Լուրեր
Ամուլսարի հարցով հակաճգնաժամային կառավարման փուլում ենք. կառավարությունը ռիսկի կդիմի՞

Ամուլսարի շուրջ ստեղծվել է բավականին բարդ կացություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ուսումնասիրել Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության եզրակացությունը որոշում կայացնելու համար: Այս որոշումը կարող է կառավարության առաջնահերթությունների կարևոր ցուցիչ դառնալ: Ամուլսարի հարցը բնապահպանական է, բայց նաև ներդրողների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, պետական պարտավորությունների և, որ ամենակարևորն է, ինքնիշխան որոշումների հարց է: Ամեն դեպքում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը մոտ է հանգուցալուծման:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գևորգ Պապոյանը, գրող-հրապարակախոս Սարգիս Հովսեփյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև ներքին և արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական: «Խոսքն օգտակար հանածոների մասին է. օգտակարության գործակիցը պետք է գտնել և իմանալ՝ դա մեզ համար օգտակար է, թե ոչ»,- նշեց Ազատ Արշակյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը երկընտրանքի առաջ է: «Պետք է հաշվի առնել համաշխարհային տնտեսական փորձը, չպետք է մեկուսացման ճանապարհը բռնել, անշուշտ՝ կարևորելով նաև բնապահպանական խնդիրը, նորմերի պահպանությունը:

Սարգիս Հովսեփյանի խոսքով՝ թափանցիկ չի եղել փորձագիտություն իրականացրած ընկերության ընտրությունը: «Փորձագիտական եզրակացությունը չի փարատել կասկածները»,- նշեց գրողը:

Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ կառավարությունը որոշակի ռիսկերի է գնացել փորձաքննության գնալով՝ կապված նրա հետ, որ Հայաստանի ներդրումային գրավչության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ մեկ տարի շարունակ միջազգային խոշորագույն ներդրումներից մեկը ձգձգել ենք՝ հանուն բնապահպանության, հանուն հանրային շահի:

Անդրադառնալով միջազգային կազմակերպության կողմից իրականացրած փորձաքննության եզրակացությանը՝ պատգամավորն ընդգծեց, որ անկախ նրանից, մենք դա կընդունենք, թե ոչ, միջազգային հանրությունը հենց այդ եզրակացությունն է հիմք ընդունելու: Պատգամավորն առանձնացրեց երեք կարևոր ուղղություններ՝ ջրային, օդային և կենսաբազմազանություն, և ընդգծեց, որ ըստ եզրակացության, այդ ուղղություններով նորմերի խախտումներ չեն լինելու, աղտոտումներ չեն լինելու և խնդիրներ չեն առաջանալու կամ առաջանալու դեպքում նվազագույն խնդիրներ են լինելու: Այսինքն՝ ունենք եզրակացություն, որն ապահովում է Հայաստանի պարտությունը միջազգային արբիտրաժային դատարանում: Պատգամավորն ընդգծեց, որ խնդրի տնտեսական կողմին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Չպետք է մոռանալ ներդրումների մասին: Որևէ խոշոր ներդրումային ընկերություն կգա՞ ներդրում անելու մի երկրում, որտեղ ամերիկյան ընկերությունը մի քանի միլիոնի ներդրում է արել, այնուհետև նրան վռնդել են երկրից»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *