Սերժ Սարգսյանը որոշել է չմեկնել Լիսաբոն եւ չմասնակցել ՆԱՏՕ գագաթնաժողովին: ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Լիսաբոն չմեկնելու հիմնավորումն այն է, ինչ տրված է նախագահականի հաղորդագրության մեջ, ուրեմն` կայացրած որոշումը ճիշտ էր: «Եթե միջազգային հանրությունը հայտարարում է, թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների համադրման ու համաձայնեցման միջոցով, ապա նա իր ներկայիս գործելակերպով ցույց է տալիս, որ նման երաշխիք միջազգային հանրությունը չի տալիս եւ ԼՂ խնդիրը չի լուծվում այդ կոնտեքստում: Ուստի` ՀՀ իշխանությունները, անկախ նրանից, թե ով է, պետք է նման մոտեցում ցուցաբերեն եւ իրենց վերաբերմունքն արտահայտեն»,- նշեց պարոն Սաֆարյանը:
Նշենք, որ ըստ նախագահականի հաղորդագրության` Սերժ Սարգսյանը չի մեկնել հետեւյալ հիմնավորմամբ. «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»: