Դեռահասները, ովքեր չափազանց շատ ժամանակ են ծախսում սոցիալական ցանցերում շփվելիս և հեռուստացույց դիտելիս, ավելի հաճախ են դեպրեսիվ խանգարումների զոհ դառնում: Նման եզրակացության, ինչպես գրում է JAMA Pediatrics ամսագիրը, եկել են կանադացի հետազոտողները:
Համարվում է, որ գաջեթների հաճախակի օգտագործումը սպառնալիք է ներկայացնում փխրուն հոգեկերտվածքի համար, բայց Մոնրեալի համալսարանի աշխատակիցները նշում են, որ գաջեթների ազդեցությունը կարող է տարբեր լինել: Օրինակ՝ դեռահասները, ովքեր գաջեթները օգտագործում են խաղերի համար, ավելի քիչ են հակված ընկճախտի, քան իրենց հասակակիցները, ովքեր բջջային սարքեր են օգտագործում սոցցանցերում «նստելու» համար: Բացի այդ, տեսախաղերը այնքան էլ վտանգավոր չեն հոգեկան առողջության համար, որքան հեռուստատեսությունը, որը, ի դեպ, վնասի աստիճանի առումով կարող է մրցակցել սոցցանցերի հետ: