Լուրեր
Մի թև կա, որ Փաշինյանին ապակողմնորոշող, սխալ տեղեկատվություն է տալիս
  • 17:45
  • 2019-08-24
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 23-ին, վարչապետ Փաշինյանն այցելել է Ջերմուկ և հանդիպել տեղի բնակիչներին՝ նրանց հետ զրուցելով Ամուլսարի հանքի շահագործման թեմայով և հայտարարելով, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ սկայպ-կոնֆերանս է  նախապատրաստվում: Այս առիթով «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին:

Մեր զրուցակիցը ողջունելով Փաշինյանի հայտարարությունը՝ հավելեց սակայն. ««Էլարդի» առջև դրված չի եղել այդ հարցը, և «Էլարդը» չի ուսումնասիրել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որի հետևանքով կարող էր եզրահանգում անել: Ընկերությունը միայն բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատականն է ուսումնասիրել: Դա եղել է ուսումնասիրություն, ոչ թե փորձաքննություն»:

Նազելի Վարդանյանը հավելեց, որ «Էլարդի» տեքստում նշվում է՝ տվյալները թերի են, հնարավոր չէ եզրահանգում անել, և կան ազդեցության ռիսկեր, սակայն դարձյալ հնարավոր չէ հաշվարկել, թե ինչ ռիսկեր են դրանք. «Կոնկրետ այդտեղ գրված է, որ երեք բեկվածքներ կան, որոնցից մեկի՝ Կեչուտի բեկվածքի առկայության պայմաններում աղտոտված ստորգետնյա ջրերը հասնելու են Մադիկենց աղբյուրներ, այսինքն՝ Ջերմուկի խմելու ջրի աղբյուրներ»:

Բնապահպանը նկատեց՝ մենք մի սխալը ձնագնդիի պես մեծացնում ենք. «Հիմա եթե միայն «Էլարդի» սկայպ-քոլով որոշում կայացնենք, դարձյալ սխալ է լինելու: Մենք ունենք մասնագետներ, և նրանք արդեն տվել են իրենց եզրակացությունները, մենք ունենք միջազգային փորձագետներ, որոնց վկայակոչում է «Էլարդի» մասնագետը, ինչո՞ւ չենք դիմում նրանց»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *