Լուրեր
ԱՄՆ կողմից Հայաստանի նկատմամբ կա բացասական նախապաշարմունք․ ինչ կարևոր մեսիջներ կփոխանցի Փաշինյանը
  • 22:15
  • 2019-08-17
  • Դիտումներ՝ *

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, Լոս Անջելեսում վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի հետ: Հնչում են կոչեր, որ համայնքի ներկայացուցիչները մի կողմ թողնեն տարաձայնությունները և գնան այդ հանդիպմանը: Կարծիք կա, որ դա կարող է որոշակիորեն ազդել նաև ԱՄՆ քաղաքական հետագա գործընթացների, մասնավորապես նախագահական ընտրությունների վրա: Մեծ Բրիտանիայի Պետական կառավարաման ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանն այդ կարծիքին չէ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ ավելի կարևոր հարց է այն, թե ինչ կարևոր մեսիջներ է փոխանցելու Նիկոլ Փաշինյանը հայ համայնքին: «ԱՄՆ հայ համայնքին քաղաքանապես հասուն մեսիջներ փոխանցելու համար պետք է հստակ տեսլական ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: Մենք այդ տեսլականը չունենք: Ավելին՝ հայ քաղաքական էլիտան վերջին 25 տարիներին չի կարողացել ձևակերպել այդ տեսլականը: Կարծում եմ՝ հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերությունների ցածր մակարդակը՝ անկյունաքարային հարց է ձևակերպել հայ-ամերիկյան հարաբերությունների գոնե ընդհանրացված օրակարգ՝ հիմնված ռազմավարական տեսլականի վրա»:

«Մենք ունենք ինստիտուցիոնալ և խորքային պրոբլեմ: Ինչ ամբիցիաներ ունի Հայաստանը միջազգային փոփոխվող հարաբերությունների համակարգում, ինչ հավակնություններ ունի… Մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ ադապտացվել փոփոխվող աշխարհակարգին՝ փորձելով համադրել հայաստանյան արտաքին քաղաքական շահերի հետ, կա՛մ սպասել, որ որևէ ուժ մեզ կադապտացվի՝ իր շահերին և ծրագրերին համապատասխան:
Մենք խնդիր ունենք ցույց տալու, որ արժեքավոր պետություն կարող ենք լինել, քան կանք, դրա համար պետք է հանդես գանք տարբեր առաջարկություններով… Մենք պետք է հստակ կարողանանք ձևակերպել մեր տեսլականը և ամբիցիաները»,- նշեց փորձագետը:

Աբրահամյանի գնահատմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ այցելությունները ԱՄՆ դրական են, բայց պետք է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը թարմացնել: Նրա կարծիքով՝ Հայկական կողմը պասիվ է. պետք է ոչ թե սպասել որ գործակցության ճանապարհ առաջարկվի, այլ հանդես գալ առաջարկություններով:
Փորձագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամաբ ունի բացասական նախապաշարմունք, քանի որ Երևանը դիրքավորվել է ԱՄՆ-ի հակառակորդներ Ռուսաստանի, Իրանի և արդեն իսկ Սիրիայի կողքին. «Եվ դրանից էլ բխում են այն ենթադրություններն ու եզրակացությունները, որոնք արվում են ԱՄՆ վերլուծական կենտրոններում: Պետք է փորձել այս պարադիգման փոխել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *