Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հանեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Նիստի մեկնարկին, որը ղեկավարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ամփոփվեցին Եվրոպական երկրորդ խաղերի արդյունքները և դրանք գնահատվեցին բավարար: Ելույթ ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ով հանդես եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար հատուկ կազմկոմիտե ստեղծելու առաջարկությամբ: Այնուհետև ներկաների առաջ ելույթ ունեցավ և բռնցքամարտի ֆեդերացիայի հեռացման առաջարկ արեց Հրաչյա Ռոստոմյանը: Նա մի քանի կետով ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Ֆեդերացիա-ՀԱՕԿ «հակամարտությունը»: «Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի էր ունեցել խախտումներով»,-ասաց Ռոստոմյանը:
Այնուհետև ասամբլեայի ներկայացուցիչները քվեարկեցին և բռնցքամարտի ֆեդերացիան հանեցին ՀԱՕԿ-ի կազմից: Օլիմպիական կոմիտեին ժամանակավորապես անդամակցեց Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան: «Մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը բռնցքամարտի ազգային ֆեդերացիան կզբաղվի նախապատրաստական աշխատանքներով, սակայն ընդգրկված կլինեն երկու ֆեդերացիայի մարզչական կազմի ներկայացուցիչները»,-նշեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Մանրամասները՝ տեսանյությում