Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն և ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին: Այդ մասին տեղեկացնում է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ գրում է TASS-ը:
«Այս օրը մեծ ցավ, անբուժելի վերք է մեզ համար: Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև»,- ասել է Բախտաձեն: Զոհված զինվորների հիշատակը հարգել են նաև արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարները, վրացական կառավարության այլ անդամներ: Լույս օգոստոսի 8-ի գիշերվանից վարչապետի կարգադրությամբ օգոստոսյան իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ խոնարհված են կառավարության վարչակազմի շենքի, նախագահական պալատի, խորհրդարանի և վարչական այլ շենքերի դրոշները: Վրացական կողմի տվյալներով՝ 2008 թվականի զինված հակամարտության հետևանքով զոհվել Է 407 մարդ, այդ թվում՝ 169 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից, 224 քաղաքացիական անձ: Տուժել և վերքեր է ստացել ավելի քան 1,7 հազար մարդ: 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտությունից հետո Աբխազիան և Հարավային Օսիան անկախություն հայտարարեցին Վրաստանից: ՌԴ-ն ճանաչեց նրանց անկախությունը և քանիցս հայտարարել է, որ այդ որոշումը վերանայման ենթակա չէ: