Մի քանի օր է, ինչ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են արտագաղթի վտանգավոր չափերի մասին: Այսօր «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանից փորձեցինք պարզել՝ այդ մտահոգությունը բավարա՞ր է, և այս պարագայում ի՞նչ պիտի արվի:
Նրա խոսքերով, միակ միջոցը Հայաստանում նորմալ պետություն ունենալն է: Իսկ այս պահին այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանք չի տարվում, այլև ճիշտ հակառակ գործընթացն է իրականացվում: «Արտագաղթը չի կանխարգելվի, այլ ընդհակառակը՝ կքաջալերվի: Նրանց խոսելը ոչ միայն բավարար չէ, այլ ավելին՝ ես չեմ կարծում, որ նրանք նույնիսկ արտագաղթը կանխելու նպատակ ունեն»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:
Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված նրանց ելույթները արտագաղթի վերաբերյալ՝ նշեց, որ նրանք միշտ փորձել են կոծկել, պահել արտագաղթի երևույթը: Սակայն ներկա պահին այլևս հնարավոր չէ ահագնացող արտագաղթի առկայությունը կոծկել:








































