Նոր գրանցված ընկերությունների թվերը վերլուծելու հիման վրա իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանը եզրակացության է եկել, որ բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով գրաֆիկ։
«Իմ կարծիքով՝ բիզնեսի կողմից տնտեսության գնահատման յուրահատուկ ազդակ է նաև գրանցված ֆիրմաների դինամիկան․․․ԱՆ կայքում հրապարակված պետռեգիստրի տվյալների հիման վրա մի իլյուստրատիվ գրաֆիկ եմ կազմել (վերցրել եմ այն հիմնական կազմակերպաիրավական տեսակները, որոնք միտված են բիզնես գործունեության), ինչը ցույց է տալիս, որ բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին։
Մասնավորապես, 2018թ հուլիսի համեմատ 2019թ հուլիսին շուրջ 14000-ով ավելի են գրանցվել Ա/Ձ, շուրջ 5800-ով ՍՊԸ, շուրջ 80-ով ՓԲԸ, իսկ ԲԲԸ-ը մնացել են անփոփոխ։ Միաժամանակ չմոռանանք, որ 2018թ հեղափոխությունից հետո «Երևան Սիթիում» արձանագրված Ա/Ձ-ի պատմությունը, ինչն Ա/Ձ-ի մասով, ըստ էության, 2018թ համար առաջին կիսամյակում ներկայացված Ա/Ձ-ի թիվը որպես համեմատման հիմք ավելի մեծ է, քան իրականում։
Հ․Գ․ Գիտեմ, որ ավելի որակյալ անալիզ անելու համար կարելի էր վերցնել ակտիվ հարկ վճարողների թիվը և այլն։ Վերլուծությանս մյուս մասը կներկայացնեմ վաղը»,- գրել է պատգամավորը։