Մոտակա ամիսներին առողջապահության նախարարությունը ներկայացնելու է առողջության համապարփակ պետական ապահովագրության հայեցակարգը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թըրփանջյան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի հետ։
Քանի որ ոլորտին քաջատեղյակ եք և տարբեր միջազգային պարբերականներում հանդես եք եկել, ուսումնասիրել եք միջազգային փորձը, չե՞ք ասի՝ ինչպիսին պետք է լինի մեր ապահովագրական համակարգը, և ի՞նչ կարող ենք սպասել այս համակարգից․ «Առաջին լրատվական»-ի հարցին Վարդուհի Պետրոսյանը պատասխանեց․ «Իհարկե, կարող եմ ներկայացնել միջազգային փորձը, բայց մինչ այդ կցանկանայի անդրադառնալ մի հանգամանքի, որ առողջապահական շուկաները նորմալ չեն։ Այսինքն՝ շատ հաճախ հնչեցվում է այն գաղափարը, որ կարելի է ամեն ինչ թողնել շուկային և շուկայական հարաբերություններին, և ինքնին ամեն ինչ կվերահսկվի։ Սակայն դա այդպես չէ, քանի որ առողջապահության համակարգում կա ասիմետրիա։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը հիվանդանում է և գնում է բժշկի, նա չգիտի, թե իրեն ինչ է հարկավոր։ Երբ մենք գնում ենք հաց գնելու՝ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում գնել, մոտավորապես կարող ենք պատկերացնել, թե ինչ կարժենա այն մեզ համար, և արդեն կարող ենք մեզ համար ցանկալի առևտուր անել։ Իսկ երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, ապա այստեղ մեծ խնդիր կա, քանի որ մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է հարկավոր։ Այսինքն՝ այստեղ արդեն առողջապահության աշխատակիցները կարող են որոշել, թե ձեզ ինչ է հարկավոր։
Նույն ձևով ապահովագրական կազմակերպությունները չգիտեն, թե այդ մարդը արդյոք հիվանդ է։ Այսինքն՝ կա մեծ ռիսկայնություն․ իրենք կարո՞ղ են մեծ ծախսեր անել, թե՞ ոչ։ Այստեղից գալիս են շուկայի ձախողումները։ Տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ են ընդունել, որպեսզի կարողանան այդ ձախողումները կարգավորել»։
«Ապահովագրությունը կարող է կազմակերպվել մեկ կամ բազմակի գնորդների միջոցով։ Այդպիսի բազմաթիվ փորձեր կան։ Իհարկե, որոշները, հատկապես նրանք, որոնք ունեն մի քանի գնորդ, իրենք պատմականորեն են հանգել մի քանի գնորդի համակարգին։ Օրինակ՝ Գերմանիայում, որտեղ պատմականորեն ստեղծվել են այդ ֆոնդերը, հիմնադրամները, որոնք տրամադրել են առողջապահության ապահովագրություն իրենց ժողովրդին։ Հետագայում դա արդեն դարձել է պարտադիր սոցիալական ապահովագրություն, որը ներկայացնում է հիմնական ծառայությունների բազային փաթեթ։ Այսինքն՝ բոլոր երկրներում էլ սահմանվում է ծառայությունների հիմնական բազային փաթեթ, որը տրամադրվում է պարտադիր հիմունքներով, որպեսզի կառավարվեն այս ձախողումները, և այն կարող է լինել ինչպես մեկ գնորդի, այնպես էլ մի քանի գնորդի համակարգում»,- հավելեց Վարդուհի Պետրոսյանը։