«Ե՛վ ներքին, և՛ արտաքին պատճառներն ունեն տեխնիկական ծագում, և պետք չէ այդ հոսանքազրկման խնդիրն ուղղակիորեն կապակցել որոշակի քաղաքական գործընթացների՝ Տուսկի այցի և այլնի հետ: Պետք չէ փորձել ինտրիգ գտնել այնտեղ, որտեղ այն պարզապես չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Հայաստանում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկման պատճառներին:
Նրա խոսքով՝ խնդիրն ավելի խորքային է. «ՀՀ էներգետիկ համակարգը ունի խորքային ռեֆորմների հրատապ կարիք: Այս վթարին հանգեցրին տեխնիկական խնդիրները: Վարկածները երկուսն են. առաջինն այն է, որ ՀԱԷԿ-ը այժմ գտնվում է վերանորոգման, մոդեռնիզացման պայմաններում, և Հայաստանի էներգետիկ անվտանգության մոդելի համաձայն՝ երբ ատոմակայանը կանգնեցվում է վերանորոգման նպատակով, հիմնական գեներացիոն բեռն իրենց վրա վերցնում են ՋԷԿ-երը, մասնավորապես՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը և Երևանի ՋԷԿ-ը: Եվ քանի որ մենք գտնվում ենք էլէներգիայի սպառման պիկային ժամանակահատվածում, կարող ենք ենթադրել, որ այդ ջերմաէներգետիկ օբյեկտները պարզապես չկարողացան կատարել իրենց գեներացիոն գործառույթը՝ ապահովելով էներգետիկ կայուն մատակարարում»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի շուրջ 40 տոկոսը արդեն մոտ 40 տարի է, ինչ չի վերազինվել:
Վահե Դավթյանը երկրորդ տեխնիկական բաղադրիչ համարեց նաև իրանական համակարգում հնարավոր վթարը. «Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, և այն ժամանակաընթացքում, երբ Հայաստանից էլեկտրաէներգիա է արտահանվում դեպի Իրան, Իրանում տեղի ունեցած ցանկացած վթար կարող է անդրադառնալ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ սա շատ լուրջ ազդակ է առ այն, որ մի շարք ռազմավարական անվտանգային նշանակության ենթահամակարգերում անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգիայի սնուցման ավտոնոմ համակարգեր և մեխանիզմներ. «Ես առաջին հերթին նկատի ունեմ զինված ուժերը, որը ևս պաշտպանված չէ նմանատիպ վթարներից»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: