Վերջին տվյալների համաձայն, սիբիրյան տայգայում հրդեհների տարածքն արդեն մոտ երեք միլիոն հեկտար է կազմում:
Մոտ 50 շաման է մասնակցել թայլագան ծեսի արարողությանը, որն այսօր անցկացվել է Բայկալում, Օլխոն կղզում: Նրանց թվում են եղել ինչպես տեղացիներ, այնպես էլ այցելուներ Գերմանիայից, Մոնղոլիայից և Լեհաստանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալության զրուցակիցը շամանների «Թենգերի» միջտարածաշրջանային կազմակերպությունից պատմել է, որ տեղում «շատ հզոր էներգետիկա է եղել»:
Շամանների կատարած զոհաբերություններն ուղղված են եղել բնական աղետների դադարեցմանը: Ինչպես պարզաբանում է ՏԱՍՍ-ը, ծեսը ավանդաբար ներառում է նախապատրաստում, նվերների մատուցում և երջանկության ու հաջողության կոչում: Մինչև ծիսակարգը սկսելը, շամանները և հավատացյալները իրենց առջև դրել են զոհաբերության համար նախատեսված մթերքը՝ կաթ, օղի, թեյ և քաղցրավենիք: Հիմնականը սակայն խոյի միսն է: Սննդամթերքի մի մասը մարդիկ թողել են որպես նվեր տեղական ոգիներին: Իսկ մնացածը նրանք կուտեն տանը և դրանով իսկ, նրանց կարծիքով, հաջողությունը կգրավեն իրենց կողմը:
Հրդեհների հետ կապված ամենադժվար իրավիճակը այժմ Սիբիրում է՝ Բուրյաթիայի, Յակուտիայի, Կրասնոյարսկի երկրամասի և Իրկուտսկի շրջանի տարածքում:
Բացի այդ, վերջին ջրհեղեղի հետևանքները որոշ շրջաններում դեռևս չեն վերացվել: