Թեհրանի նախկին քաղաքագլուխ և երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջը սպանելու համար: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Էսմայիլիին:
Ինչպես հայտարարել է դատական մարմինների ներկայացուցիչը, Նաջաֆին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է մահապատժի: Թեհրանի նախկին քաղաքագլխի կինը մայիսի վերջին գնդակահարվել էր Թեհրանի հյուսիսի էլիտային շրջանի բնակելի շենքում: Նաջաֆին ինքն է հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին և խոստովանել, որ սպանել է կնոջը, հայտարարելով, որ դա տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով: Նաջաֆին Թեհրանի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև Իրանի կրթության նախարարությունը և բարձրագույն կրթության նախարարությունը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: