Մասնագետները պնդում են, որ լողափին ալկոհոլային ըմպելիքներ խմելը վտանգավոր է առողջության համար: Պարզվում է, եթե մարդը ակոհոլ է օգտագործել և հայտնվել է արևի տակ, նրա մոտ մելանոմայի (մաշկի քաղցկեղ) զարգացման վտանգը բարձրանում է:
Բացի այդ, ալկոհոլի պատճառով մարդիկ սովորաբար իրենց ավելի անզգույշ են պահում և մոռանում են պաշտպանության մասին (արեւապաշտպան միջոցներ չեն օգտագործում, քնում են արևի ուղիղ ճառագայթների տակ): Մյուս կողմից ալկոհոլը կճրատում է արևի տակ անցկացնելու անվտանգ ժամանակը. այրվածքը սովորականից ավելի արագ է հայտնվում, պնդում է բժիշկ Ահարոն Ուայթը՝ National Institute on Alcohol Abuse and Alcoholism-ի ավագ գիտական խորհրդատուն:
Մասնագետները հետազոտության ընթացքում նաև պարզել են, որ ալկոհոլ խմելուց հետո մարդու օրգանիզմում նվազում է կարոտինոիդների մակարդակը, որոնք մրգերի և բանջարեղենի միջոցով հայտնվելով մեր օրգանիզմում, հակաօքսիդանտ ազդեցություն են թողնում՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով առաջացող վնասվածքներից:
Գիտնականները նշում են նաև, որ կանոնավոր ալկոհոլ օգտագործողների մոտ նվազեցված է բետա կարոտինի կոնցենտրացիան:
Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլը շղթայական ռեակցիա է առաջացնում, որն արդյունքում մաշկն ավելի զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
Սակայն մասնագետներին դեռ հայտնի չէ այդ գործընթացի կոնկրետ մեխանիզմը: