թողնել հայ ընթերցողի մոտ, սակայն ռուս ընթերցողի մոտ,- իսկ դա նախատեսված է առաջին հերթին ռուս ընթերցողների և ռուսերեն մտածողների, ռուսախոսների, ռուսամետների և «ռուսուլմանների» համար,- դա շոկային կամ հակադրվելու արձագանք չի առաջացնում։ Ճիշտ հակառակը։ Տեսեք, մենք գործ ունենք նախահարձակ պետության հետ, որը զավթել է բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիայի հետ միասին, 1920 թ.-ին։ Եվ նրանք միշտ գործում են այն տրամաբանությամբ, որը Ջորջ Օրուելը անվանել էր «երկմտություն», երբ խոսվում է մի բան, հասկացվում է մի ուրիշ բան։ «Պրավդա» անվանումն ինքնին պիտի հուշի՝ ինչի մասին է խոսքը։ «Պրավդա» բառը թարգմանաբար նշանակում է ճշմարտություն, բայց այս թերթն աշխարհին հայտնի է նրանով, որ տասնամյակներ շարունակ խայտառակ սուտ էր սփռում։

– Հիշեցի Օրուելի հանրահայտ հակաուտոպիական վեպը՝ «1984»-ը, որում պրոպագանդայով, ստով, կեղծիքներով և ուղեղների լվացմամբ զբաղվող նախարարությունը կոչվում էր «Ճշմարտության նախարարություն», պատերազմ վարող նախարարությունը՝ «Խաղաղության նախարարություն»: Կար նաև «Սիրո նախարարություն», որտեղ մարդկանց կտտանքների էին ենթարկում, և «Առատության նախարարություն», որը կարգավորում էր սննդի սահմանափակ մատակարարումը մարդկանց։

– Այո, «սուտը ճշմարտություն է», «պատերազմը խաղաղություն է» և այլն։ Հենց դա նկատի ունեի։ Այնտեղ հատուկ խոսքեր կային՝ ինչպես անվանել սուտը։ Ասեմ ավելին. 1988 թ.-ին, Սումգայիթից հետո, զայրացած մի երիտասարդ մեծ պաստառ էր պատրաստել «Պրավդայի» մասին։ Նա թերթերից կտրել էր «Պրավդա» անվանումը և թերթի բազմաթիվ կտորներով, որոնց վրա գրված էր «ПРАВДА», կազմել էր ռուսերեն «ЛОЖЬ»՝ «սուտ» բառը։ Այսինքն՝ 1988-ին մենք արդեն պատկերային ներկայացնում էինք այս հանգամանքը աշխարհին։

– Դասական անտիուտոպիա։

– Այո, այո։ Բայց սա, իհարկե, բոլորին էլ հայտնի է։ Թողնենք դա մի կողմ և հիշենք հետևյալը՝ 2016 թ. փետրվարին ես Ֆեյսբուքով և մամուլով բարձրաձայնում էի, որ ռուսները պատրաստում են խոշոր սադրանք Հայաստանի դեմ, և անգամ «Երկիր մեդիայի» ուղիղ եթերում ինձ փորձում էին հեգնել՝ հարցնելով, թե ինչու եմ ես խուճապ առաջացնում։ Ես հիմնվում էի նման կայքերի հրապարակումների, «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» («Военно-промышленный курьер») ռազմական շաբաթաթերթում Խրամչիխինի հրապարակած հոդվածի և մի քանի այլ սրիկաների վերլուծությունների վրա, որոնցում մանրամասն նկարագրվում էին Հայաստանի ռազմական կարողությունները, ստորաբաժանումների տեղակայումը, սպառազինությունը և այլն։ Դրանով նախապատրաստվում էր պատերազմը, որը սկսվեց ընդամենը երկու շաբաթ անց՝ ապրիլ ամսին։ Մարտի 16-ին «Երկիր մեդիայի» եթերով հեռարձակվեց այդ տխրահռչակ բանավեճը։

Հիմա ես նույն մտավախությամբ ու մտահոգությամբ պնդում եմ, որ Պատրուշևը[2] եկավ, և նրա գալուց մեկ-երկու օր առաջ ռուսական իշխանությունների շահերը սպասարկող մամուլը հայտարարում է այն, ինչ իրենք են պատրաստում մեր դեմ։ Եվ բնական է, որ իրենք պիտի ասեն, թե Հայաստանն է վարում պատերազմը Ռուսաստանի դեմ՝ ինչպես Վրաստանն էր իբրև թե 2008 թ.-ին հարձակվել Ռուսաստանի վրա, ինչպես Ուկրաինան էր 2014 թ.-ին հարձակվել «խեղճուկրակ» Ռուսաստանի վրա, ինչպես մինչ այդ Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանն էին հարձակվել 1939 թ.-ին։ Այս ամենը նույն տրամաբանությունն է. իրենք պատրաստվում են պատերազմի, և մենք ամեն օր տեսնում ենք այդ պատերազմի այս կամ այն նախանշանը։ Դա լինելու է, օրինակ, տրանսպորտային կոլապսի տեսքով, որն արդեն սկսվել է Վերին Լարսում այսօր, երբ 24-ժամյա անցումային կետն աշխատում է ընդամենը 3 ժամ՝ 10-ից մինչև 13։00-ն, և հենց այն պահին, երբ Հայաստանում բերքահավաք է, ու խաղողը, հում մրգերն ու բանջարեղենը պիտի ուղարկվեն մեր հիմնական շուկա՝ ցավոք սրտի, Ռուսաստան։ Լինելու են դիվերսիաներ՝ ամենայն հավանականությամբ մետրոյում, լինելու են գազի և լույսի անջատումներ։ Դա է հիբրիդային պատերազմը, որին ենթարկվելու է Հայաստանը։ Պատրուշևը եկավ զգուշացնելու այդ մասին։

– Այսինքն՝ ո՞րն էր Պատրուշևի այցի նպատակը։

– Նա եկել էր կապիտուլյացիա պահանջելու իր պայմաններով։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Պատրուշևը հիմա անչափ կարևոր դեր է խաղում պուտինյան վարչակազմում և թելադրող դեր է կատարում վերջին շաբաթներին։ Ըստ երևույթին, նա այնպիսի պահանջներ է ներկայացրել, որ անգամ մեր թուլամորթ և հաճախ փոխզիջումների պատրաստ կառավարությունը չհամաձայնեց դրան։ Այնպես որ՝ մենք շուտով տեսնելու ենք բավական լուրջ զարգացումներ, և կարելի է դա բավական հեշտ կանխատեսել։ Լավատեղյակ մարդիկ դրա մասին արդեն հայտարարել են։ Օրինակ՝ Քոչարյանը, որը բանտում «Գոլոս Արմենիի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ աշնանը լինելու են փողոցային գործողություններ, որոնք հանգեցնելու են արտահերթ ընտրությունների։ Բնականաբար, բանտում նա չէր կարողանա այդպիսի բաներ կազմակերպել։ Նա պարզապես բարձրաձայնում է այն, ինչ իրեն իր տերերն են հուշել և ասել, որ դա բարձրաձայնի։ Դա լինելու է, և այստեղ շատ կարևոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը, որից ամենայն հավանականությամբ կպահանջեն վայր դնել պատգամավորական մանդատները և առաջացնել արհեստական խորհրդարանական ճգնաժամ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով։

– Նիկոլ Փաշինյանն էլ, ակնարկելով նախկին կոռումպացված ռեժիմի ուժերին, ի լուր աշխարհի հայտարարեց, թե «դավադիր պատերազմի», անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը գործող կառավարության վրա դնելու վտանգ է տեսնում։

– Այո, ուղղակի անհեթեթությունը, որի մասին խոսում եք, այն է, որ մի կողմից՝ Փաշինյանը, Վանեցյանը հայտարարում են օտարերկրյա ուժերի ջանքերը կասեցնելու մասին… Փաստորեն, Արցախում մայիսից մինչև օգոստոսի 5-ը դիտում էինք պետական հեղաշրջման փորձ։ Ընդ որում, այդ պետական հեղաշրջումը պետք է արտահանվեր Հայաստան, Արցախն ընտրված էր որպես «աքիլեսյան գարշապար»։ Եվ այն, որ մեր վերնախավերի երկու մասերը, այսինքն՝ տերպետրոսյանական և սերժսարգսյանական ուժերը միացան երրորդ մասի՝ քոչարյանական ուժերի դեմ, դրա շնորհիվ կարողացանք պահպանել անվտանգությունն ու կայունությունը Արցախում։ Սակայն հաջորդ հարվածը լինելու է արդեն Հայաստանում, որովհետև այն, ինչ չհաջողվեց КГБ-ին և Կրեմլին Արցախում, իրենք անելու են Երևանում։ Եվ մեզ հաշված շաբաթներ են բաժանում այդ զարգացումներից։

– Որքանո՞վ է դա կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։
– Հակամարտությունն էլ շատ պայմանական հասկացություն է։ Ավարտեմ նախորդ միտքը. անհեթեթ է, որ մի կողմից՝ խոսում ենք այդ մասին, մյուս կողմից՝ մեր իշխանությունները համբուրվում են և շարունակում են խոստումներ տալ նույն ուժերին, որոնք, փաստորեն, ձգտում են հեռացնել իրենց իշխանությունից։ Եվ դա արդեն գաղտնիք չէ։ Նույնը վերաբերում է նաև Արցախին։ Ո՞ւմ հետ է հակամարտությունը, արդյո՞ք Ադրբեջանի։ 30 տարի մենք մխրճված ենք այս հակամարտության մեջ, ու գոնե մեր սերունդը շատ լավ հիշում է ամեն ինչ ու հասկանում է, որ իրականում հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հետ է, որն Ադրբեջանն օգտագործում է որպես միջոց։ Այն ժամանակ Խորհրդային Միությունն էր, այսօր Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ Արցախը նույնպես ընդամենը թատերաբեմ է։ Կարծում եմ՝ իրական վտանգը հիմա բացարձակապես Արցախում չէ։

Եվ Ադրբեջանը լավ դաս ստացավ ոչ միայն  2016 թ. ապրիլյան պատերազմին, այլև հաջորդ տարիներին։ Օրինակ՝ շատերը մոռանում են, որ պատերազմն ուղղակի մազի վրա կախված էր 2018 թ. հուլիսի 17-ին։ Հուլիսի 15-ին Մոսկվայում ավարտվել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 16-ին Թրամփը Հելսինկիում առաջին անգամ հանդիպել էր Պուտինի հետ։ Եվ դրանից երկու շաբաթ առաջ ես զգուշացրել էի, որ հուլիսի 17-ին ամենայն հավանականությամբ լինելու է պատերազմ։ Ադրբեջանը 20 հազար զինվորներով զորավարժություններ էր անցկացնում։ Սակայն, եթե հիշում եք, ի՞նչը խանգարեց ադրբեջանական կողմին. եղան երկու տարօրինակ և զավեշտալի զարգացումներ։

Դրանից օրեր առաջ հանկարծ շատ լուրջ բախումներ բռնկվեցին Գյանջայում (Գանձակում) կրոնական հողի վրա, և երկրորդը՝ նույն օրերին,- խոսքը հուլիսի առաջին օրերի մասին է,- պայթեցին Մինգեչաուրի ՀԷԿ-ի միանգամից երեք գեներատորները, և Բաքուն, Գանձակը, ամբողջ Ադրբեջանը խավարի մեջ խորտակվեց, հոսանքազրկվեց։ Այդ պայմաններում ադրբեջանցիները տեսան, որ իրենք չեն կարող կատարել Մոսկվայի ամենագայթակղիչ առաջարկն ու առաջադրանքը։ Թեև այդ օրը փորձեցին անել գոնե իրենց մասը, և եղավ Փանիկ գյուղի հայտնի փոքր սադրանքը։ Մենք «էժան պրծանք»։ Այսինքն՝ հեղափոխությունից երկու ամիս անց Մոսկվան արդեն հասկացել էր՝ ինչի հետ գործ ունի, և որոշում էր ընդունել ոչնչացնելու անգամ թավշյա և կիսատ, անավարտ մնացած հեղափոխությունը։ Այսինքն՝ մեզ համար վտանգը Ադրբեջանից չէ, որ գալիս է։ Դա նույնպես Ռուսաստանից է, և հիմա այդ վտանգն արդեն Հայաստանում է, որովհետև եթե ուշադիր նայենք՝ մեր փողոցներում ներքին ռուսական անձնագրերով հազարավոր՝ մազերը կարճ կտրած, ֆիզիկապես լավ մարզված երիտասարդներ են պտտվում զբոսաշրջիկների տեսքով։ Իրականում նրանք ցանկացած պահի կարող են կատարել ցանկացած առաջադրանք։ Եվ ես շատ եմ զարմանում, որ մեր պատկան մարմինները դրանցով չեն զբաղվում։

– Իսկ չե՞նք կարող ասել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ արդեն իսկ վարվում է՝ հաշվի առնելով նոր կառավարության դեմ շուրջ մեկ տարի շարունակ հետևողականորեն տարբեր ուժերի, այդ թվում՝ քոչարյանականների կողմից իրականացվող տեղեկատվական արշավներն ու սև քարոզչությունը, որոնք այնքան համահունչ են պուտինյան քաղաքականության և ռուսական պրոպագանդայի ընդհանուր տրամաբանությանն ու ոգուն։ Երկրորդը՝ ապրիլյան պատերազմի մասին հարցրի այն պատճառով, որ մայիսի 20-ի ելույթում Փաշինյանը, խոսելով «դավադիր պատերազմի» վտանգի մասին, հաջորդ նախադասությամբ իմիջիայլոց ասում է, թե լավ կլինի՝ պարզենք ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքներն ու մութ կողմերը։ Իսկ նա, ըստ էության, խոսում էր Արցախի ներկայիս ղեկավարության մասին, ովքեր իր հետ հանդիպմանն ասում են, որ Արցախի հարցում իր մոտեցումների ու տեսլականի մեջ խնդիր չեն տեսնում, համաձայն են, բայց հետո «տակից» օգնականներին հրահրում են, ասում են՝ «գնա Ֆեյսբուքում գրի՝ Փաշինյանը հողերը ծախում է»։ Եվ ասում է, թե այս մարդիկ կարող են նույնը կրկնել, ուստի եկեք պարզենք բոլոր հանգամանքները, որ նոր «դավադիր պատերազմ» չհրահրեն։ Բայց չէ՞ որ Քառօրյա պատերազմի դավադրության բոլոր վարկածները առաջին հերթին կապված են Ռուսաստանի և այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» հետ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խուսափի դրա մասին հրապարակայնորեն խոսելուց։

– Դուք միանգամայն իրավացի եք։ Ես ընդամենը մեկ-երկու նկատառում կավելացնեմ ձեր ասածին։ Բանն այն է, որ շատ կարևոր է պատերազմն անվանել պատերազմ։ Դա այն է, ինչից երկար ժամանակ խուսափում էր Ուկրաինան. նրանք արդեն վարում էին պատերազմ, հողեր էին կորցնում, բայց ինչ-ինչ պատճառներով Պորոշենկոն բավական ժամանակ խուսափում էր ասել, որ՝ այո, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև այդ դեպքում դուք բացարձակապես այլ՝ միջազգային, մոբիլիզացիոն, տնտեսական, քաղաքական, գաղափարական իրավիճակում եք հայտնվում։ Իր կառավարման շրջանի վերջում Պորոշենկոն, այնուամենայնիվ, արեց մի քանի հստակ քայլ և անմիջապես սկսեց ստանալ շատ կարևոր ռազմական օգնություն Միացյալ Նահանգներից, ինչը կտրուկ փոխեց հավասարակշռությունը ռազմաճակատում։ Հիմա մենք փաստորեն կրկնում ենք Պորոշենկոյի այդ սխալը. մենք խուսափում ենք ասել, որ՝ այո, մեր դեմ պատերազմ է։ Դուք ճիշտ եք, պատերազմը մեր դեմ ընթանում է և հիբրիդային է այն իմաստով, որ երբեմն այդ պատերազմում չեն կրակում կամ կրակում են ամենավերջում, երբ մարդասպանը մի հատ էլ գլխին է կրակում, որ համոզված լինի։

Վերջին կրակոցն ավարտում է ամեն ինչ, բայց պատերազմն, այո, ընթանում է։ Եվ այն, որ մեր կառավարությունը չի գտնում իր մեջ խիզախություն՝ հայտարարելու դա և եզրակացություններ անելու, որովհետև դրանով նա պետք է հանդես գա իր ժողովրդի, իր հասարակության առջև՝ ասելով, որ՝ ժողովուրդ, մեր դեմ պատերազմ է սկսված, ահա՝ ով է վարում այդ պատերազմը։ Մի կողմից՝ ասում են, Վանեցյանն է ասում, Փաշինյանն է ասում, բայց մյուս կողմից՝ եթե լրագրողը հարցնի՝ իսկ ո՞ւմ նկատի ունեք, ուղիղ չեն ասի, որովհետև երկու օր անց իրենք հանդիպում են այդ նույն մարդկանց հետ, ովքեր իրենց դեմ պատերազմ են վարում, և ձևացնում են, թե «ամեն ինչ նորմալ է, մենք ձեզ նկատի չունենք»։ Դրանով կարելի է երկար ժամանակ խաբել քչերին կամ, ինչպես Լինքոլն էր ասում, կարճ ժամանակ՝ շատերին։ Համենայնդեպս, ռուսներին, պուտինիստներին դրանով արդեն չես խաբի։ Ի՞նչ է դրա համար պետք անել։ Պետք է հասկանալ՝ ո՞ր ճամբարում ենք, ի՞նչ պետություն ենք ուզում մենք կառուցել։ Պետք է հասկանալ՝ ովքե՞ր են մեր իրական դաշնակիցները, և այդ դաշնակիցներին պետք է ուղիղ ասել՝ ինչ է կատարվում, այլ ոչ թե ասել՝ գիտեք, մենք ավելի շատ ենք քննադատում Միացյալ Նահանգներին կամ Եվրոպային վերաբերվում ենք այսպես կամ այնպես։ Ո՛չ, մենք ոչ ոքի չենք խաբում՝ բացի սեփական ժողովրդից։
– Եվ ո՞ր ճամբարում ենք։ Այս հոդվածի հեղինակն ընդգծում է՝ «գտնվելով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում՝ Հայաստանը հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։

– Հենց դա է խնդիրը։ Աբսուրդն այն է, որ մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն կամ, եթե չակերտները բացենք, Ռուսաստանը, որովհետև և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի գրպանային կառույցներն են, պատերազմ են մղում մեր դեմ՝ զենք վաճառելով մեր թշնամիներին, տնտեսական, գաղափարական և այլ բնույթի պատերազմ վարելով մեր դեմ։ Եվ մենք դա տեսնում ենք։ Բայց մենք իրերն իրենց անուններով չենք կոչում։ Դա այն է, ինչով տարիներ շարունակ տառապում էր Ուկրաինան՝ չհամարձակվելով ասել, որ՝ այո, սա պատերազմ է մեր դեմ, և մենք պետք է պաշտպանվենք։

Նույնը հիմա ասվում է Հայաստանում՝ ո՛չ, մեզ հետ պատերազմ չի վարվում։ Եվ դա հնարավորոթյուն է տալիս ռուսներին ասելու, թե տեսեք՝ հայերն են մեր դեմ վարում պատերազմ։ Եվ մենք տալիս ենք նրանց այդ հնարավորությունը, որովհետև չենք համարձակվում ճշմարտությունն ասել սեփական ժողովրդին։ Հենց այս պահանջն այսօր հասարակությունը պիտի դնի կառավարության առջև՝ դուք գիտեք ավելին, քան մենք, ասեք այդ ճշմարտությունը, որպեսզի հասկանանք՝ ոնց ենք ապրում և ոնց ենք աշխատելու, ինչպես ենք պաշտպանելու մեր երեխաներին, մեր հայրենիքը։ Իսկ մենք «սատանի մայլում քյանդրբազություն ենք անում»։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Армения становится центром экспорта революции»: российский Первый канал — видео»։

[2] Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում