Ադրբեջանական 1News.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են հուլիսի 15-ին Ստամբուլում կայանալիք Լիբիայի հարցով շփման խմբի առաջիկա նիստի մանրամասները։
Դավութօղլուն Քլինթոնին հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու այդ նստաշրջանին։ Նա Քլինթոնին իրազեկել է դեպի Բենղազի կատարած իր մեկօրյա այցի և լիբիական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։
Դավութօղլուն ու Քլինթոնը քննարկել են նաև տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ Թուրքիան Լիբիայից հետ է կանչել սեփական դեսպանին՝ Լիբիայի օրինական իշխանություն ճանաչելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդին։