
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին երեկոյան հրավիրել է օպերատիվ շտաբի արտակարգ նիստ, որի պատճառը Մեղրու տարածաշրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհն է: Հայաստանն ընթացիկ տարում կարծես թե գտնվում է պերմամենտ հրդեհների օղակում, որոնք ծավալով չեն հասնում 2017 թվականի խոշոր հրդեհին, որ բռնկվել էր Խոսրովի արգելոցում և գրեթե մի ամբողջ շաբաթ ուղղակի սուր տագնապի մեջ էր պահում երկիրը, սակայն ներկայումս պերմանենտ հրդեհները, բռնկումները, բառի բուն իմաստով, նյարդի վրա են պահում պետական կառավարման համակարգը: Իսկ խոսքն այն համակարգի մասին է, որի վերաբերյալ դեռևս 2014 թվականին կազմված գաղտնի զեկույցի մասին օրերս բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այդ զեկույցում կոռուպցիայի անասելի չափի մասին գնահատականի և կոռուպցիայից զերծ ռեժիմում պետական կառավարման համակարգի խնդրահարույց արդյունավետության, ինստիտուցիոնալ անկատարության մասին: Ընդ որում՝ այդ հանգամանքը, խոշոր հաշվով, բավականին արտահայտիչ դրսևորվեց հենց Խոսրովի անտառում 2017 թվականին բռնկված հրդեհի պայմաններում, հատկապես երբ դրանից ամիսներ անց՝ 2017 թվականի դեկտեմբերին, բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը խորհրդարանում հայտարարեց, որ, ըստ ամերիկացի մասնագետների տրամադրած արբանյակային լուսանկարների, Խոսրովի հրդեհը բռնկվել է համաժամանակյա երեք տարբեր օջախներով, միմյանցից բավականին հեռու: Սա նշանակում է, որ, մեղմ ասած, մեծ է դիտավորյալ հրկիզման հավանականությունը, ինչը խոսում է հենց պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ թերատության մասին՝ թե՛ վերահսկողական գործառույթների կազմակերպման, թե՛ հետագայում քննության տեսանկյունից: Որովհետև, հիշեցնենք, բնապահպանության նախարարի այդպիսի հայտարարության պայմաններում, 2018-ի մարտին Խոսրովի հրդեհով քրգործը ուղղակի կարճվեց:
Այս իրադրության պայմաններում ներկայիս հրդեհածին աշխուժությունը տալիս է մտորումների և մտահոգության տեղիք: Որևէ մեկը չի կարող պնդել, որ հրկիզումները դիտավորյալ են, սակայն ակնառու է, որ իրավիճակը մարտահրավեր է պետական կառավարման համակարգին: Ընդ որում՝ հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը դեռևս ամիսներ առաջ ստեղծեց օպերատիվ շտաբ՝ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, այսպես ասած, կանխարգելիչ տրամաբանությամբ փորձելով արձագանքել հնարավոր ռիսկերին: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթով Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն փորձեց բացել երկխոսություն հեռանկարների, ռազմավարական նպատակների և խնդիրների շուրջ՝ թերևս յուրովի ազդարարելով հետհեղափոխական օպերատիվ կառավարման տրամաբանությունից անցման մեկնարկը, ինչը կարող էր վկայել օպերատիվ կառավարման ռեժիմում որոշակի կայուն հանգրվանի մասին:
Հրդեհածին իրավիճակը անշուշտ պայմանավորված է եղանակային պայմաններով, բայց արդյո՞ք այդ եղանակը բարենպաստ չէ նաև այն խմբերի համար, որոնց համար ցանկալի չէ Հայաստանում օպերատիվից ռազավարական կառավարման ռեժիմի անցման միջավայրը: