Լուրեր
Նախկինները մեզ գցել են ծուղակը․ Ամուլսարի հարցով կառավարությունը երկընտրանքի առաջ է

Ամուլսարի թեման մեզ ուղեկցեց ամբողջ շաբաթ. խնդիրը կարևոր է և անվրեպ լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի այդ որոշման գինը:

Այսօր Ն. Փաշինյանը Ջերմուկում էր. տպավորությունն այնպիսին էր, որ վարչապետը գնացել էր անձամբ ջերմուկցիներին բացատրելու խնդրի էությունը. հաջողվե՞ց, թե ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը և վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Այդ այցի շրջանակներում մեծ փոփոխություն սպասել պետք չէր: Կարծում եմ այցի հիմնական նպատակը իրավիճակին, հանրային տրամադրություններին, տեղի բնակչության տրամադրություններին անձամբ ծանոթանալն էր, ինչը գուցե և ստացվել է»,- նշեց Հակոբ Բադալյանը:

Քանի գնում որոշում կայացնելու պահն ավելի՞ է բարդանում: Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Վարդանյանը նշեց. «Միգուցե հեշտանում է»: Անդրադառնալով դիտարկմանը, որ ամեն օր նոր փաստերի մասին է խոսվում, նոր գնահատականներ են տրվում, քաղաքագետը նկատեց, որ շատ ավելի բարդ էր առանց այդ ամենի որոշում կայացնելը. «Դրա հետևանքները շատ ավելի լուրջ ու ծանր կարող էին լինել, քանի որ որոշում կայացնելու համար բավարար հիմքեր չկային: Վերջին գործընթացները ցույց են տալիս, որ հնարավոր է բացահայտվեն նոր հանգամանքներ: Անհրաժեշտ է շատ ավելի հստակ մեկնաբանել «Էլարդի» եզրակացությունը: Առկա բանավեճը թերի է և հասկանալի չէ, թե որն է բանավեճի առարկան … »: Քաղաքագետի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ Ամուլսարի հարցով անկախ փորձագետների կոնսիլիում լինի:

Գարեգին Միսկարյանն ընդգծեց, որ ՇՄԱԳ փորձաքննությունը կատարվել է առանց ջերմուկցիների կարծիքը հաշվի առնելու, առանց գնահատելու Ջերմուկի վրա սոցիալական, տնտեսական հնարավոր ազդեցությունը, այսինքն՝ ջերմուկցիների իրավունքները ոտնահարվել են. «Սա ոչ թե բացթողում է, այլ միտումնավոր արված քայլ»:

«Էլարդ»-ին պատվիրված փորձաքննությունը, իմ կարծիքով մի մեծ «աֆյորա» է՝ ժողովրդին, նաև վարչապետին մոլոեցնելու համար»,- ընդգծեց Գ. Միսկարյանը:

Քննարկման մասնակիցները միակարծիք են այն հարցի շուրջ, որ Ամուլսարի հարցը բազմաշերտ է: Նրանց դիտարկմամբ՝ նախկիններն են մեզ գցել ծուղակը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *