Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:
Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: