«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները փորձել են ապօրինի պայմաններ թելադրել կառավարությանը, ինչը կոշտ հակազդեցության է արժանանալու։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը զեկուցեց, որ բախումներից հետո այսօր արդեն ճանապարհը բաց է։ Ոստիկանության 6 աշխատակից շարունակելու է ամբուլատոր բուժումը։ Մովսիսյանը նաև հայտնեց, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։