Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական միության վեհաժողովը, Հայաստան են ժամանելու ԵՏՄ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ներկա լինելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի և իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Դատելով իրանական մամուլի հրապարակումներից՝ Հայաստանի վարչապետի հրավերը բավականին դրական է ընկալվել, դրան նախորդել էր նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը, երկուստեք կարևորվել էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումը, այլ նաև ԵՏՄ-ի շրջանակներում»,- ասաց Արմեն Իսրայելյանը՝ շեշտելով, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, կժամանի Հայաստան, եթե արտառոց դեպքեր չլինեն:
Մինասյանն իր հերթին կարևորեց հոկտեմբերին տեղի ունենալիք միջոցառումը՝ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի դերակատարման տեսանկյունից: «Հայաստանը հանդիսացել է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հարցով հիմնական բանակցողը Եվրասիական կողմից: Այժմ նույն Հայաստանը բավականին ակտիվ բանակցություն է իրականացնում Եգիպտոս-ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ երկրներից թերևս միակն է, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ, իհարկե, Հայաստանի համար բավական կարևոր է Իրանի և ԵՏՄ-ի, մասնավորապես Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության խթանումը, տնտեսական համագործակցության զարգացումը, և Իրանի նախագահի ներկայությունը հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին բավական խորհրդանշական է, մյուս կողմից Հայաստանի դերակատարումը ընդգծող քայլ է, որովհետև հենց Հայաստանն է եղել հիմնական բանակցողը Իրանի հետ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: