Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը հայտարարել է, որ նոր քաղաքապետի ընտրվելուց հետո հավանական է, որ Տրիումֆալնայա հրապարակում ընդդիմությանը թույլատրվի հանրահավաքներ անցկացնել: «Մենք հանգիստ ենք վերաբերվում նման հավաքներին: Ժողովրդավարական պետության համար դա նորմալ երեւույթ է: Կարեւորն այն է, որ ամեն ինչ լինի օրենքով: Եթե բազմամիլիոնանոց Մոսկվայում երկու հարյուր մարդ ցանկանում է ամեն ամսի 31-ին պարտադիր Տրիումֆալնայա հրապարակում հանրահավաք անցկացնել, ապա դա նրանց պետք է թույլատրվի: Համոզված եմ, որ մայրաքաղաքի նոր քաղաքագլուխը կգտնի ճիշտ որոշում: Եվ այդ որոշումը կլինի նախագահի վարած քաղաքականությանը համահունչ»,-ասել է Սուրկովը:
Միաժամանակ նա նշել է, որ ընդդիմության մեջ չպետք է առաջանա ամենաթողության մթնոլորտ:
Հիշեցնենք, որ ամեն ամսվա 31-ին ընդդիմությունը հանրահավաքներ էր փորձում անցկացնել Տրիումֆալնայա հրապարակում: Թիվը պատահական չէ ընտրված, քանի որ Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է քաղաքացիների ազատ հավաքների, երթերի իրավունքը: Սակայն մինչեւ հիմա բոլոր այդ երթերն ու հանրահավաքները ցրվել են իշխանությունների կողմից: