Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այդ մասին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում՝ գրում է RIA Novosti-ն:
«Երկարատև բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաևի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովը և Կունդուզ Ժոլդուբաևան»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, ինչի հետևանքով նրանց հաջողվել էր ներխուժել նրա նստավայրի տարածքը:
Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաևի ձեերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:
Ըստ վերջին տվյալների՝ գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ուժերի մի մարտիկ, տուժել է 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով: