ԱՄՆ առևտրի նախարարությունն իր սև ցուցակում է ներառել աշխարհի տասնյակ երկրներից, ներառյալ՝ Հայաստանից, մի շարք ընկերությունների։
Պատժամիջոցների ցուցակում ներառվել է Հայաստանից երկու ընկերություն՝ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ ) և «Մարկել» ՓԲԸ-ն։
«ԵրԿՄԳՀԻ -ն ստացել և վերաարտահանել է ԱՄՆ-ի արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկողության ցուցակ»-ից ապրանքներ՝ առանց անհրաժեշտ լիցենզիաների։ Ինչպես նաև անձը, որը ԵրԿՄԳՀԻ -ի գործադիր տնօրենն է և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, իրանական կազմակերպության հետ բիզնեսով է զբաղվում, որը ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո է»,-ասվում է ԱՄՆ-ի դաշնային ռեեստրի կայքում հրապարակված փաստաթղթում։
ԱՄՆ-ի առևտրի նախարարության պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություններ՝ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից։