Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը հայտարարեց, որ արտաքին քաղաքական ասպարեզում շրջադարձեր չեն լինելու։ Այս հայտարարությունը դարձավ արտաքին քաղաքականության համար ուղենիշային, ինչը տարբեր շրջանակներում՝ թե՛ փորձագիտական, թե՛ դիվանագիտական, թե՛ պատգամավորների կողմից քննադատվում է այսօր․ նշվում է նոր Հայաստան, բայց վարվում է հին արտաքին քաղաքականություն։
«Մի քիչ դժվար է ասել, որ քննադատությունը շատ տեղին է, որովհետև, եթե այլընտրանքային արտաքին քաղաքականության հնարավորություն լիներ, գուցե նախկինում էլ այդ այլընտրանքային արտաքին քաղաքականությունն իրագործվեր։ Քննադատվում է նրա համար, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների որակը չի փոխվել․ ոնց Հայաստանը կար Ռուսաստանի կողքին, էդպես էլ կա։ Այն մարդիկ, որոնք քննադատում են, ասում են՝ մենք չենք վստահում Ռուսաստանին։ Շատ լավ։ Այդ դեպքում ասեք՝ ում եք ավելի շատ վստահում, որ եթե հանկարծ արցախյան ճակատում պատերազմական գործողություններ սկսվեն, իրենք կմիջամտե՞ն։ Օրինակ՝ 2016-ին Ռուսաստանը միջամտեց ու կասեցրեց մարտական գործողությունների շարունակական ծավալումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը։
Իսկ արդյոք Ապրիլյան պատերազմը ցույց չտվե՞ց, որ Ռուսաստանը միջամտեց բացառապես այն բանից հետո, երբ Հայաստանը կարողացավ իր ներքին ուժի, իր զինվորների, իր հարյուր զոհերի շնորհիվ, իր չգործող ինստիտուտների պայմաններում կարողացավ կանգնեցնել այդ ալիքը «Առաջին լրատվական»-ի հարցին Արմեն Զաքարյանը պատասխանեց․ «Ես չեմ առարկում։ Իսկ եթե հանկարծ չլիներ ու պատերազմական գործողությունները շարունակվեին, մենք ո՞ւր էինք հասնելու։ Նույն Ռուսաստանն այնքան զենք է վաճառել Ադրբեջանին, որ եթե աշխարհաքաղաքական դասավորությունն էնպես լինի, որ զուտ մնան միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, էդ դեպքում ի՞նչ է լինելու։ Ես կուզեմ, որ էդ քննադատությունների մեջ ես էդ հարցերի պատասխաններն էլ ես ստանամ»։
Մանրամասները՝ տեսանյութում։