Բագրատաշենի անցակետում որոշակի կուտակումներ են եղել։ Պետք է աշխատակիցների, մաքսային տեսուչների թիվն ավելանա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն այս պահին գտնվում է Բագրատաշենի անցակետում և վերջինիս հաղորդմամբ այնտեղ ավելացել են ավտոներկրումների ծավալները. «Պետք է դրանց փաստաթղթերի նորմալ լինել-չլինելու ձևակերպումների ժամկետները փորձենք, անպայման, կրճատել։
Հնարավորինս արագ պետք է իրականացնել նաև զբոսաշրջիկների ձևակերպումները։ Նախատեսվում է նաև աշխատանքային լրացուցիչ տաղավար կառուցել», – ասաց պատգամավորը։
Միքայել Մելքումյանը նկատեց՝ ամբողջ օրը չէ, որ կուտակումներ կան։ Օրվա ընթացքում կան ժամեր, երբ այն բաց է։ «Փաստինֆո»-ի հարցին, արդյոք կան ավտոմեքենաներ, որոնք սպասում են նախատեսվածից երկար, գուցե օրերով, պատգամավորն ասաց. «Նայած, այդպես էլ է լինում։ Բեռնատար կա, որ իր փաստաթղթերը պետք է կարգավորի։ Մեկին տեսանք, ասաց՝ 2-3 օր է, ինչ այստեղ է։ Այստեղ գալու ճանապարհին 8-9 թրեյլեր (ավտոմեքենա տեղափոխող քարշակ) հանդիպեցինք, 5-6 թրեյլեր էլ այստեղ է կանգնած», – նշեց Մելքումյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ նորմալ վիճակում չի գտնվում նաև բուսասանիտարական լաբորատորիան, ինչը ևս լուրջ խնդիր է։ Արձանագրված խնդիրների մասին պատրաստվում է զրուցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։