Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե Փաշինյանի դարաշրջանի Երևանը կոշտ խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին՝ դա կարող է ընկալվել որպես մարտահրավեր

«Տեսականորեն մեկ ելք կա՝ ՀԱՊԿ-ը, Թուրքիայի և Իրանի օգնությամբ, ապահովի ամբողջ այս ռեգիոնի անվտանգությունը։ Այդ դեպքում ամբողջ Ղարաբաղը կծածկվի անվտանգության ընդհանուր համակարգով»։

Նախորդ շաբաթվա վերջին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպերը, ադրբեջանական զինուժի ռազմական նոր ոտնձգությունները, որոնց հետևանքով ՀՀ Զինված ուժերի պայմանագրային զինծառայող սպանվեց, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, Հայաստանի հանրային-քաղաքական քննարկումների օրակարգում կրկին ակտիվացրին երկրի անվտանգության ապահովմանն ու, մասնավորապես, հայ դիրքապահների անվտանգությանը, ադրբեջանական կողմին ռազմականապես զսպելու խնդրին վերաբերող մի շարք հարցեր։ Տավուշի մարզի սահմանային գոտում տեղի ունեցածը դժգոհության ու վրդովմունքի լուրջ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Ոմանք դժգոհում էին երկրի քաղաքական ղեկավարությունից, ոմանք՝ պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարություններից՝ ասելով, թե այս գերատեսչությունների հայտարարությունները տեղի ունեցածի վերաբերյալ բավարար չափով կոշտ չէին։ Որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ էլ նկատեցին, որ ինչպես անցյալում, այնպես էլ այս անգամ ոչ մի կերպ չարձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին Հայաստանն անդամակցում է ու որը, կարծես թե, որոշակի պարտավորություններ ունի մեր երկրի հանդեպ անվտանգության ոլորտում։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն) հիշեցրեց 1992 թ․ մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթները․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հայաստանը 1992 թ․ մայիսից ՀԱՊԿ անդամ է: Իսկ եթե ավելի ստույգ լինենք՝ Հայաստանը 92 թվականի մայիսի 15-ին ստորագրված Պայմանագրի մասնակիցներից է։ Հետագայում՝ 2002 թ․ մայիսի 14-ին Մոսկվայում որոշում ընդունվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը վերափոխելու լիարժեք միջազգային կազմակերպության և այն վերանվանելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)։ Բայց սա չէ էականը։ Էականն այն է, որ մինչ օրս Պայմանագրի վերոնշյալ դրույթը գործնականում չի կիրառվել ՀՀ անվտանգության սպառնալիքներին դիմագրավելու կամ Հայաստանին ռազմական կոնկրետ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Եվ այնպես չէ, որ Հայաստանը դրա կարիքն ընդհանրապես չի ունեցել։ ՀԱՊԿ-ն ու գործընկեր պետությունները անգամ քաղաքական աջակցություն չեն ցույց տալիս Հայաստանին մեզ համար ամենասկզբունքային ու կարևոր հարցերում։ ԱԺ պատգամավոր Ա․ Բաբաջանյանը այս հարցում առաջին հերթին մեղադրում է Հայաստանի նախկին ու ներկա կառավարություններին՝ ասելով, որ ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանությունները այդպես էլ այս հարցը ՀԱՊԿ օրակարգ չբերեցին։

«Ադրբեջանը կրկին կրակել է Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ։ Ադրբեջանի կողմից թիրախավորված այդ տարածքներն, այսպիսով, ՀԱՊԿ անդամ երկրի տարածքներն են և ամեն մի նման կրակոց ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու ոտնձգության դեպքում համարժեք գործողություններ իրականացնելու պարտավորություն ունեցող ՀԱՊԿ-ի դեմ։ Ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությունները այս հարցը այդպես էլ չեն բերել ՀԱՊԿ օրակարգ, ինչը մեր արտաքին քաղաքականության տկարության ու մերկության վկայություններից մեկն է, քանի որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ՝ վստահ լինելով, որ անգամ քաղաքական գնահատականի չի արժանանալու ՀԱՊԿ-ի կողմից, որը համարվում է Հայաստանի երաշխավորը։

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հնչած կրակոցին պետք է պատասխանեն ոչ միայն ու ոչ այնքան մեր զինված ուժերը, որքան դիվանագիտությունը, որը, սակայն, ի տարբերություն բանակի, հեռու է իրադարձություններին համարժեք արձագանքելու կարողությունից»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Բաբաջանյանը՝ անդառնալի կորստի համար ցավակցելով կիրակի օրը մարտական դիրքերում զոհված Արման Բուլղադարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Սովորաբար, երբ բախումներ, ռազմական սրացումներ կամ հրադադարի խախտումներ են լինում Արցախի սահմանին կամ, այսպես ասած՝ արցախա-ադրբեջանական շփման գծում, որը, ինչպես հայտնի է, պաշտոնապես չի համարվում Հայաստանի Հանրապետության սահմանը, և Հայաստանից լրագրողները, վերլուծաբանները կամ քաղաքական գործիչները դժգոհում են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը կամ ՀԱՊԿ գործընկերները չեն արձագանքում ադրբեջանական ագրեսիային, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները, ռուսաստանցի փորձագետները, հատկապես Կրեմլի խոսափողի դերը ստանձնած մարդիկ պատճառաբանում են՝ ասելով, թե գիտեք՝ ինչ, Լեռնային Ղարաբաղը ֆորմալ առումով Հայաստանի կազմի մեջ չի մտնում, իսկ ՀԱՊԿ-ը, ինչպես նաև Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, պարտավորվել է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության տարածքն ու սահմանները։ Մի կողմ թողնենք այն կարևոր ու առանցքային հանգամանքը, որ նման ձևականությունները, իրավական կամ ֆորմալ խնդիրները ոչ թե երկրորդական, այլ երրորդական, տասներորդական նշանակություն ունեն այնպիսի առանձնահատուկ ոլորտներում, ինչպիսիք անվտանգությունն ու պաշտպանությունն են։

Այստեղ առաջնայինն ու առաջնահերթը իրական քաղաքականությունն ու իրական շահերն են, սեփական երկրի ու ժողովրդի անվտանգությունը ապահովելու հրամայականը։ Այլ խոսքերով՝ ազգային անվտանգության հարցերին սովորաբար նայում են ոչ թե ֆորմալ տեսանկյունից, այլ ըստ էության։ Այդպես վարվում են թե՛ մեր բոլոր հարևաններն ու տարածաշրջանի երկրները, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ամերիկան ու մյուս տերությունները։ Բոլորն էլ գիտեն ու հասկանում են, որ Արցախը՝ ԼՂՀ-ն, Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է, Արցախը փաստացի Հայաստանի Հանրապետության մի մասն է, հետևաբար, Արցախի անվտանգության սպառնալիքները ամբողջ Հայաստանի անվտանգության սպառնալիքներն են։ Ասել է, թե ցանկացած հարված Արցախի անվտանգությանը հարված է նաև Հայաստանին։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ այս պարզ բանը Մոսկվայում ու ՀԱՊԿ-ի մյուս մայրաքաղաքներում չեն հասկանում։ Սա, իհարկե, քննարկման շատ ծավալուն թեմա է, որը կթողնենք մեկ այլ առիթի համար։

Բայց չէ՞ որ գոնե այս անգամ՝ ինչպես, ի դեպ, նախորդ տարիներին, հատկապես ամռան սեզոնին, թիրախավորվել է կոնկրետ ՀՀ տարածքը։ Չէ՞ որ սա ոտնձգություն է ՀՀ անվտանգության ու ինքնիշխանության հանդեպ։

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային առնչվող հարցերը մեկնաբանել է Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չարձագանքեց ՀՀ-ի հանդեպ իրականացված ռազմական ագրեսիային։ Այն, ինչ եղավ մի քանի օր առաջ, առիթ չէ՞, որպեսզի այս կազմակերպությունը միջամտի կամ գոնե արձագանքի, դատապարտի ռազմական սադրանքը դաշնակցի նկատմամբ։ Ի՞նչ բացատրություններ կան՝ բացի այն պատճառաբանությունից, թե Հայաստանն ինքը պիտի դիմի կազմակերպությանը համապատասխան խնդրանքով։

– Ռուսաստանում այս խնդրի մասին, բնականաբար, գիտեն։ Առավել ևս տեղյակ են այն փորձագետները, ովքեր զբաղվում են տվյալ ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս ամենը հետևանքն է այն բանի, որ իրավիճակը ղարաբաղյան գոտում, մեղմ ասած, անկայուն է՝ ընդ որում վաղուց։ Եվ ակնհայտ է, որ միայն Ռուսաստանի ջանքերը բավարար չեն իրավիճակը կայունացնելու համար։ Անհրաժեշտ է նաև միջազգային դիտորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությունը, բայց մենք նրանց կողմից, ցավոք սրտի, նման ակտիվություն չենք տեսնում։ Ուստի նրանք էլ պիտի իրենց վրա վերցնեն տեղի ունեցողի պատասխանատվության մի զգալի մասը։

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում բարձրացած դժգոհության ալիքի մասին ես նույնպես տեղյակ եմ։ Գիտեմ նաև Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչների, նույնիսկ առանձին մարդկանց դժգոհությունների մասին։ Դժգոհությունը ՀԱՊԿ-ից սաստկացել է դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, բայց հիմա այն մի քիչ այլ բնույթ է ստանում՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ուրույն դիրքորոշումն ունի պաշտպանական այս դաշինքին Հայաստանի մասնակցության մասին։ Բոլորն էլ գիտեն, որ նորմալ ռեժիմով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար ընտրելու հարցը մինչ օրս չի լուծվել։ Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, գրանցելով իր քաղաքացիների դժգոհությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, հաշվի է առնում նաև այս հանգամանքը։

Կան նաև այլ հանգամանքներ, որոնք էլ ավելի են բարդացնում խնդիրը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել է, որ ԼՂՀ-ն անկախ սուբյեկտ է, ինչն, ըստ երևույթին, նշանակում է նաև ԼՂՀ-ի և ՀՀ-ի բանակների՝ իրարից անկախ լինելը։ Այսպիսով, այս դետալները էլ ավելի բարդացրին հայ-ադրբեջանական դիմակայության պատկերը, քանի որ միայն մասնագետները կարող են գլուխ հանել, թե այդ դեպքում ինչ գործ ունեին Հայաստանի բանակի զինվորները Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Ու նույնիսկ այն դեպքերում, երբ խոսքը հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողների սպանության մասին է, կողքից նայելով՝ դժվար է ասել՝ կապվա՞ծ է դա ԼՂՀ-ի սահմանների հետ, թե՞ ոչ։ Առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ ադրբեջանական կողմն իր գնահատումն ունի այն մասին, թե որտեղով է անցնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանը, հայկական կողմը՝ իր։ Խառնված են սահմանները, խանված են բանակները։ Այս իրավիճակում շատ քիչ մասնագետներ կխորանան տեղանքի քարտեզի մեջ, որպեսզի հանգամանորեն հասկանան, թե ում և որ սահմանին է տեղի ունեցել հերթական ողբերգությունը։

Դրա համար էլ բոլոր հարցերն ուղղված են միջազգային դիտորներին, որոնք պարզ չէ՝ ինչով են զբաղված։ Ուղիղ կասեմ՝ եթե ես լինեի այդ դիտորդների թվում՝ Հայաստանը վստահաբար կլսեր իմ հստակ ու պարզորոշ գնահատականը տեղի ունեցողի մասին։ Պայքարեք հանուն նրա, որ ես ընդգրկվեմ այդ խմբի կազմի մեջ։ Ի դեպ, Ադրբեջանն էլ վաղուց դժգոհ է նրանցից, ուստի ակնհայտ է, որ դիտորդական խմբում փոփոխություններ անելու կարիք կա։

ՀԱՊԿ-ի արձագանքն աննկատ է բոլոր այս պատճառներով՝ ներառյալ ֆորմալ այն պատճառը, որի մասին նշեցիք դուք (որ ԼՂՀ-ն չի մտնում Հայաստանի կազմի մեջ)։ Ընդ որում, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն ավելի ակտիվ պիտի լինի, ու խնդիրն այն չէ, որ ԼՂՀ-ն չի մտնում Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Խնդիրն այն է, որ ապակայունացումը Հարավային Կովկասում շարունակում է զարգանալ։ Ու այս պարագայում այնպիսի ռազմա-քաղաքական դաշինքը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, այլևս չի կարող իրեն հեռու պահել տեղի ունեցող իրադարձություններին։ Այլապես նա կկորցնի իր ազդեցությունը, մինչդեռ իր ազդեցությունը աշխարհում տիրող անհանգիստ վիճակի պայմաններում, ընդհակառակը, պիտի աճի։ Եթե նա ակտիվ չլինի՝ ՆԱՏՕ-ն կզբաղվի այդ հարցերով։

Բացի դրանից՝ Հայաստանն էլ հաճախ ռազմատենչ հայտարարություններ է անում այն մասին, որ ունենալով ժամանակակից զինատեսակներ՝ հեշտությամբ կհասնի մինչև Բաքու, Կասպից ծով և այլն։ Բայց պարզ չէ, թե ինչո՞ւ նա ինքը չի պատասխանում ադրբեջանական բանակի լոկալ հարվածներին հայ-ադրբեջանական սահմանին։

Ինձ թվում է՝ եթե Նիկոլ Փաշինյանի դարաշրջանի պաշտոնական Երևանը կոշտ խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին՝ պարզելու, թե վերջապես ինչ է կատարվում, դա կարող է ընկալվել որպես մարտահրավեր, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ևս ՀԱՊԿ-ը մինչ օրս այդպես էլ չկարողացան գլուխ հանել՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում Հայաստանում 2018 թ․ մայիսի 8-ից հետո։ Սա իմ կարծիքն է՝ որպես փորձագետի։

– Ընդհանրապես, իրական քաղաքականության տեսանկյունից, մենք, իհարկե, հասկանում ենք՝ ինչ կշիռ ունի ՀԱՊԿ-ում Ռուսաստանը։ Մենք գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ ռուսական կողմը հանդես է գալիս որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող միջնորդ, ոչ թե որպես կոնֆլիկտի կողմերի մեկի դաշնակից պետություն։ Եվ, անշուշտ, կարելի է ենթադրել, որ Մոսկվայի այս մոտեցումը որոշակիորեն ազդում է ՀԱՊԿ-ի դիրքորոշման վրա։ Ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ-ը, որպես կանոն, շատ չեզոք և դիվանագիտական դիրքորոշում է արտահայտում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

Այդուհանդերձ, նման իներտ ու անատամ դիրքորոշումը տարօրինակ չե՞ք համարում։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ սա ոչ թե ինչ-որ մի քաղաքական միջազգային կազմակերպություն է, այլ ռազմական կառույց, որի առաքելությունը պիտի լինի իր անդամների պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից։ Չե՞ք կարծում, որ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը շատ հեռու է արդյունավետ, լուրջ, կայացած ռազմական դաշինք, իրական խնդիրներ լուծող կառույց դառնալուց ու առայժմ մնում է հետխորհրդային տարածքի այն ձևական կազմակերպություններից մեկը, որոնց հիմնական դերակատարումն, ըստ էության, մեկն է՝ ամրապնդել ու զարգացնել հետխորհրդային կառույցներին անդամակցող մյուս երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունները Մոսկվայի հետ։

– Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ անձամբ ես, որպես փորձագետ, միշտ էլ կողմ եմ եղել, որ ՀԱՊԿ-ը ակտիվ դիրքորոշումներ ցուցաբերի բոլոր հարցերում՝ սկսած 2010 թ․ ամռանը Ղրղզստանում տեղի ունեցած անկարգություններից, երբ Բիշկեկը օգնություն էր խնդրում այս կազմակերպությունից։ Չէ՞ որ հենց այսպիսի պրակտիկ հարցերում է ձևավորվում ցանկացած կազմակերպության, առավել ևս ռազմական կազմակերպության հեղինակությունն ու իմիջը։ Առավել ևս, ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը պիտի ունենա, ու այդ դիրքորոշումը կարող է էապես տարբերվել Մոսկվայի դիրքորոշումից, քանի որ Ռուսաստանը միայնակ չի ղեկավարում այս կազմակերպությունը։

ՀԱՊԿ-ում ստիպված են հաշվի առնել բոլոր անդամ-պետությունների կարծիքը։ Այլ խոսքերով՝ Մինսկի և Նուր-Սուլթանի (նախկին Աստանայի) դիրքորոշումներն այստեղ կարևոր դեր են խաղում։ Ընդ որում, մենք գիտենք, թե որքան զգույշ, նույնիսկ նյարդային են Հայաստան-Ղարաբաղ կապին վերաբերվում թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում։ Այդ զգուշավորությունը մի շարք բելառուսցի ու ղազախ փորձագետների տեսանկյունից ուժգնացավ այն բանից հետո, երբ ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանում ոչ այնքան հասկանալի ձևով փոխվեց իշխանությունը։ Օրինակ՝ Բելառուսի նախագահն այս առումով շատ հստակ է արտահայտվել։ Շատերն էլ կարծում են, որ ներհայկական գործընթացները խաթարել են ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ գտնվող ընդհանուր գոտու կայունությունը։

Հենց այս դետալներն էլ ձևավորում են ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։ Առավել ևս, որ թե՛ Մինսկը, թե՛ Նուր-Սուլթանը ակտիվորեն համագործակցում են Բաքվի հետ ռազմական ոլորտին չառնչվող բոլոր մյուս ուղղություններով։ Եթե Ադրբեջանի փոխարեն Հայաստանի հետ դիմակայության մեջ լիներ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների համար թշնամական երկիր, ապա այդ դեպքում Հայաստանն ավելի մեծ շանսեր կունենար ամրապնդելու իր դիրքերը։ Համոզված եմ, որ այս ամենը շատ լավ հասկանում են նաև Երևանում։

Դուք նաև գիտեք, որ Բաքուն էլ լուրջ դժգոհություններ ունի Ռուսաստանի Դաշնությունից։ Միայն Երևանը չէ, որ դժգոհ է ռուսական քաղաքականությունից։ Այս իրավիճակում տեսականորեն մեկ ելք կա։ Դա այն է, որ ՀԱՊԿ-ը, Թուրքիայի և Իրանի օգնությամբ, ապահովի ամբողջ այս հսկայական տարածաշրջանի՝ ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի մի մասի անվտանգությունը։ Բայց սա արդեն այլ հարց է։ Այդ դեպքում ամբողջ Ղարաբաղը կծածկվի անվտանգության ընդհանուր համակարգով։ Սակայն այդ պարագայում անհնար կլինի խուսափել բուն Ղարաբաղի շրջակա հողերի թեկուզ մի մասը Ադրբեջանին փոխանցելու գործընթացը սկսելու պայմանավորվածությունից, որովհետև այն ժամանակ արդեն Հայաստանին ոչինչ չի սպառնա։ Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը տեսություններից մեկն է։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պրոֆեսիոնալիզմին, ապա այն գործի մեջ կարող է ստուգել միայն մեկ իրավիճակ՝ պատերազմը։ Բայց չէի ուզենա, որ բանը դրան հասներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում