Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչև տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետևում է Եվրամիության հանձնարարականներին և մինչև տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում է, որ այս սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որոնք կապված են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ:
Հուլիսի 15-ին ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզոության պատճառով: ԵՄ-ի խորհուրդը որոշել է դադարեցնել բանակցություններն Օդային տարածության մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ, չեղյալ հայտարարել Ասոցիացիայի խորհրդի անցկացումը և 2020 թվականին կրճատել ֆինանսական օգնությունն Անկարային: Եվրամիության և Թուրքիայի միջև բարձր մակարդակով երկխոսությունը նույնպես դադարեցվել է:
Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում և բացառիկ տնտեսական գոտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: