ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի հերոսի կոչումն ունեցող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ՝ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ. փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Քոչարյանի փաստաբանի հայտարարությունը չի ցանկանում մեկնաբանել, քանի որ Հայաստանի ներքաղաքական, իրավական գործընթացներին իրենք չեն միջամտում. «Դա պետք է պատկան մարմիններից հարցնեք»։
Միևնույն ժամանակ Բաբայանը նշեց. «Ճիշտ չէ, որ Արցախը միջամտի այդ բոլոր գործընթացներին, մենք կարևորում ենք օրենքի գերակայությունը։ Բայց կա Արցախի Սահմանադրություն, դուք կարող եք նույնիսկ ինձ չհարցնել և կարդալ այդ Սահմանադրությունը։ Այնտեղ կա Արցախի վարչատարածքային բաժանումը՝ ինչքան շրջաններ կան, որոնք են շրջկենտրոնները. այնտեղ ամեն ինչ նշված է»։
Բաբայանը ընդգծեց՝ գնահատական տալ չի ուզում, բայց Արցախի Սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ նշված է. «Արցախը ունի 7 շրջան և մայրաքաղաք Ստեփանակերտը, որի կարգավիճակը գրեթե նույնացված է շրջաններին։ Այդ շրջաններն են Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանները։ Այս բոլորը կարող եք ճշտել ու պատկերացում ստանալ Արցախի շրջանների մասին»։
Դիտարկմանը, թե մենք այդ պատկերացումն ունենք, բայց խնդիրը Քոչարյանի փաստաբանի հայտարարությունն է, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել՝ շահարկումներից զերծ մնալու համար, ես պարզապես խորհուրդ եմ տալիս նայել Սահմանադրությունը»: