Չինաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից Միացյալ Նահանգներից ներկրվող արտադրանքի մաքսատուրքերը կբարձրացնի 10 տոկոսով և 5 տոկոսով՝ 75 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների և մաքսատուրքերի կոմիտեի՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տարիֆների և մաքսատուրքերի կոմիտեն որոշում է ընդունել ԱՄՆ-ից 75 մլիարդ դոլար ընդհանուր գումարի 5078 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 տոկոսով և 5 տոկոսով: Դրանք ուժի մեջ կմտնեն համապատասխանաբար 2019 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 12:01-ից և 2019 թվականի դեկտեմբերի 15-ի 12:01-ից»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 15-ից Չինաստանը 25 տոկոսով և 5 տոկոսով կավելացնի ամերիկյան ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը:
«ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների և մաքսատուրքերի կոմիտեն որոշում է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի տեղական ժամանակով 12:01-ից վերականգնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների և պահեստամասերի մաքսատուրքերը բարձրացումը 25 տոկոսի և 5 տոկոսի չափով»,- նշվում է փաստաթղթում: