Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Նիկոլն այժմ խճճվել է հակասությունների մեջ և հաճախ ստիպված է ինքն իրեն հերքել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, ամառը դեռ չի ավարտվել, բայց մենք ականատես ենք բուռն զարգացումների:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին ահազանգերը:

– Ձեր կայքում ներկայացվել են  «Սերժին հանձնելու» մասին հանրապետականների քարոզչության հնարավոր դրդապատճառների մասին տարբեր վարկածներ: Օրինակ՝ որ Նիկոլն ու ՀՀԿ-ի ղեկավարությունն այդ կերպ ձգտում են շեղել հասարակության ուշադրությունն Ամուլսարի շահագործման թույլտվության հավանական տրամադրումից:

Ենթադրություններ են արվում, որ հանրապետականները հերթական անգամ համաձայնում են  «Նիկոլի խաղը խաղալ»՝ դրա դիմաց ինչ-ինչ փոխհատուցում ստանալու ակնկալիքով: Մյուսները հակված են կապել Սերժի մոտալուտ ձերբակալությունը Նիկոլ Փաշինյանի վրա ահագնացող հանրային ճնշման հետ, որը գեներալ Սամվել Կարապետյանի  (Օգանովսկու) ցուցմունքների հրապարակումից հետո նոր թափ ու ուժգնություն ստացավ:

Այս կարգի ենթադրությունների համար պարարտ հող է ստեղծել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին մինչև հիմա չեն անհանգստացրել և, ընդհակառակը, պաշտոնանկությունից հետո ոչ միայն հնարավորություն տվեցին  ամիսներով օգտվել  կառավարական ամառանոցից, այլ նաև հնարավորություն էին տվել ազատ մեկնել արտասահման: Եվ իսկապես՝ թող որևէ մեկը մատնացույց անի համաշխարհային պատմության մեջ այնպիսի հեղափոխության օրինակ, որից հետո «մերժված» ու «տապալված» տիրակալը չի ենթարկվել լուրջ սահմանափակումների ու շարունակել է վայելել նախկինում իրեն հասու արտոնությունները:  Շևարդնաձեն  «վարդերի հեղափոխությունից»  հետո փախավ Վրաստանից,  Աբաշիզեն՝ Աջարիայից, իսկ նրանք, ովքեր չէին հասցրել փախչել, ինչպես, օրինակ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, լավագույն դեպքում անմիջապես հայտնվել են ճաղերի հետևում:

Մեր տարօրինակ հեղափոխությունից  հետո «մերժված» ավտորիտար տիրակալի կյանքում կարծես որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Ինչպես նախկինում՝  Սերժն այս անգամ էլ իր ամառային հանգիստն անցկացրեց խաղատներով  հայտնի եվրոպական հանգստավայրերում: Ճիշտ է, այս անգամ նրան ուղեկցում էին ոչ թե Լֆիկն ու Մուկը, այլ Ջերմուկի Արսենյանն ու «Տաշիրի» Սամոն: Բայց դե հաշիվ փակողների ով լինելն այդքան էլ էական չէ: Նախկինում էլ տարբեր օլիգարխներ տարբեր հաշիվներ էին փակում՝ դերերի բաժանում գոյություն ուներ: Իսկ թե ով և ում հաշիվները պետք է փակի՝ որոշում էր նա, ով նստած էր ամենավերևում: Նա էր որոշում, թե ով ում և ինչ չափով պետք է ֆինանսավորի: Եթե հանձնարարությունները չէին կատարվում, գործի էին անցնում դատավորները: Մեր հայտնի ձեռներեցներից մեկին անհրաժեշտ եղավ շաբաթներով պահել բանտում, և միայն այն բանից հետո, երբ նա մի կլորիկ գումար փոխանցեց Սերժիկի եղբոր՝ այսօր փախուստի մեջ գտնվող Լևոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամին, նրան ազատ արձակեցին:

Իսկ թե ի՛նչ էր սպասում նրանց, ովքեր հրաժարվում էին ենթարկվել մաֆիայի պահանջներին, ես ճաշակել եմ իմ մաշկի վրա՝ դատական հաշվեհարդարներ, սեփականության հափշտակումներ, ոստիկանական տեռոր: Եվ այս ամենը նրա համար, որ Սերժի եղբայր Լևոն Սարգսյանը որոշել էր սեփական դրածոյի միջոցով տիրանալ Մոսկովյան 33ա շենքին՝ հեռացնելով այնտեղից նաև ինձ և Հայաստանի քաղաքագետների միությունը, հետո քանդել Թամանյան կրտսերի կողմից նախագծված այդ հրաշալի  շենքը և տեղում կառուցել 18-հարկանի հյուրանոց, որը կարող էր բերել գերշահույթներ Սարգսյանների ընտանիքին:

Մարդիկ այս հրեշավոր մաֆիոզ համակարգի սեգմենտները տեսնում են նաև մեր այսօրվա իրականության մեջ: Մարդիկ պարզ տեսնում են, որ այդ համակարգը՝ իր լֆիկներով, դոդիգագոներով, ժամանակավորապես ծակները մտած մկներով, լիսկաներով, բուլկիներով ու նեմեցներով, չի ապամոնտաժվել: Էլի ինչ-որ կասկածելի հիմնադրամներում կասկածելի ծագում ունեցող միջոցներ են շրջանառվում: Էլի զոռբաները, այդ հիմնադրամներին մուծվելով, բարեհաջող շարունակում են բարգավաճել իրենց հայրենակիցներին կեղեքելու հաշվին: Էլի դատախազությունն անտեսում է մամուլում ներկայացվող բազմաթիվ հաղորդումները հանցագործությունների մասին, քրեական գործեր չի հարուցում նույնիսկ այն դեպքերում, երբ այդ հաղորդումները ներկայացնում են ներկայիս գումարման կամ նախկին գումարումների պատգամավորները:

Այո, ես դա պնդում եմ առաջին հերթին իմ օրինակով: Եվ հայտարարում եմ, որ այսօրվա գլխավոր դատախազը, ով ժամանակին զբաղեցնելով Երևանի դատախազի պաշտոնը՝  Սերժ  ու Լևոն Սարգսյանների հրահանգով առանց տուժող կողմից ցուցմունքներ վերցնելու, ինչը ճչացող հանցագործություն է, կարճել է Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի ավերման կապակցությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ հարուցված քրեական գործը, չպետք է պաշտոնավարեր հեղափոխությունից հետո:

Բայց ոչ միայն իմ օրինակով: Բազմաթիվ այլ օրինակներ կան, երբ պատգամավորը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին, բայց դատախազությունն այն չարամտորեն անտեսում է: Վերջերս պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ անցյալ տարի ամռանը Սևանից բաց թողնված ջրի միայն 40 տոկոսն է հասել գյուղացիներին և օգտագործվել ոռոգման նպատակով: Սևանից բաց թողնված ջրի 60 տոկոսը կորուստների անվան տակ գողացվել է տարբեր բիզնես-նպատակներով: Սա Սևանի ապագան կասկածի տակ դնող համակարգային կոռուպցիայի մասին լուրջ հաղորդում էր, որը ներկայացրել է ԱԺ պատգամավորը, և որի կապակցությամբ դատախազությունը պարտավոր էր անմիջապես հարուցել քրեական գործ: Չէ՞ որ ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում  համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուց է կախված Սևանի գոյությունը, իսկ այդ ուղղությամբ մինչև 2050 թիվը ոչինչ չի նախատեսված: Եվ ո՞վ ասաց, որ Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն դառնալը մեզ համար ավելի կարևոր է, քան Սևանի կամ Ջերմուկի ջրային ռեսուրսների ճակատագիրը:

Հիմա վերոշարադրածի համատեքստում դառնանք Ձեր հարցի բուն էությանը: Այո, հասարակությունը շարունակում է համարել Սերժ Սարգսյանին «չարիքի առանցք» ու  նրա ձերբակալությունը դիտում է որպես հեղափոխության անշրջելիության և քրեաօլիգարխիկ համակարգի վերջնական ապամոնտաժման անհրաժեշտ, բայց ոչ բավարար երաշխիք:  Չեմ կասկածում, որ ներկայիս պայմաններում Սերժ Սարգսյանի համար «բանտարկության» անվան տակ կստեղծվեն ամառանոցային պայմաններ: Մյուս կողմից՝  էլ ի՞նչ ճանապարհով հնարավոր է Միքայել Մինասյանին կարգել ՀՀԿ նախագահի աթոռին: Լավ մտածեք և կհամոզվեք, որ սա «ընտանեկան բիզնեսը» փրկելու միակ ճանապարհն է, և «սերժանտների» ոգևորությունը պայմանավորված է այդ ելքը գտնելով: Շուտով այդ նոր «Ելքին» կմիանան հին ելքականները՝ Նիկոլի նախկին գործընկերները, ինչպես նաև Միշիկի բազմաթիվ համախոհները ներկայիս «քայլականներից», և կենացները կքաղցրանան: Վերակենդանացման այդպիսի շանս ստանալու համար արժի միառժամանակ անցկացնել «սանատորիայում»…

Միքայել Մինասյանը սուր քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանի կառավարումը, հայտարարում է, որ հեղափոխությունը չի բերել ներդրումների աճի, նոր աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի դադարեցման: Այստեղից նա եզրակացնում է, որ մեզանում կատարվածն իրականում հեղափոխություն չէր, այլ ընդամենը անհաջող իշխանափոխություն: Դուք համաձա՞յն  եք:

– Միքայել Մինասյանը պատմական գիտությունների թեկնածու է և պետք է իմանար, որ պատմության մեջ եղած բոլոր հեղափոխություններին միշտ հաջորդել են ավերածություններ, քաղաքացիական կռիվներ, անկումային երևույթներ:

Նորը  ծնվել է տանջալից ցավերով, և իմաստունները միշտ համարել են հարցերի լուծման, նոր ուղիների ամրագրման հեղափոխական ճանապարհը պակաս արդյունավետ և նույնիսկ խիստ անցանկալի: Դրա համար ես մեկ տարի առաջ՝ թարմ հետքերով,  գրել եմ, որ երբեք չեմ ների Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը մեր ժողովրդին հեղափոխական ցնցումների հորձանուտ նետելու համար: Եթե շարմազանովները լկտիաբար չհայտարարեին, որ Հայաստանում դեպի իշխանություն տանող ճանապարհը միշտ պետք է անցնի Մելիք-Ադամյանով, իսկ Սերժ Սարգսյանը չփորձեր սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման գնով շարունակել իշխանության ուզուրպացիան և հետագա փոխանցումը սեփական փեսային, ապա կհաջողվեր խուսափել հեղափոխությունից և ապահովել բարեփոխումներն էվոլյուցիոն ճանապարհով:

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները  մինչև «դանակը ոսկորին հասնելը»  խուսափում են հեղափոխությունից,  քանզի բնազդաբար համարում են, որ ցանկացած հեղափոխություն ազգային դժբախտություն է, ազգային մեծ ողբերգություն է՝ ատելության ու վրեժխնդրության վիթխարի ժայթքում:  Բոլոր հեղափոխությունների շարժիչ ուժը եղել է ու միշտ կլինի սոցիալական ցասումը և սոցիալական ատելությունը. ով ասում է հակառակը՝ ստում է:

Ինչո՞ւ մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը և պահպանել երկրի ղեկավարի կարգավիճակը, ժողովուրդը չէր արձագանքում ընդդիմության հեղափոխական հորդորներին և ոտքի չէր ելնում: Որովհետև հույս ուներ, որ նա կկատարի իր խոստումը և կհեռանա: Այսինքն՝ հեղափոխությունից խուսափելու բնազդն աշխատում էր, ստիպում էր մինչև վերջին պահը ցուցաբերել համբերատարություն: Այսպիսով  հենց Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը և մյուսները, հանեցին ժողովրդին ոտքի և պարտադրեցին հեղափոխության փշոտ ու ցավագին ճանապարհը:  Եվ պատմության առջև հենց նրանք են պատասխանատու այս ցնցումային զարգացումների, պետության կառավարման բեռը այս անփորձ, թերուս երիտասարդների փխրուն ուսերին դնելու համար: Նրանք են դատապարտել մեր ժողովրդին գնալու հեղափոխական ճանապարհով և դրա համար անխուսափելիորեն  կպատժվեն բոլոր հեղափոխություններին բնորոշ անողոքությամբ…

Պարոն Հովհաննիսյան, ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Այսինքն՝ Մոսկվան չի արտահանձնի Միհրան Պողոսյանին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը։                                

– Իսկ ի՞նչ եղան Լևոն Սարգսյանին, Սաշիկ Սարգսյանի որդի Գոնսալեսին, բնապահպանության նախկին նախարար Բուլկիին, Սերժի խնամի բժիշկ Մինասյանին, Սերժի Վաչոյին պատասխանատվության ենթարկելու հարցերը: Այդտեղ է՞լ է Մոսկվան մեղավոր:

Մի մոռացեք, որ  Վիկիլիքսի կողմից հրապարակված փաստաթղթերով այդ նույն պանամյան օֆշորում, որտեղ 800 միլիոն դոլար է պահ դրել Միհրան Պողոսյանը,  մի մեծ գումար էլ ունի ՌԴ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Վարդան Տողանյանը:  Նրանք միասին են հայտնվել Վիկիլիքսի պանամյան ցուցակում,  և Սերժը իզուր չի ժամանակին  հենց Տողանյանին նշանակել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, և Նիկոլը իզուր չի նրան այդ պաշտոնում պահել:

Վերջին հաշվով՝ կասկած չի հարուցում, որ այդ  պարոններն ընդամենը Սերժիկի փողերի պահապաններն են և հենց դրա շնորհիվ էին զբաղեցրել բարձր պետական պաշտոններ, իսկ հիմա խույս են տալիս պատասխանատվությունից:  Ընդհանրապես՝ ոչ ոք հենց այնպես, պատահաբար արդարադատությունից  խույս չի կարող տալ: Ամեն ինչ մտածված է արվում, քանզի մաֆիան կազմակերպված ուժ է…

Գուցե  հրաժարվելով արտահանձնել Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանը փորձում է հեղինակազրկե՞լ Հայաստանի նոր իշխանություններին:

– Ռուսաստանը հոգու խորքում շատ էլ գոհ է Հայաստանի ներկա իշխանություններից, քանզի Հայաստանում իշխանափոխությունից հետո այլ սպասումներ՝ տագնապներ ուներ: Իսկ հիմա Մոսկվան Հայաստանի կապակցությամբ ցնծության մեջ է: Պարզվեց, որ արևմտամետի համբավ ունեցող հայ քաղաքական առաջնորդներից հնարավոր է ավելին կորզել, քան ռուսամետների համբավ ունեցողներից: Վերջինները Մոսկվային սեփական լոյալությունը հավելյալ զիջումների միջոցով ապացուցելու խնդիր չունեին, իսկ սորոսականների համբավ ունեցող ներկա վարչակազմը վերջնականապես խճճվել է Ռուսաստանին սեփական հավատարմությունը ցույց տալու, Իրանին սիրաշահելու և Թրամփին չվրդովեցնելու անհաջող փորձերի մեջ:

Իսկ Միհրան Պողոսյանի պատմությունն իրականում շատ ճղճիմ բովանդակություն ունի: Ո՞ր ռուս չինովնիկի ոտքերը չեն դողա 800 միլիոնանոց տղայի հետ գործ ունենալու հնարավորությունից: Էկոնոմիկայի նախարար Ուլյուկաևը բոյն առած Սեչինի հետ կռիվ էր տալիս երկու միլիոնի համար և հանուն այդ գումարի պաշտոնը կորցրեց ու հայտնվեց բանտում: Այլ հարց է, որ դավաճան Միհրանը մեր ժողովրդից թալանած գումարներով  ռուս չինովնիկներից պաշտպանություն ու անպատժելիություն է գնել: Իհարկե, գոյություն ունի նրան պատժելու հազար ու մի ձև, բայց համոզված չեմ, որ մեր իշխանություններն իսկապես ձգտում են նրան, ինչպես և մյուս փախածներին, պատժել:

Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար։ 

– Այդ մարտահրավերներն իսկապես չափազանց լուրջ են: Բանն այն է, որ իշխանության հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին իր նախագահության արդյունքում ձևավորված ցուգցվանգային քաղաքական օրակարգը:  Այն, որ Նիկոլն այժմ խճճվել է հակասությունների մեջ և հաճախ ստիպված է  ինքն իրեն հերքել, Հայաստանի քաղաքական խաղատախտակում այդ ցուգցվանգային իրավիճակի հետևանքն է: Մեկ ասում է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանզի իրեն արցախահայերը չեն ընտրել: Հետո, հասկանալով, որ այդ կարգի հայտարարություններով թուլացնում է իր դիրքերն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում, գնում է Ստեփանակերտ և հայտարարում երկու հայոց պետությունների միջև  կայացած անշլյուսի մասին: Եվ այսպես բոլոր հարցերում մենք տեսնում ենք հարափոփոխ մոտեցումներ: Այնպիսի տպավորություն է, որ ձեռքը գցում է տարբեր ֆիգուրների, բայց քայլ անելու դեպքում պարտվելու վտանգը ստիպում է նրան վերջին պահին հրաժարվել այդ քայլից և մտածել մյուսի մասին: Հետո պարզվում է, որ այդ մյուսն էլ է տանում պարտության:

Մեկ հայտարարում է, որ Իրանի նախագահ Ռոհանիին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների ղեկավարների երևանյան գագաթաժողովին: Հետո հայտարարում է  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի շուրթերով, որ գործադրվում են հերթական ճիգերը Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  միջանցքում, վերելակում կամ պարզապես ոտքի վրա հանդիպելու համար:

Եթե մեկ տարի առաջ՝ ՀԱՊԿ-ի այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար Խաչատուրովի ձերբակալությունից հետո ու մինչև Սիրիա մեր ականազերծներին ուղարկելը, Արարատ Միրզոյանին շաբաթներ ԱՄՆ-ում անցկացնելու արդյունքում չհաջողվեց լուծել Թրամփ-Փաշինյան թեկուզ ոտքի վրա հանդիպման խնդիրը, ի՞նչ սին հույսեր են փայփայում մերոնք այժմ: Թրամփի հոգեբանական կերպարն աչքի առաջ ունենալով՝ դժվար է պատկերացնել, որ նա կցանկանա հանդիպել Իրանի և ԵԱՏՄ-ի մերձեցման առաքելությունն իր վրա վերցրած առաջնորդի հետ: Այդ դեպքում արժի՞ թմբկահարել մի խնդրի մասին, որը ակնհայտորեն և այս էլ երկրորդ անգամ չես կարողանալու լուծել:

Մի բան է, երբ ԱՄՆ-ը մի կերպ համաձայնում է աչք փակել  Իրանի հետ Հայաստանի համագործակցության վրա, բայց մի այլ բան է, երբ Հայաստանը բացահայտորեն լծվում է  Իրանի և ԵԱՏՄ-ի մերձեցումը սպասարկելու գործին:  Իրանի հետ համատեղ ծրագրեր իրականացնող հայաստանյան երկու կազմակերպությունների նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցները ցույց են տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մինչև վերջ չհաշվարկված  տարաբնույթ քայլերը:

Պարզից էլ պարզ է, որ ինչպես ամերիկացիները գին չտվեցին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ձերբակալությանը, այնպես էլ ռուսները չեն գնահատելու Նիկոլ Փաշինյանի այս հերթական ծառայությունը:  Ընդհանրապես այս քաղաքականությունը, որը բնորոշ էր նաև Սերժ Սարգսյանին, և որը ես ժամանակին բնութագրել եմ որպես  «ճոճանակային քաղաքականություն», աշխարհաքաղաքական կենտրոններից և ոչ մեկի կողմից չի ողջունվում:

Մանավանդ նրանց միջև առաջացած սուր հակադրության այս ժամանակաշրջանում:

Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, երբ հայտարարում է, որ շարունակում է Սերժ Սարգսյանի  արտաքին քաղաքականությունը, որ չի վերանայել այդ քաղաքականության «ճոճանակային»  բնույթը: Սակայն հենց այդ ճոճանակային քաղաքականությունն է հանգեցրել խաղատախտակին ցուգցվանգի իրավիճակի առաջացման, և այդ քաղաքականության շարունակությունը միայն կարող է վատթարացնել խաղային դիրքերը:

Արտաքին քաղաքական խնդիրների և այսօրվա չափազանց ծանր վիճակից պատվով դուրս գալու հնարավոր ուղիների վերաբերյալ ավելի կոնկրետ քննարկումը պատրաստ եմ շարունակել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ և փակ դռների հետևում: Մեկ տարի է անցել, բայց ես դեռ հույս ունեմ, որ այս իշխանությունը վերջապես հաշվի կառնի հասարակական կարծիքը: Վերջապես  կհասկանա, որ 21-րդ դարում հասարակական կարծիքն ամբոխի տրամադրություններով չի պայմանավորվում, այլ զուտ  մասնագիտական տեսակետների զտման  ու գիտական ամփոփման արդյունք է: Ես իմ օգնությունն առաջարկել եմ դեռ մեկ տարի առաջ՝  Նիկոլ Փաշինյանին փոխանցված նամակում: Հիմա, երբ հեղափոխական էյֆորիան անցել է, և թմբուկներին փոխարինելու են եկել ջազային բլյուզները, ես իմ և ՀՔՄ անունից կրկնում եմ համագործակցության առաջարկությունս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում