Միացյալ Նահանգներին չի հաջողվի կանգնեցնել Թուրքիայի ծրագրած ռազմական գործողությունը Սիրիայում, Եփրատի արևելյան ափին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Թուրքիան թույլ չի տա Միացյալ Նահանգներին կանգնեցնել Եփրատից արևելք գործողություն սկսելու գործընթացը, ինչպես նրանք դա արեցին Մանբիջի դեպքում»,- նախարարի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:
«Մենք Եփրատից արևելք ընկած գոտին ամեն գնով մաքրելու ենք Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» ահաբեկիչներից, ինչպես դա արեցինք Սիրիայում՝ Աֆրինում և Ջերաբլուսում»,- հավելել է թուրք նախարարը:
Դեռ օգոստոսի սկզբին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոստացել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում, Եփրատի արևելյան ափին:
Ի պատասխան, պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է կանխել Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է դուրս բերել ԱՄՆ զորակազմը Սիրիայի այն գոտուց, որտեղ գործողություններ է իրականացնում թուրքական բանակը:
Այժմ Անկարան փորձում է քայլեր մշակել, որոնք անհրաժեշտ է իրականացնել, երբ ամերիկացիները լքեն այդ գոտին: