Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Հայաստանն օգտագործում է իր գյուղատնտեսության պոտենցիալի առավելագույնը 30 տոկոսը

1in.am-ի զրուցակիցն է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարության գյուղատնտեսության հարցերով ավագ պաշտոնյա, «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանը» ծրագրի տեխնիկական պատասխանատու Ավետիք Ներսիսյանը:

-Ի՞նչ գործունեություն է ծավալում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը տարածաշրջանում և հատկապես Հայաստանում:

– Այս տարածաշրջանում ՊԳԿ-ն աշխատում է արևելաեվրոպական, բալկանյան, միջինասիական ու Անդրկովկասի երկրների հետ: Սովորաբար ԵՄ երկրները ՊԳԿ-ից աջակցություն չեն ստանում, սակայն տարածաշրջանային խնդիրների դեպքում ՊԳԿ-ն աջակցում է նաև նրանց: Հայաստան-ՊԳԿ համագործակցության ուղղորդող փաստաթուղթը Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակն է (ԵԱԾՇ): Ներկայիս ԵԱԾՇ-ն, որը նախատեսված է 2016-2020 թթ. համար, ներառում է երեք առաջնահերթ ոլորտ` ՊԳԿ համագործակցությունը ուղղորդելու և Հայաստանի կառավարությանը աջակցելու նպատակով: Այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող է տրամադրել ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը:

-Աշխարհում բոլոր հարաբերություններում էլ մարդկային գործոնի դերակատարությունն էական է: Դուք տևական ժամանակ այդ համակարգում եք: Ինչպիսի՞ն է Ձեր դերը Հայաստանին վերաբերող ծրագրերի ընդառաջման, գումարների տրամադրման և նման հարցերում:

-Նախկինում ես աշխատում էի տարածաշրջանային գրասենյակում որպես գյուղատնտեսության հարցերով պատասխանատու և Հայաստանում բավականին ծրագրեր են իրականացվել իմ կողմից համակարգվող ծրագրային պորտֆելի շրջանակում: Շուրջ մեկ տարի է՝ տեղափոխվել եմ ՊԳԿ Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարություն և աշխատում եմ որպես գյուղատնտեսության հարցերով ավագ պաշտոնյա: Համակարգում եմ ֆիտոսանիտարիայի ստանդարտների մշակման բաժինը, որը ստանդարտներ է մշակում բոլոր երկրների համար: Միաժամանակ, հաշվի առնելով ֆիլոքսերայի խնդրի կարևորությունը երկրի համար, շարունակելու եմ օժանդակել Հայաստանի Հանրապետությանը ֆիլոքսերազերծ տնկանյութի արտադրության գործում՝ մինչև ծրագրի ավարտը: Այս պահին մեծ դերակատարություն չունեմ տարածաշրջանի հետ կապված որոշումներ կայացնելու հարցում, սակայն հաշվի առնելով իմ փորձը և մասնագիտական կարողությունները, փորձում եմ ցույց տալ այն ուղիները և ուղղությունները, որոնք հնարավորություն կտան շատ կարճ ժամանակում ֆինասական աջակցություն ստանալ:

-Իսկ ֆիլոքսերայի դեմ պայքարի հարցերո՞ւմ:

-Բոլոր երկրները ֆիլոաքսերայի խնդիրը ինչ-որ չափով լուծել են: Արարատյան հարթավայրի համար դա նոր խնդիր է: Խնդրի լուծման միակ արդյունավետ պայքարը ֆիլոքսերազերծ տնկանյութի արտադրությունը և այգիները այդ տնկանյութով հիմնելն է:

Ինչքան շուտ դա անենք, այդքան ավելի արագ կարող ենք նվազեցնել ֆիլոքսերա վնասատուի ազդեցությունը: Զուգահեռ, պետք է նաև ներդրվի տնկանյութի հավաստագրման համակարգ, իսկ այդ ամբողջ գործընթացը լիարժեք կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 10-12 տարի: Ներկայումս Հայաստանում քիչ թե շատ հանգիստ են վերաբերվում տիրող իրավիճակին, քանզի ֆիլոքսերան դեռևս չի տարածվել խաղողագործությամբ զբաղվող բոլոր տնտեսություններում: 5-6 տարի հետո պատկերը կարող է լինել այն, որ վնասատուի հասցրած վնասի պատճառով բերքատվության կտրուկ անկում գրանցվի, իսկ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում խաղողագործության ապագան կարող է վտանգվել: ՊԳԿ-ն ծրագրի շրջանակներում համապատասխան կարողություններ է ստեղծում, բայց շատ հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Օրինակ՝ ի՞նչ սորտի խաղող ենք ուզում աճեցնել, այգեթաղի խնդիրները և բազում նմանատիպ հարցեր, որոնք դեռևս հստակեցված չեն:

Ֆիլոքսերային նվիրված համաժողովում մասնագիտական քննարկումներին մեր պատասխանատուներն ավելի անտեղյակ էին հայաստանյան իրավիճակին, քան միջազգային մասնագետները:

-Դրսի փորձագետը խնդիրը դիտում է օբյեկտիվորեն, և պետք է հաշվի առնել նաև նրա երկարամյա փորձը այդ բնագավառում: Մեզանում քանի դեռ ակնհայտ խնդիր չի առաջացել, ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվել, կառավարությունը հանգիստ է:

Նույնը վերաբերում է նաև խաղողագործներին, վերամշակողներին, և նրանք գիտեն, որ ֆիլոքսերայի խնդիր կա, բայց կարծես դա իրենցից հեռու է, ու այս պահին չեն անհանգստանում:

Խաղողագործ գյուղացին չի պատկերացնում դրա վտանգը, բայց կառավարությունում մարդիկ են, ովքեր պարտավոր են դա պատկերացնել: Ընդ որում՝ ոչ միայն ֆիլոքսերայի առումով, այլև ամբողջ ագրոարդյունաբերության և ընդհանրապես երկրի տնտեսությանը հասցվելիք վնասի:

-Դա իրոք լուրջ խնդիր է: Իմ միակ բացատրությունը վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններն են, և ժամանակ է պետք, որպեսզի պաշտոնյաները ճիշտ պատկերացնեն, ու խնդրին համապատասխան լուծում տրվի:

Պաշտոնյաների չպատկերացնելը մի կերպ կարելի է հասկանալ: Բայց օրեր առաջ գյուղատնտեսության փոխնախարարը ֆիլոքսերայի տարածման վերաբերյալ ասում էր, որ գինու գործարանատերերի կեսը պնդում են, որ խնդիրը կա, կեսը՝ որ չկա: Տարիներ առաջ էլ ֆիլոքսերայի գծով չեխ մասնագետը ասել էր, որ հինգ տարի հետո այստեղ խաղողի այգի չի լինի, բայց կա ու գրեթե չի նվազել: Այդպես էր մեկնաբանում փոխնախարարը, ինչը կարելի է հասկանալ որպես պետության պաշտոնական տեսակետ: Մինչդեռ օրեր անց Երևանում միջազզգային եռօրյա համաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայաստանում ֆիլոքսերայի դեմ պայքարի ծրագրերի մշակմանը: Եվ համաժողովին նախարարությունը ներկայացված էր ընդամենը վարչության պետի մակարդակով, ինչը նշանակում է, որ սա որպես լուրջ խնդիր չեն ընդունում:

– Կարծիքներն իրարամերժ են, բայց կա իրական վտանգ, և մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու այն: Եթե արտադրենք ֆիլոքսերազերծ տնկանյութ, դրանով ոչինչ չենք կորցնի՝ շահելուց բացի: Այգի հիմնելը երկարաժամկետ ներդրում է, այդ պատճառով պետք է անել ամեն ինչ ֆիլոքսերայի վտանգը բացառելու համար: Եթե անում ենք որոշ ներդրումներ և այգին հիմնում ենք ֆիլոքսերադիմացկուն տնկանյութով, սակայն միևնույն ժամանակ ֆիլոքսերան չի տարածվում (ինչի հավանականությունը շատ փոքր է), կորցնում ենք ներդրված գումարը: Եթե չենք անում ոչինչ, ու ֆիլոքսերան տարածվում է, կորցնում ենք ամեն ինչ: Ո՞րն է ավելի ընդունելի:

Մյուս կողմից, եթե պնդում են, որ ֆիլոքսերան չի տարածվում, պետք է գիտականորեն ապացուցեն դա: Իսկ մինչ այդ պետք է պարբերաբար մշտադիտարկում իրականացվի, հաշվարկներ կատարվեն տարածման մասշտաբները ճշտելու համար: Նման դեպքերում աշխարհում ռիսկ-անալիզ հասկացությունն է գործածվում:

Մեկ ուրիշ խնդիր է խաղողի կոլեկցիոն այգու պահպանման հարցը: ՊԳԿ-ի կողմից հիմնադրվել է կոլեկցիոն այգի, որտեղ հավաքագրվել են խաղողի ավելի քան 290 սորտեր և ձևեր, ինչը մեծ հարստություն է նույնիսկ ամենահզոր երկրների համար:

Սակայն այն վտանգված է, քանի որ ֆիլոքսերայի վարակի վտանգ կա այդ այգու համար ևս: Այդ նպատակով անհրաժեշտ է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը կանխելու համար: Մտադրություն կա այգին Հայաստանի ազգային ագրարային համալսարանին փոխանցելու, և հույս ունեմ, որ վերջինս ճիշտ մոտեցում կցուցաբերի՝ հատկապես նոր սերնդին, ուսանողներին ակտիվորեն ընդգրկելով գիտական աշխատանքներում:

Համալսարանի խաղողագործության ամբիոնում մեկ դասախոս ունեն, վաղուց արտադրությունից կտրված ու 60-ն անց: Ո՞վ է անելու:

-Սա ևս լուրջ խնդիր է: Իտալիայից հրավիրել էինք պտղաբուծության մասնագետների, ովքեր օգնում էին էտի և մշակության այլ աշխատանքների օրինակելի ձևերի ներդրման հարցերում: Հանդիպումներ ունենալով ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսների հետ՝ իտալացի մասնագետները առաջարկեցին համագործակցություն սկսել ագրարային համալսարանի և Իտալիայի համալսարաններից մեկի հետ: Համագործակցությունը շատ լավ հնարավորություն կտա հայ երիտասարդ մասնագետներին Իտալիայում վերապատրաստվելու և փորձի փոխանակման համար:

– Ձեր գործունեության մեջ չի՞ մտնում հասկացնել մեր պատասխանատուներին, որ պետք է ոլորտում հստակ ու ապագային մղված ակտիվ քայլեր արվեն, «այլապես ուրիշներն են մեր հաշվին անելու»: Իսկ մենք ձախողում ենք ու ձախողելու ենք ամեն ինչ: Գյուղնախարարության երկու գերատեսչություններ չէին կարողացել ծրագրի համար նախատեսված գումարը բաժանել իրար մեջ, ինչի համար ոչինչ չէր արվել, ծրագիրը ձախողվել էր, գումարն էլ մնացել օդում կախված: Եվ դա՝ երեկ, հեղափոխությունից հետո:

-Երբ ծրագիր ենք իրականացնում, չգիտենք, թե գերատեսչական առումով որ մարմնի կարողությունները հզորացնենք, որպեսզի ծրագրի ավարտից հետո այդ կառույցը ապահովի շարունակականությունը: ՊԳԿ-ն ԵՄ կողմից ֆինանասավորող ENPARD ծրագրի շրջանակներում մշակել է Բույսերի ազգային գենետիկ ռեսուրսների ծրագիր: Մշակվելուց հետո այն ներկայացվեց կառավարությանը: Ծրագիրը ներառում էր մի շարք միջացառումներ: Հայաստանը անդամակցում է բույսերի գենետիկ ռեսուրսների միջազգային կոնվենցիային, որը նման բոլոր հարցերում օգնում է դիմող երկրներին: Ցավոք, մեր երկիրը մինչ օրս որևէ հարցով չի դիմել ու չի օգտվում այն հնարավորություններից, որոնք ստեղծվել են, կան: Հայաստանում չկա որևէ մարմին, որը պատասխանատու է գենետիկ ռեսուրսների պահպանության համար: ՊԳԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության լավագույն փորձի տարածման նպատակով՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծվել են ցուցադրական այգիներ, որպեսզի ֆերմերը տեսնի և կիրառի այդ տեխնոլոգիաները: Օրինակ՝ Երկրագործության գիտական կենտրոնում հիմնադրվել են խաղողի և ծիրանի ցուցադրական այգիներ: Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում ՊԳԿ-ն հիմնադրել է ցածրաճ հայկական սորտերի ծիրանենու այգի՝ ծածկված կարկտապաշտպան ցանցով: Ցածր ծառեր են, որոնց բերքահավաքը կազմակերպվում է մոտ երեք անգամ պակաս աշխատուժով՝ ի համեմատություն ավանդական ծիրանի այգիների: Նշված այգիների և՛ բերքատվությունն է բարձր, և՛ ստացված բերքի որակը: Նման այգու պտուղների 80-90 %-ը բարձրորակ են և պիտանի շուկայահանման համար: Հետաքրքրություն կա՝ որտեղի՞ց նման տնկանյութ ստանալ: Դրա համար պետությունը պետք է խրախուսի նման տնկանյութի արտադրությունն ու այգիների հիմնումը: Պետք է հիմքեր ստեղծվեն, մեխանիզմներ մշակվեն: Հայաստանն ունի բավականին լուրջ պոտենցիալ և այսօր օգտագործում է այդ պոտենցիալի առավելագույնը 30%-ը: Իհարկե, վերջին տարիներին որոշ դրական զարգացումներ են նկատվում: Ինձ հաճելիորեն զարմացնում է նոր, ժամանակակից տեխնոլոգիրաներով հագեցված ջերմատնային տնտեսությունների ստեղծումը:

Ի՞նչ քայլեր կնշեիք, որ առաջնահերթորեն պետք է արվեն կառավարության կողմից, որպեսզի էլ ավելի ետ չմնանք: Հատկապես, որ ուշանում ենք:

-Նախ պետք է հասկանանք գյուղատնտեսության նախարարության դերակատարությունը: Նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, և կառավարությունը պետք է ստեղծի միջավայր բիզնեսի, մեր դեպքում՝ գյուղատնտեսության զարգացման համար: Հիմա ռազմավարության վրա են աշխատում, հուսանք, որ դրանում ուղղությունները հստակեցված են, և կառավարությունը համապատասխան քայլեր կանի ոլորտի բարելավման ուղղությամբ:

Լուրջ խնդիր է կարանտին և առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների դեմ պայքարի հարցը, որը երբեմն անհնար է: Դրա համար առավել քան հստակ միջոցառումների ցանկ պետք է մշակվի ու իրականացվի: Ֆիլոքսերայի պարագայում պետությունը շատ հստակ պետք է ստանձնի պարտականություն՝ արագորեն կազմակերպելու ֆիլոքսերազերծ տնկանյութի արտադրությունը: Պետք է ձև գտնի խրախուսելու, որ դա անի մասնավորը, սակայն այն պետք է վերահսկվի պետության կողմից, ներդրվի հավաստագրման համակարգ: Ֆիլոքսերայի առումով ՊԳԿ-ն արել է կարևորագույն բոլոր քայլերը, մնում է, որ Հայաստանի կառավարությունը ապահովի շարունակականությունը:

Վերջին տասնամյակում Հայաստանում խաղողի այգի գրեթե չի հիմնվում: Եվ դա՝ ոչ այն պատճառով, որ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է գյուղացիներին՝ հորդորելով չհիմնել, քանի որ ֆիլոքսերայի վտանգ կա: Նախարարությունը դա չի արել՝ չնայած պարտավոր էր անել: Պարզապես խաղողի այգի հիմնելը շատ թանկ է, իսկ պատվաստվածի դեպքում այն է՛լ ավելի է թանկանում: Արդյոք մասնավորը կգնա՞ այդ ռիսկին, երբ նման շուկա դեռ չկա, և իրավիճակն էլ ոգևորող չէ:

-Պետք է հստակեցնել, թե խաղողի վերամշակման ոլորտում ովքեր են այսօրվա հիմնական դերակատարները: Պետությունն էլ իր համար պետք է հստակեցնի՝ խաղողագործությունը իր երկրի համար ռազմավարական ճյո՞ւղ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա պետք է հստակեցվեն արվելիք քայլերը: Ունենք լուրջ վերամշակողներ, որոնց արտադրությունն էլ է վտանգված: Եթե, իհարկե, խոսքը տեղական հումքով արտադրված կոնյակի կամ գինու մասին է:

Ամենևին չի բացառվում, որ կընտրեն ամենակարճ ճանապարհը՝ գինու-կոնյակի օրենքից կհանեն «պարտադիր պետք է արտադրված լինի Հայաստանում աճեցված խաղողից» արտահայտությունը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

-Այդ դեպքում խնդիրն ուրիշ է: Մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում: Հուսով եմ՝ նման ճանապարհով չեն գնա: Այստեղ մեծ դերակատարություն ունեն վերամշակողները, և նրանք էլ պետք է մտահոգվեն ապագայի հետ կապված: Սա լուրջ խնդիր է: Այստեղ ամենակարևորը պետության հստակ մոտեցման առկայությունն է: Դրսից գինու կամ կոնյակի հումքի ներկրումը ևս լուծում է: Բայց դրանք բոլորովին այլ սորտեր են, որ արդյունքում հայկական գինի կամ կոնյակ չեն կարող կոչվել:

Ուզում եմ այլ կարևոր թեմայի անդրադառնալ: Հիմա ձմեռացման համար «թաղվում է» Հայաստանյան խաղողի 80-90 %-ը, ինչը աշխատատար է ու ծախսատար: Քայլեր պետք է արվեն սորտերի ցրտադիմացկանությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի չթաղվեն: Դա լուծվող խնդիր է: Պարզապես կառավարությունը գիտության առաջ խնդիր պետք է դնի: ՀՀ-ն անդամակցում է գենետիկ ռեսուրսների կոնվենցիային: Ունենք հնարավորություն՝ ստանալու գենետիկ ռեսուրսներ ամբողջ աշխարհից:

Հակառակ դեպքում Հայաստանը կարող է դա պատվիրել դրսի մեկ այլ գիտահետազոտական կենտրոնի: Այսօրվա համար իմ նշածները մեծ խնդիր չեն իրականություն դարձնելու առումով: Մենք լուրջ խնդիր ունենք գիտության երիտասարդացման առումով: Ոլորտում երիտասարդ գիտնականների լուրջ բաց կա: Այդ բացը լրացնելու համար առնվազն 10-15 տարի է պետք: Թերևս ամենառեալ ճանապարհը երիտասարդներին պայմանագրային կարգով արտերկիր ուղարկելն է, որ հետո վերադառնան ու առնվազն 5 տարի Հայաստանում աշխատեն գիտության բնագավառում: Այլ երկրները նման մեխանիզմների կիրառման շնորհիվ կտրուկ առաջընթաց արձանագրեցին: Ավելի էժան ու հեշտ լուծումներ էլ կարելի է գտնել: Բայց մոտեցումների հստակություն պետք է լինի:

Ի՞նչ հստակության մասին կարող է խոսք լինել, երբ վերջին 17-18 ամիսներին 4 գյուղնախարար է փոխվել:

– Իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանը գյուղատնտեսության նախարարություն ունենար: Այստեղ խնդիրը կարող էր դրվել այլ կերպ՝ միացվեին գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման, այն է՝ տարածքային կառավարման նախարարությունները:

Որպես կանոն, կառավարությունը, սննդի անվտանգության տեսչությունը իր ուշադրությունը կենտրոնացրել է դրսից ներկրվող սննդի վրա: Մինչդեռ անցած տարի լոլիկի ցեցի դեմ պայքարի առումով մարդիկ երկու-երեք օրը մեկ պարբերականությամբ քիմիկատ էին կիրառում ու հաջորդ օրը բերքը հանում շուկա: Արարատյան դաշտում 13-15 օրը մեկ պարբերականությամբ խնձոր է սրսկվում, ու այդ միրգը մտնում է շուկա: Քիմիկատների որակի, դրանց կիրառման ագրոտեխնիկայի և այլնի մասին ընդհանրապես խոսք չկա, որովհետև գրեթե ոչ ոք ագրոտեխնիկայի կանոններին ծանոթ չէ, առավել ևս՝ թունաքիմիկատների կիրառման նորմաներին ու տեխնոլոգիաներին: Մի կողմից խոսում ենք էկոլոգիապես համեմատաբար մաքուր երկիր լինելու մասին, մյուս կողմից՝ նման սնունդ ենք օգտագործում: Ոչ մի խորհրդատվություն, առավել ևս վերահսկողություն չկա:

-Դրսում այս առումով բավականին հեշտ լուծում են գտել: Զարգացած երկրներում մոնիտորինգ է իրականացվում թե՛ սրսկման ժամկետների, թե՛ սրսկիչների, ազդող նյութի, քիմիկատի վտանգավորության չափի, դրանց քայքայման արագության, պտղում քիմիկատի մնացորդային քանակի համապատասխանության և այլ պարամետրերը ճշտելու ուղղությամբ: Դրա համար մեզանում էլ պետք է վերահսկողություն լինի: Հայաստանում, ցավոք, դեռևս չկան մեխանիզմներ այդ գործընթացը վերահսկելու համար:

2020 թվականը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է բույսերի առողջության միջազգային տարի: Նման հնարավորություն մեկ անգամ է լինում, և դա կարելի է օգտագործել Հայաստանում իրազեկությունը բարձրացնելու համար: Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարությունը պատրաստ է Հայաստանին օժանդակել իրազեկության բարձրացման հարցում:

Հայաստանի խնդիրն այն է, որ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական, բարձր որակի խորհրդատվություն ապահովողների քանակը քիչ է: Հայաստանի պարագայում բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է, թերևս բացառությամբ ՏՏ ոլորտից: Բայց սրանք խնդիրներ են, որ շուտ թե ուշ՝ լուծվելու են: Հարցը շուտ լուծելու մեջ է, որ կարողանանք արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում