ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցավազքի դեմոկրատ մասնակիցների բանավեճի նախաշեմին ենթադրել է, որ Դեմոկրատական կուսակցությունից 2020 թ.-ի ընտրություններում նրա մրցակիցը կլինի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
«Հիմա ինձ թվում է, որ իմ մրցակիցը կլինի «քնկոտ Ջոն»: Կարծում եմ, որ նա կշրջանցի այդ գծը: Բայց այն, ինչ ես կարծում եմ, առանձնապես ոչինչ չի նշանակում: Ես գիտեմ մյուսներին (թեկնածուներին), գիտեմ նրան … Ինձ թվում է, դա կլինի «քնկոտ Ջոն»,- ասել է Թրամփը լրագրողներին հուլիսի 30-ին, Սպիտակ տան մոտ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Բայդենին անվանել էր «ոչնչություն՝ Դեմոկրատական կուսակցությունից», իսկ մինչ այդ՝ «մտավոր հետամնաց»:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2020 թ.-ի նոյեմբերի 3-ին: Քարոզարշավին արդեն միացել են ավելի քան 20 դեմոկրատ թեկնածուներ, այդ թվում՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Fox News-ի պատվերով հունիսի 16-ին անցկացված հարցման համաձայն Թրամփի հիմնական մրցակից Բայդենին պատրաստ է աջակցել ընտրողների 49 %-ը, իսկ Թրամփին՝ 39 %: