
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: «Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կառավարությունը ս.թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- ասված է «Սանիթեքի» հայտարարության մեջ:
Ընկերությունը, հավատարիմ իր գործելաոճին, մեղադրանքի սլաքները շարունակում է ուղղել Երևանի քաղաքապետարանին՝ միևնույն ժամանակ լավատեսություն հայտնելով աղբահանության կազմակերպման ոլորտում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը որպես լիազոր մարմին ճանաչելու որոշման առնչությամբ։ Ի՞նչ կփոխվի այդ որոշման արդյունքում, արդյոք այսուհետ «Սանիթեքը» վերջապես կկատարի՞ իր պարտավարությունները, և կլուծվի՞ աղբահանության խայտառակ հիմնախդնիրը՝ ցույց կտա ժամանակը։
«Սանիթեքի» խնդիրն իրականում միայն առաջին հայացքից է վերաբերում Երևանի աղբահանությանը։ Ավելի լայն իմաստով, այս ընկերությունը մոդելային կերպով արտացոլումն է օրինականության, իրավականության քողի տակ կիրառված այն մեխանիզմների, որոնցով նախկին իշխանությունները մսխել են պետական միջոցները։ «Սանիթեքը» այդ նպատակով ստեղծված ընկերություններից մեկն է միայն, պարզապես նրա գործունությունը, իսկ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ անգործությունը, տեսանելի է բոլորի համար։
«Սանիթեքը» ընկերությունը, ֆորմալ առումով լինելով օտարերկրյա կազմակերպություն, իրականում ամենատարբեր թելերով կապված է նախկին իշխանության, այդ թվում՝ քաղաքային իշխանության պաշտոնյաների հետ։ Այս ճանապարհով են, ինչպես նշեցինք, պետական միջոցները դարձել մասնավոր՝ գնալով սկզբում «Սանիթեքի», ապա՝ քաղաքային իշխանության ղեկավարության գրպանները։ «Սանիթեքը», սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, միայն տնտեսական պրոյեկտ չէ. Նախկին իշխանությունը «Սանիթեքի» անգործության, փաստացի սաբոտաժի միջոցով փորձում է լուծել նաև քաղաքական խնդիրներ՝ ամռան սեզոնին աղբահանության խայտառակ վիճակով հեղինակազրկելով քաղաքային իշխանությանը, ընդհանուր առմամբ իշխանությանն ընդհանրապես։
«Սանիթեքի» պայմանական մոդելով Հայաստանի նախկին իշխանությունները ստեղծել են տասնյակ, հարյուրավոր ընկերություններ ամենատարբեր ոլորտներում՝ ճանապարհաշինությունից մինչև հանքարդյունաբերություն, պետական գնումներից մինչև առողջապահություն։ Իսկ դա նշանակում է, որ նախկին իշխանությունը ցանկացած պահի այդպիսի ընկերությունների միջոցով, նրանց աշխատանքի դադարեցմամբ կամ խափանմամբ, կարող է սաբոտաժներ հրահրել գրեթե բոլոր ոլորտներում։ Այնպես որ, «Սանիթեքի» օրինակը պետք է ահազանգ լինի գործող իշխանության համար։
Քրեաօլիգարխիա կոչվածը միայն մականունավոր մի քանի օլիգարխներն ու նրանց ընկերությունները չեն։ Քրեաօլիգարխիան բազմաշետ, բազմագործոն համակարգ է, որը տասնամյակներ շարունակ քաղցկեղի նման թափանցել է պետության ու հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներ։ Այսօր էլ օլիգարխիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Գործող իշխանությունն անցած մեկուկես տարիների ընթացքում որևէ համակարգային, ինստիտուցիոնալ քայլ չի կատարել՝ փոխելու համար Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու մոդելը, ինչի արդյունքում, կրկնում ենք, օլիգարխիան շարունակում է մնալ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Եվ ուրմեն, մինչև չկատարվեն այդ համակարգային, ինստիոտուցիոնալ քայլերը, «Սանիթեքի» նման դեպքերը կարող են հաջորդել մեկը մյուսին։ «Սանիթեքը» փաստացի սպառնալիք է դարձել Հայաստանի իշխանության և հասարակության համար, նրա տարածած վերջին հայտարարությունն, ըստ էության, այդ սպառնալիքի տրամաբանության շրջանակներում է՝ չնայած լավատեսսական նոտային։ «Սանիթեքը», սակայն, «վաստակել» է Հայաստանի իշխանության ու հասարակության հետ սպառալիքի լեզվով խոսելու իրավունքը, քանի որ այն քրեաօլիգարխիայի բաղկացուցիչն է, որը հեղափոխությունից հետո էլ շարունակում է վայելել Հայաստանի տնտեսությանն ու հասարակությանը կեղեքելու մենաշնորհային-օլիգարխիկ արտոնությունը։