Լուրեր
Կան մարդիկ, որոնց թվում է, թե հեղափոխությունն արվել է, որ անարխիա լինի երկրում

«Սփյուռքը միշտ էլ ապրել է Հայաստանով, որովհետև երբ ոտքիդ տակ հող չունես, շատ ավելի անվստահ ես քեզ զգում, վստահությունը գալիս է քո երկրից, քո հայրենիքից: Իսկ Հայաստանում Սփյուռքի վերաբերմունքը մի քիչ այն չի եղել: Մենք մի ազգ ենք, մեզ օտար պետք է լինեն հայաստանցի, սփյուռքահայ, ղարաբաղցի և այլ տարբերակումները, մենք բոլորս հայ ենք, մենք արդեն 21-րդ դարում ենք ապրում, և մեր գիտակցությունը շատ ավելի բարձր պետք է լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան, վաստակավոր արտիստ ժան Նշանյանը:

Անդրադառնալով հարցին, որ վարչապետն իր արցախյան ելույթում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին խոսեց, բայց որքանո՞վ այդ տեսլականն իրականություն կդառնա, Նշանյանը պատասխանեց, որ վարչապետն, անշուշտ, լավ բաներ է ասում, բայց նախ յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է ասի. «Մենք պետք է ինքներս մեզ փոխենք և պետք է սկսենք ամենամանր բաներից՝ միմյանց հարգելուց ու սիրելուց, չհայհոյելուց, զիջելուց… Կարծում եմ, որ հեղափոխությունները գալիս անում են, բայց առաջին հերթին մարդն իրեն պետք է փոխի՝ դառնա նոր մտածելակերպով, ինքն իրեն հարգի և ավելի շատ սիրի իր հայրենիքը:

Կան մարդիկ, որոնց թվում է, թե հեղափոխությունն արվել է, որ անարխիա լինի երկրում, ինչ ուզեն անեն, բայց հակառակը՝ ավելի շատ պարտավորված ու զգոն պետք է լինել: Անարխիայից հեռու պետք է պահենք մեզ»:

Դերասանը մտահոգություն արտահայտեց այն առնչությամբ, որ մշակույթն այլևս այն բարձրության վրա չէ, ինչ-որ եղել է ժամանակին. «Այսօր սպառողական մշակույթը, զավզակություն կոչված կոմեդիան բոլորին խելքահան է արել…

Մենք 25 տարի ներկայացումներ ենք արել, մարդիկ եկել-նայել են: Այսօր չենք անում: Հոգնել ենք զոռով տոմս վաճառելուց, թող նոր սերունդը գա գործ անի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *