Արդարադատության նախարարության կողմից հրապարակվեց ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Անկախ դատավոր» իրավաբանական գրասենյակի տնօրեն Պարգև Օհանյանի հետ։
Արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ անկախ տարիքից, պահպանվելու են նրանց աշխատավարձը, պարգևավճարներն ու սոցիալական երաշխիքները, մինչև դատավորի պաշտոնավարման տարիքի լրանալը։
Իրավական առումով այս ամենին ի՞նչ գնահատականներ կարող ենք տալ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ ծանոթ չեմ բուն տեքստին, որովհետև ամեն մի բառը նշանակություն ունի։ Բովանդակային առումով, ինչ ես լսել եմ, մի քիչ տարօրինակ է։ Չենք կարող չարձանագրել, որ այն քաղաքական ենթատեքստ ունի, և դա ես, ամեն դեպքում, նորմալ եմ համարում, որովհետև դրանք իրար հետ շատ փոխկապակցված են, և եթե կա ինչ-որ խնդիր, ապա պետք է լուծվի հենց քաղաքական մոտեցման կամքով։ Իսկ իրավական առումով՝ աննախադեպ նախագիծ է»։
Արդյոք դա աննախադե՞պ է, և արդյոք չկա՞ դրա միջազգային պրակտիկայի կիրառումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես ինքս տեղյակ չեմ»։
«Հավանաբար, սա ոսկե տարբերակ է, այսինքն՝ որպեսզի և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները ողջ լինեն։ Բայց ասում եմ՝ իրավական առումով ինձ համար տարօրինակ է, և չգիտեմ՝ կա՞ այդպիսի միջազգային փորձ, թե՞ ոչ։ Իրավական առումով վտանգներ այս նախագիծը չի պարունակում, այլ հարց է՝ որքանո՞վ է այն իրավաչափ։ Այսինքն՝ մարդը չի աշխատում, բայց ստանում է գումար․ մի տեսակ չի նայվում»,- հավելեց Պարգև Օհանյանը։