Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Բոլորը պահանջում են Մոսկվայից՝ «որոշեք՝ ո՞վ է ձեր դաշնակիցը»․ այդ դեպքում ՌԴ-ն էլ իրավունք ունի պահանջել․ Իվան Կոնովալով

Հայաստանի պաշտպանական ոլորտի պատասխանատուները՝ ի դեմս Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և այլ պաշտոնյաների, վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հայտարարում են, որ հայկական զինված ուժերը շուտով համալրվելու են նոր զինատեսակներով, զինտեխնիկայով, զինամթերքով և անհրաժեշտ այլ միջոցներով։ Ընդ որում նշվում է, որ պաշտպանական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների, պահպանությունից ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական գործողությունների անցնելու հայեցակարգի համատեքստում շեշտը դրվելու է հարձակողական զինատեսակների ձեռքբերման վրա։ Սակայն առայժմ հայտնի է միայն մեկ զինատեսակի Սու-30ՍՄ կործանիչների՝ մարտական ինքնաթիռների շուրջ հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նախարար Տոնոյանը լրագրողների հետ վերջին զրույցներից մեկի ընթացքում ասել է, որ ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ակնկալում ենք, որ մարտական ինքնաթիռները Հայաստանում կլինեն այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին։ Դրանք կբազավորվեն «Շիրակ» օդանավակայանում։ Բայց այլ զինատեսակների ձեռքբերման մասին առայժմ կոնկրետ տեղեկություններ չկան։

Հայտնի է, որ ս․թ․ հունիսի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում անցկացված «Армия 2019» միջազգային ռազմա-տեխնիկական համաժողովի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Իսկ ավելի ուշ նա լրագրողներին ասաց, թե «ռազմական անակնկալներ են լինելու»։

Հետաքրքիր է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և սպառազինության գնումների գործընթացին հետևում են նաև միջազգային փորձագիտական կենտրոնները։ Մասնավորապես, աշխարհաքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի վարչակազմի առանցքային և ազդեցիկ գործիչներից մեկի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ նախորդ շաբաթ Երևան կատարած այցին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, գրել է, թե Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զենք խնդրել Ռուսաստանից՝ Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի նկատմամբ առավելության հասնելու համար, բայց դա կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցից Հայաստան։

«Կհաջողվի, թե ոչ՝ հայտնի կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ»,- նշել են կենտրոնի վերլուծաբանները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

– Պարոն Կոնովալով, Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ այս մեկ տարվա ընթացքում, ինչպիսի՞ դինամիկա է նկատվում հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերություններում։ Այն դրակա՞ն է, թե՞ բացասական։

– Չէի ասի, թե Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ լուրջ փոփոխություններ են եղել այն բանից հետո, երբ երկիրը գլխավորեց Նիկոլ Փաշինյանը։ Բայց պետք է ընդգծել, որ այդ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ մակարդակի վրա են եղել։ Եկեք անկեղծ լինենք․ այնուամենայնիվ, Հայաստանը շատ փող չունի, և հաճախ Ռուսաստանից սպառազինություն և զինտեխնիկա ստանալը պայմանավորված է Ռուսաստանի և Հայաստանի առանձնահատուկ հարաբերություններով։ Դրանք ակնհայտ են բոլորին։ Մենք Հայաստանում ունենք ռազմաբազա, ընդ որում՝ խոշորագույն և ամենաարդյունավետ ռազմաբազաներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս ռազմաբազայի առկայությունը շատ խնդիրներ է լուծել Անդրկովկասում։ Իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրավիճակը՝ ոչինչ էլ չհաջողվեց մինչև վերջ լուծել։ Այդուհանդերձ, ռուսական ռազմաբազան շատ նշանակալի դեր խաղաց արյունահեղությունը դադարեցնելու հարցում։ Համենայնդեպս, այն թույլ չտվեց արտաքին ուժերին միջամտել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Այս իրադրությունն առայժմ պահպանվում է:

Իսկ ռուս-հայկական ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական հարաբերությունները նորմալ վիճակում են։ Ես չեմ կարծում, թե այս ոլորտում էական փոփոխություններ կլինեն։ Պարզապես համագործակցության ծավալները մեծ չեն։ Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ վճարունակ երկիր չէ, նա չի կարող շատ վճարել։ Բայց մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ինչը նշանակում է, որ կարող է շատ բան ստանալ հատուկ պայմաններով։

Կարծում եմ, որ հարաբերությունների այս ձևը հետագայում էլ կպահպանվի։ Պարզապես մեր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ծավալները մեծ չեն, եթե համեմատենք այլ երկրների հետ։ Դուք ինքներդ էլ տեսնում եք առկա թվերը՝ռազմական վարկեր 100 մլն դոլարի, 200 մլն դոլարի չափով։ Ու չկան ինչ-որ նշաններ, որոնք ցույց կտան, որ ինչ-որ բան որակապես փոխվելու է։ Ես հասկանում եմ, որ տարբեր դիտորդներ, փորձագետներ, ովքեր հետևում են իրավիճակին, մտածում են, որ եթե Հայաստանի ներքին կյանքում ինչ-որ արտասովոր փոփոխություն է եղել, ուրեմն արտասովոր փոփոխություններ պիտի լինեն նաև Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերություններում, քանի որ այս երկրները ռազմավարական դաշնակիցներ են։ Ընդգծում եմ՝ ոչ թե գործընկերներ են, այլ դաշնակիցներ։

– Պարադոքսն այն է, որ նշված փոփոխություններից հետո Հայաստանի նախկին իշխող կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում էին, թե 2018 թ «մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել»։ Սակայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 33 տոկոսով։ Բացի դրանից՝ ՀՀ պաշտպանության նախարարը, ՊՆ-ի այլ ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանին նոր զինատեսակներ են մատակարարվելու, «ռազմական անակնկալներ են լինելու»։ Բայց մեզ հայտնի միակ գործարքը Սու-30 կործանիչների առքուվաճառքի մասին գործարքն է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զինատեսակներ Ռուսաստանը կարող է մատակարարել Հայաստանի Զինված ուժերին։

– Հայաստանի հետաքրքրությունների շրջանակը բավական հստակ է ուրվագծված։ Խոսքն այն մասին է, թե ինչ զինատեսակներ ու զինտեխնիկա հայկական կողմը կցանկանար ձեռք բերել։ Դրանք են կործանիչ և գրոհիչ ավիացիայի միջոցները, ՀՕՊ միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ, դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, զրահատեխնիկա (ամենայն հավանականությամբ՝ խոսքը թեթև զրահատեխնիկայի մասին է)։ Ուստի, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ զինատեսակների կարիք ունի Հայաստանը, որովհետև Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարի այնպիսի զինատեսակներ, որոնք Հայաստանին պետք չեն։ Կոնկրետ ի՞նչ զենքեր են պետք Հայաստանին՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմը Անդրկովկասում։ Չէ՞ որ Հայաստանն արդեն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սոլցեպյոկ» ծանր հրանետներ, «Սմերչ», ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ և այլն, և այսպես շարունակ։ Ըստ էության, ինքը ռազմաբեմն է թելադրում, թե ինչ է պետք Հայաստանին։ Եվ ես չեմ կարծում, թե հետաքրքրությունները դուրս կգան այս շրջանակի սահմաններից։ Պարզ է, որ Հայաստանին ատոմային սուզանավեր պետք չեն։

Այնպես որ՝ չեմ կարծում, թե առանձնահատուկ փոփոխություններ կլինեն։ Կարծում եմ՝ քայլերն արվելու են՝ հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը ռեգիոնում։ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և Ռուսաստանը շարունակելու է աջակցել իր դաշնակցին՝ ելնելով այն նպատակից, որ տարածաշրջանում պահպանվի ուժերի ընդհանուր հավասարակշռությունը։

– Բայց միաժամանակ Ռուսաստանը նաև Ադրբեջանի գործընկերն է։

– Այդ հարցը ևս մշտապես հնչեցվում է։ Անշուշտ, Ադրբեջանը Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության լուրջ ուղղություններից մեկն է։ Դա այդպես է։ Բայց պետք է հիշել այն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ռազմավարական գործընկեր է։ Հարաբերությունների այս երկու տեսակների միջև տարբերություն կա։

– Եվ շատ լավ շուկա զենք վաճառելու համար։

– Դե․․․ Ես նման բան չեմ ասի, քանի որ տարածաշրջանը չափազանց զգայուն է, և այս հակամարտության կողմերից յուրաքանչյուրը անընդհատ դժգոհում է մյուս կողմի հետ Ռուսաստանի հարաբերություններից, բոլորը իրար վրա են գցում։ Մերձավոր Արևելքում էլ բոլորն իրար վրա են գցում և պահանջում են Մոսկվայից՝ «որոշեք, թե ով է ձեր գլխավոր դաշնակիցը»։ Նման բարդ իրավիճակներում որոշակիություն պահանջելը տարօրինակ է։ Տեսեք, Մերձավոր Արևելքում Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է։ Թուրքիան Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ ոչ։

– Դժվար է ասել։ Հայաստանը վստահաբար Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Թուրքիայի մասին նույնը ասելը դժվար է։

– Դրա համար էլ ասում եմ՝ Ռուսաստանից պահանջում են պարզել՝ ով է դաշնակից, իսկ ով ոչ։ Բայց այդ դեպքում Ռուսաստանն էլ իրավունք ունի պահանջել՝ դուք էլ որոշեք՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, պատրա՞ստ եք աջակցել մեզ ամենուրեք և բոլոր հարցերում։

Սրանք շատ լուրջ հարցեր են։ Չգիտես՝ ինչու բոլորը Ռուսաստանից են պահանջում, որ նա որոշի՝ ով է իր դաշնակիցը, բայց իրենց համար տարածություն են թողնում մանևրի համար։

– Օրինակ, երբ Հայաստանը հումանիտար առաքելություն ուղարկեց Սիրիա Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում, ամերիկացիները դրանից հետո սկսել են հասկացնել, որ այդ որոշումը շատ բացասաբար է ընկալվել Միացյալ Նահանգներում։ Եվ հիմա Հայաստանը, ըստ էության, քաղաքական վնասներ է կրում իր այս որոշման պատճառով։ Այս քայլը որքանո՞վ օգնեց Ռուսաստանին։ Կարո՞ղ ենք ասել, որ դա քաղաքական աջակցություն էր Ռուսաստանին։

– Անշուշտ։

– Որքանո՞վ էր դա կարևոր Ռուսաստանի համար։

– Ռուսաստանի համար կարևոր է, որ Սիրիայում, որտեղ Ռուսաստանը արդարության համար է կռվում, իր դաշնակիցները կամ գուցե ոչ դաշնակից երկրները իրենց մեջ ուժ գտնեն դեմ գնալու Միացյալ Նահանգների քաղաքականությանը, որը բացարձակապես իրավաչափ չէ, այն վտանգավոր է, որովհետև նրանք աջակցում են ահաբեկիչներին և դա չենք թաքցնում։ Այսինքն՝ նրանք ամենևին էլ ցանկություն չունեն խաղաղության հասնելու Սիրիայում։ Նրանց պետք է պահպանել քաոսը այնտեղ։

Պարզ է, որ յուրաքանչյուրն ունի իր շահերը, ուստի պետք է փորձել համատեղել դրանք, հասկանալ՝ ինչպես կարելի է միմյանց օգնել, և հասնել ընդհանուր նպատակին։ Սա է միակ ելքը։ Եվ Ռուսաստանը ապացուցել է դա։ Հայաստանին ես նույնպես կառանձնացնեի։ Պետք է ասել, որ Հայաստանը նորանկախ հանրապետության ողջ ընթացքում, չնայած իր բարդ վիճակին, մշտապես փորձել է բազմավեկտոր քաղաքականություն վարել, բայց միևնույն ժամանակ կարողացել է պահպանել դաշնակցային հարաբերությունները, և թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը շահագրգռված են պահպանելու այդ հարաբերությունները։ Այս ամենը պահպանվում է, բայց այն, որ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում, Ռուսաստանը դա ճանաչում է և կարծում է, որ այո, Հայաստանն իրավունք ունի այդպես գործելու։ Իսկ ի՞նչ անել, աշխարհն այսօր շատ բարդ է։ Այսօր հնարավոր չէ գործել այնպես, ինչպես Ստալինի ժամանակներում։

Ներկայիս աշխարհում կոալիցիաները, առաջնահերթությունները շատ արագ են փոխվում, և մնում են միայն մի քանի անսասան վեկտորներ։ Այսօր դիմակայության մեջ են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Եվրամիությունն այս առումով բարդ վիճակում է․ իրականում նա չի հակամարտում Ռուսաստանի հետ, բայց հաշվի առնելով իր ներքաղաքական թուլությունը՝ ենթարկվում է Միացյալ Նահանգների ճնշումներին։ Բայց սա դժվար թե երկար տևի, քանի որ մի քանի տարվա ընթացքում ամեն ինչ փոխվում է։ Տեսեք, 5 տարի առաջ ո՞վ կպատկերացներ, որ քաղաքացիական պատերազմ կլինի Ուկրաինայում, ո՞վ կպատկերացներ, որ Թրամփը՝ նման մակարդակի «ոչ համակարգային» քաղաքական գործիչը կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Ուստի, այս իրավիճակում դժվար է խորհուրդ տալ Հայաստանին՝ ինչպես գործել, ինչպես պահպանել հավասարակշռությունը տարբեր կողմերի միջև։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը անակնկալ էր։ Չէ՞ որ նա էլ համակարգային գործիչ չէ, թեև բավական հասկանալի ու ըմբռնելի է։ Եվ ի դեպ, Ռուսաստանում նկատեցին, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը նման չէր Ուկրաինայի ներքին պրոցեսներին՝ արյունալի սարսափին և ներքաղաքական դիմակայությանը։ Հայաստանում իշխանափոխությունը, փառք Աստծո, տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով։ Սա շատ լավ օրինակ է մյուս երկրների համար։ Այնպես որ՝ ոչհամակարգայնությունը թափ է հավաքում ամբողջ աշխարհում։ Նույնիսկ Էրդողանը ինչ-որ առումով համակարգային չէ։ Սա է ժամանակակից աշխարհի պատկերը։

Ես կարծում եմ, որ Հայաստանը՝ մեր եղբայրական երկիրը և դաշնակիցը, այլ տարբերակ չունի, քան բազմավեկտոր քաղաքականություն վարելը, բոլորի հետ լեզու գտնելը։ Ռուսաստանը դա հասկանում է։ Բայց միևնույն ժամանակ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում շատ լավ հասկանում են մեկ այլ բան, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ հանդերձ՝ դաշնակիցները պիտի մնան դաշնակիցներ։ Եվ երբ «X» պահն է գալիս, դաշնակիցները պիտի գործեն դաշնակցային ոգուն համապատասխան։ Սա է ամենագլխավորը։

– Իսկ եթե պատերազմ լինի Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ ինչպե՞ս կվարվի, ի՞նչ դիրք կբռնի Ռուսաստանը։ Ահա և Ձեզ շատ բարդ հարց։

– Ես այսպես կպատասխանեմ՝ ամեն ինչ կախված է զինված դիմակայության, բախումների մասշտաբներից, ծավալներից։

Հիշենք թեկուզ 2016 թ․ ապրիլյան իրադարձությունները։ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրեց իրավիճակը հավասարակշռելու համար։ Բայց բախումները հաջողվեց շուտ դադարեցնել այն պատճառով, որ թեև դրանք շատ արյունոտ էին ու ծանր, այնուամենայնիվ, լոկալ բախումներ էին։ Փառք Աստծո, դրանք չվերաճեցին մասշտաբային պատերազմի։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցում զգալի դեր խաղաց Ռուսաստանը։ Նա օգտագործեց տարբեր լծակներ, որպեսզի այդ բախումները չվերաճեն 1990-ականների պատերազմի կրկնությանը։ Այսօր ավելին ձեռնարկելը ավելի դժվար է՝ հաշվի առնելով երկու կողմերի անհաշտ դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ և այն, որ միջազգային հանրությունն այսօր մեծ ուշադրություն չի դարձնում այս հակամարտությանը, քանի որ կան ավելի առաջնահերթ խնդիրներ՝ Սիրիա, Լիբիա, Իրան, Հյուսիսային Կորեա, նույնիսկ Կոսովո։ Բոլորը այս հարցերով են զբաղվում։ Իսկ այս հակամարտությունը նրանք,- առաջին հերթին նկատի ունեմ Արևմուտքը,- թողնում են, այսպես ասած, ծխացող վիճակում, քանի որ իրենց կարծիքով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը շատ հին է։ Եվ այնքան էլ չեն հասկանում, որ հակամարտությունը կարող է նորից բռնկվել։ Արևմուտքում դժվար է դա բացատրել։ Իսկ բուն հիմնախնդրի հանգուցալուծումը ենթադրում է կոլեկտիվ մասնակցություն, քանի որ միայն Ռուսաստանը չէ որպես միջնորդ հանդես գալիս այս գործընթացում։

– Վերջերս մեր լրագրողները հարցրել էին Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին այս խնդրի վերաբերյալ, և դեսպանն ասել էր, որ Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից՝ պատերազմը կանխելու իմաստով։

– Կարծում եմ՝ ցանկացած պարագայում, եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի՝ միայն Ռուսաստանն է հանդես գալու արբիտրի դերում, որովհետև մյուս միջնորդները, ներեցեք, կինքնալիկվիդացվեն։ Նույնիսկ Ֆրանսիան, որը լուրջ դաշնակից է Հայաստանի համար, ևս չի մասնակցելու իրավիճակի կարգավորմանը։ Միայն Ռուսաստանը կհայտնվի երկու կողմերի միջև և արդեն որերորդ անգամ մասնակցի տարբեր տեսակետներն ու դիրքորոշումները իրար մոտեցնելու, իրար կպցնելու գործընթացին, կփորձի գտնել ընդհանուր եզրեր հակամարտող երկու կողմերի միջև։

–  Ինչպե՞ս եք գնահատում նոր պատերազմի ռիսկերը, դրանք ինչի՞ց են կախված։ Եվ ինչպես եք վերաբերվում այն տեսակետին, որ առանց Մոսկվայի հավանության՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը, որն ավելի շատ է դժգոհ ներկա իրավիճակից ու, հետևաբար, ավելի շատ է շահագրգռված պատերազմի վերսկսմանը, չեն դիմի լայնածավալ ռազմական գործողությունների։

– Տարօրինակ հարց եք տալիս։ Մոսկվան միանշանակ դեմ է պատերազմին։

– Գուցե հարցը Ձեզ տարօրինակ թվաց, բայց իրականում դա ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ կան բազմաթիվ փորձագետներ, գործիչներ, մարդիկ թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս, ովքեր համոզված են, որ հակամարտության պահպանումը բխում է Ռուսաստանի շահերից և հակամարտության կարգավորումն էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։

– Ես բացարձակապես համաձայն չեմ, քանի որ Ռուսաստանն այսօր այնքան շատ աշխարհաքաղաքական, դիվանագիտական ու ներքին խնդիրներ ունի,- ինչ-որ տեղ մենք հաջող ենք գործում, ինչ-որ տեղ մեզ վրա մեծ ճնշում են գործադրում,- որ Ռուսաստանին ևս մեկ խնդիր բացարձակապես պետք չէ։ Ռուսաստանը հետաքրքրված է նրանում, որ Անդրկովկասում անկայունություն, բախումներ չլինեն, որովհետև մեզ սկզբունքորեն պետք չէ հակամարտության նոր օջախ՝ ով էլ որ դա հրահրի։

– Իսկ պատերազմի ռիսկեր այսօրվա՝ բավական անորոշ իրավիճակում կա՞ն, թե՞ ոչ։

– Եկեք այլ դիտանկյունից նայենք իրավիճակին։ Այսօր միջազգային իրադրությունն այնպիսին է, որ արտաքին ուժերը, խաղացողները, այսինքն՝ այն երկրները, որոնք, այսպես թե այնպես, կապված են անդրկովկասյան խնդիրների հետ, զբաղված են իրենց խնդիրներով։ Այստեղից էլ հետևություն արեք՝ պե՞տք է արդյոք կողմերից որևէ մեկին ռազմական գործողություններ սկսել, եթե արտաքին ուժերից որևէ մեկը չի սատարելու դրան, քանի որ այլ խնդիրներով պիտի զբաղվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում