Լուրեր
Կամ բիզնեսդ կտաս, կամ քեզ ու տղաներիդ «դեպորտ» կանեմ. Ինչպես է Սամվել Կարապետյանը սպառնացել գործարարին
  • 18:30
  • 2019-07-19
  • Դիտումներ՝ *

Մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է գործարար Վահե Պարազյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջադեպը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իրեն վերագրվողը բանսարկություն է:

Վահե Պարազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Կարապետյանների հետ միջադեպն ունի նախապատմություն։ Տարիներ առաջ իրենք Մոսկվայում շինարարական ընկերություններ են հիմնել, գործունեություն են ծավալել և մի փուլում որոշում են կայացրել մասնակցել «Գազպրոմ»-ի տենդերներին։ Մասնակցել են ու հաղթել ու մոտ երկու տարի ակտիվ գործունեություն են ծավալել, իրենց աշխատանքով արժանացել ընկերության կողմից բազմաթիվ շնորհակալական նամակների։
Սակայն մի փուլից Սամվել Կարապետյանը կանչում է Վահե Պարազյանի հորը՝ Աշոտ Պարազյանին և պայման դնում՝ տղաների բիզնեսը տալ իրենց ու հեռանալ, այլապես խոստանում է «դեպորտ» անել ամբողջ ընտանիքին Ռուսաստանի Դաշնությունից։ Աշոտ Պարազյանը, Վահե Պարազյանի խոսքերով, չի համաձայնում և դիմում է գրում և, իր դիմումի համաձայն, ազատվում է աշխատանքից։ «Հայկական մամուլը գրում է, որ հայրս սկանդալով է ազատվել աշխատանքից, խոշոր գումարների յուրացման համար, բայց հայրս ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, դա արձանագրված է նաև նրա աշխատանքային գրքույկում»,- ասաց Պարազյանը՝ հավելելով, որ բիզնեսը Կարապետյաններին չզիջելուց հետո իր նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվում։ Մասնավորապես, իր դեմ հաղորդում է ներկայացվում, որ 1.5 տարի առաջ ինքը մարդ է առևանգել։ Հայտնվել են իբր վկաներ, որոնք իրականում աշխատում են նույն «Տաշիր» ընկերությունում։

Պարազյանը պատմեց, որ անազատության մեջ եղած ամբողջ ժամանակ իրեն, ընտանիքին Կարապետյանները սպառնացել են և պայման դրել՝ վերադարձնել երկու տարվա մեջ աշխատած 10 միլիոն եվրոն, իսկ իրենք հրաժարվել են դա անել, քանի որ դա եղել է իրենց մատուցած ծառայությունների վճար։
Ազատության մեջ հայտնվելուց հետո Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան ու հեղափոխությունից հետո այստեղ սկսել բիզնեսով զբաղվել, բայց, նրա խոսքերով՝ հիմա էլ Կարապետյանները իրեն հանգիստ չեն տալիս։ Վերջերս հենց այդ պատճառով իրեն ծեծի են ենթարկել, Նարեկ Կարապետյանը կրկին պահանջել է այդ 10 միլիոն եվրոն՝ նշելով, որ «իրենցից չի պրծնի, քանի այդ գումարները չի վճարել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *