Վրացիներն ու աբխազներն ընդհանուր արմատներ ունեն, և մեր ապագան նույնպես պետք է ընդհանուր լինի: Այդ մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին հայտարարել է Բակուրիանիում՝ տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Կառավարության ղեկավարն արձագանքել է Աբխազիայում պատերազմի սկսվելու 27-րդ տարելիցին՝ նշելով, որ օգոստոսի 14-ը ծանր օր է Վրաստանի նորագույն պատմության մեջ և սաստիկ ցավ՝ յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Այսօր՝ օգոստոսի 14-ը, ծանր օր է մեր նորագույն պատմության մեջ, սաստիկ ցավ և, իհարկե, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ապրում է այդ ցավը: Մենք՝ վրացիները և աբխազները, ընդհանուր արմատներ ունենք, ուստի մեր ապագան նույնպես պետք է ընդհանուր լինի: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի այդ ցավը հաղթահարենք: Դա եղբայրասպան պատերազմ էր, ընդհանուր ցավ, և մենք պետք է միասին հաղթահարենք այդ մարտահրավերները: Ես վստահ եմ, որ խաղաղությամբ և զարգացմամբ մենք անպայմանորեն կհասնենք մեր երկրի խաղաղ միավորմանը և բարգավաճող ընդհանուր երկրի ստեղծմանը: Խաղաղությունն ու զարգացումն այլընտրանք չունեն»,-ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: