Լուրեր
Վարչապետն ասել է՝ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան․ խոսնակ
  • 14:42
  • 2019-08-19
  • Դիտումներ՝ *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:

«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ:

  • Դիտումներ՝ *