Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մասշտաբային հրդեհի պատճառով այրվել է 15 հազար տուն, ինչի հետևանքով մոտ 50 հազար մարդ մնացել է առանց բնակության վայրի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հրդեհը, որն արագ տարածվել է մեծ քանակությամբ պլաստիկ տանիքների պատճառով, բռնկվել է օգոստոսի 17-ին Միրպուր շրջանի հետնախորշերում: Փրկարարներից պահանջվել է ավելի քան 6 ժամ կրակը հանգցնելու համար: Հայտնի է մի քանի տուժածների մասին, զոհվածների մասին առայժմ չի հաղորդվում: Հրդեհի պատճառները ևս հայտնի չեն:
Նշվում է, որ վնասված հետնախորշերում հիմնականում բնակվում են ցածր վարձատրվող աշխատողները, որոնցից շատերը տանից գնացել էին մուսուլմանական Կուրբամ Բայրամ տոնակատարությանը:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ օգնում են հազարավոր մարդկանց, որոնք մնացել են առանց տանիքի: