Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները կապված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող այս գործողությունները կապված են պարոն Քոչարյանի գործի հետ, որեւէ կասկած առաջացնել չի կարող: Տեսեք՝ փետրվար ամսին եղել է մի քաղաքացուց հաղորդում հանցագործության մասին, էդ քաղաքացուց բոլոր նյութերը հավաքվել է, եւ էդքանից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, որից հետո դատախազությունում քրգործի հարուցումը մերժվել է: Էդ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ նոր, դատախազությանը անհայտ հանգամանքներ առաջ եկան, որ այն բանից հետո, երբ դատավոր Գրիգորյանը ազատ արձակեց պարոն Քոչարյանին, հանկարծ այդ քրեական գործը հարուցելու մասին որոշումը վերացվեց եւ այդ հաղորդման հիման վրա Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում սկսվեց»,- ասաց Ալումյանը: