Լուրեր
Քոչարյանի պաշտպանի խիստ անբարոյական հայտարարությունը կարող է շահարկվել Բաքվի կողմից
  • 17:40
  • 2019-08-16
  • Դիտումներ՝ *

«Նախ՝ դատապաշտպանի իրավասության մեջ չի մտնում նման գնահատականներ տալու, թե արդյոք ազատագրված տարածքները մաս կազմո՞ւմ են Արցախի Հանրապետությանը, թե՞ ոչ: Նա ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունների շրջանակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի աղմկահարույց հայտարարությանը 2008 թվականի Մարտի 1-ին Արցախից զինվորականների գումարտակ բերելու վերաբերյալ:

Բացի այդ, Պապյանի խոսքով, նա արել է խիստ անբարոյական հայտարարություն, որովհետև դա կարող է շահարկվել Բաքվի կողմից. «Եվ վստահ եմ՝ շահարկվում է»:

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք ունենք Արցախի Հանրապետության Սահմանադրություն, որտեղ ազատագրված տարածքները համարվում են Արցախի Հանրապետության մաս՝ մինչև հարցի վերջնական լուծումը: Եվ քանի որ հիմա հարցի վերջնական լուծում չկա, հետևաբար 2008-ին էլ չկար, դա Արցախի Հանրապետության մաս է՝ ըստ այդ փաստաթղթի: Բայց կան նաև այլ՝ միջազգային փաստաթղթեր, որոնք ճանաչում են այդ տարածքը որպես հայաստանյան վերահսկողության տակ գտնվող տարածք, և հետևաբար ամբողջ Արցախի սուվերենը Հայաստանի Հանրապետությունն է»:

Արա Պապյանի խոսքով՝ եթե 700 սպա և ենթասպա է տեղափոխվում ռազմաճակատային գծից, առնվազն 7000 զինվոր մնում է առանց ղեկավարության, ինչից օգտվել է Ադրբեջանը. «Կարծում եմ՝ մարդիկ սեփական շահերը պաշտպանելու համար պետք է հայրենիքին վնասող հայտարարություններ չանեն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *