Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ Ալի Բաբաջանը իր կողմից ստեղծվելիք կուսակցության հիմնադիրների խորհուրդ է հրավիրելու չորս գործչի, որոնք ԱԶԿ-ի իշխանության օրոք նախարարի պաշտոն են զբաղեցրել:
Այս մասի հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:
Ալի Բաբաջանը շարունակում է նոր կուսակցություն հիմնելու գործընթացը: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում և ԱԶԿ-ական պատգամավորների հետ: Ըստ տեղեկությունների՝ Բաբաջանը ԱԶԿ կառավարության նախկին նախարարներ Էրքան Մումջուին, Քյուրշաթ Թյուզմենին, Նիմեթ Չուբուքչուին և Էրթուղրուլ Գյունային պատրաստվում է առաջարկել միանալ նոր կուսակցության հիմնադիրների խորհրդին:
Նոր կուսակցության հիմքում ընկած է լինելու այն քաղաքականությունը, որը ԱԶԿ-ը վարում էր իշխանության գալու առաջին տարիներին: Դա է պատճառը, որ Բաբաջանը կարևորում է աշխատել այն գործիչների հետ, որոնք այդ շրջանում իշխանության մաս են կազմել:
Ըստ տեղեկությունների՝ քաղաքական քննարկումների առարկա է դարձել նաև նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի անդամակցությունը հիմնադրվելիք նոր կուսակցությանը: